Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Տիգրան Թորոսյանը շատ մեծ հեղինակություն է վայելում ԵԽ խորհրդարանական վեհաժողովում»

«Տիգրան Թորոսյանը շատ մեծ հեղինակություն է վայելում ԵԽ խորհրդարանական վեհաժողովում»
27.01.2009 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՁԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պարոն Հարությունյան, շրջանառության մեջ է քրեական օրենսգրքի 300-րդ և 225-րդ հոդվածների փոփոխության հարցը: Կոնկրետ ի՞նչն է փոխվելու այդ հոդվածներում:
-Ըստ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի և համազեկուցողների, այդ հոդվածները հնարավորություն են ընձեռում տարածական մեկնաբանությունների: Դա չի նշանակում, որ օրենքն ինքնին վատն է, բայց եթե օրենքն այդպիսի հնարավորություն է ընձեռում, և չկա ձևավորված իրավական ավանդույթ, ուրեմն հարցադրումը բավականին լուրջ է. այն է` օրենքը գրել այն ձևով, որ հստակ տարանջատում լինի, մասնավորապես 300-րդ հոդվածի հետ կապված:
-Ասե՞լ է...
-Ասել է` քաղաքական հայացքների համար անձը չպետք է դատվի: Գործող օրենքը չի պարունակում հստակ ուղենիշներ, որպեսզի տարբերակվի անձի կարծիքի օրինական արտահայտումը բռնություններից կամ բռնի գործողություններից, ինչպես նաև այլ հանցագործություններից, ուստի հոդվածը փոխելու հարցադրումը խիստ ողջամիտ է:
-300-րդ հոդվածը փոխելու պահանջ եղել է 1609 բանաձևում, մինչ այդ պարոն Համմարբերգի առաջին զեկույցում էր այն «արտացոլվել»: Քաղաքական որոշ ուժեր մինչ այս ամենը նույն հարցադրումն էին պնդում։ Ինչո՞ւ մինչև այժմ չէիք փորձում «ողջամիտ» հարցադրմանը ողջամիտ «պատասխան» տալ:
-Ցանկացած աշխատանք նախաձեռնելուց առաջ միշտ էլ հնարավոր է հարցնել` իսկ ինչո՞ւ մինչև հիմա չէիք անում: Պատճառն այն է, որ բազմաթիվ այլ խնդիրներ կային, որոնցով զբաղվում էր Ազգային ժողովը: Այս անգամ այդ հարցը դարձել է հրատապ և առաջնային:
-Լրատվամիջոցներն անվերջ գրում էին, որ Դավիթ Հարությունյանը սենյակում փակվել, արագացված ռեժիմով և անչափ օպերատիվ 300-րդ հոդվածն է փոխում, ու հիմա որ Ձեր «դուռը բաց» էր, կարո՞ղ ենք ենթադրել, որ աշխատանքներն արդեն ավարտվել են:
-Ոչ, աշխատանքները մենք նոր-նոր ենք սկսել:
-Բա «նոր սկսումը» ո՞նց է արտացոլվելու ԵԽԽՎ-ում այսօր մեկնարկող քննարկումներում` 1609 բանաձևի կատարմանն սպասողների «համատեքստում»: Խոսակցություններ կան, որ հենց այդ փոփոխություններն են լինելու այն շոգեքարշը, որն օգնելու է Հայաստանին չզրկվելու ձայնից:
-Շատ սովորական։ Ամեն անգամ մենք ԵԽԽՎ-ին ենք ներկայացնում, թե ինչ աշխատանքներ ենք կատարել ու կատարում այս ընթացքում. լինեն դրանք ընդդիմության իրավունքների երաշխավորումը, հասարակական նախաձեռնությունները կամ ընտրական ու մնացյալ օրենսդրական բարեփոխումները:
-Բոլոր դեպքերում «սկսվող աշխատանքը» 300 և 225 հոդվածներում հնարավորություն կտա՞ ձերբակալված տղաներին առաջիկայում ազատել:
-Փոփոխությունների հիմնական նպատակը, ինչպես ասացի, իրավական որոշակիությանը և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է. այն ուղղակիորեն չի շաղկապվում կոնկրետ մեղադրանքի հետ: Այնուամենայնիվ, անուղղակիորեն, նման ցանկացած պարագայում, իհարկե, համաձայն սահմանադրության, դատախազը պետք է երկու թեստ անցկացնի. առաջինը` արդյո՞ք փոփոխություններից հետո մեղմացում է նախատեսվել այդ հոդվածով, թե՞ ոչ: Ինչը վերաբերում է ոչ միայն պատասխանատվության չափին, այլև հանցավոր արարքների շրջանակներին: Եվ երկրորդ, եթե առաջին թեստով պատասխանն «այո» է, ապա մեղադրանքը պետք է վերանայվի ու համապատասխանեցվի այդ նույն գործող օրենքին:
-Այսինքն` նորից բավականին լայնարձակ լուֆտ, մանևրի դաշտ է թողնվում «գործը նայողների», այլ կերպ` դատախազի համար, որպեսզի կրկին քաղաքական իրադրությունից, կոնյունկտուրայից բխող լուծումներ տրվեն առանց այն էլ այսքան երկար չարչրկված խնդրին:
-Ես Ձեր գնահատականի հետ համաձայն չեմ: Դա լոկ Ձեր մեկնաբանությունն է:
-Իսկ ահա թվում էր, որ իշխանությունն ավելի կամային է և որոշել է հարցը մեկընդմիշտ լուծել: Ի դեպ, ինֆորմացիա կար, որ այդ քայլերը շատ արագ պետք է իրականացվեն, և ԱԺ-ն շատ արագ ռեժիմով պետք է ընդունի քրօրի այդ փոփոխությունները. ի՞նչ ժամկետներում սպասենք դատախազի «թեստերի» արդյունքներին:
-Այս պահին պատրաստ չեմ պատասխանելու այդ հարցին, աշխատանքային խումբն իր աշխատանքները պետք է ավարտի մեկամսյա ժամկետում:
-Որից հետո ինչքա՞ն ժամանակ պետք կլինի:
-Կդժվարանամ ասել. հարցը գտնվելու է ԱԺ-ի տիրույթում, անցնելու է համապատասխան քննարկումներ, ընթերցումներ:
-Ստացվում է` մինիմում երկու ամիս ներքաղաքական լարվածությունը դեռ պետք է ուղեկցի հասարակությանը:
-Նորից եմ կրկնում, պետք չէ այդ փոփոխություններն ուղղակիորեն կապել հասարակական լարվածության կամ որևէ այլ խնդրի հետ և, մասնավորապես, ընթացող «յոթի» դատավարության հետ:
-ՈՒրեմն, այդ դեպքում, փակուղին, որում հայտնվել է «յոթի» դատաքննական ընթացքը, ի՞նչ հանգուցալուծում է ունենալու, ի՞նչ ուղիներ կան խնդիրը տեղից շարժելու:
-Լուծման տարբեր եղանակներ կան: Իհարկե, նման իրավիճակների հետ կապված` եվրոպական երկրներում տարբեր մոտեցումներ են կիրառվում, կարծում եմ` կառավարությունն այս պահին ուսումնասիրում է հնարավոր մոտեցումները, որոնք կիրառվում են եվրոպական երկրներում, և չեմ բացառում, որ այս առնչությամբ ևս օրենսդրական փոփոխություններ լինեն` դատավարական ընթացքի հետ կապված:
-Ներեցեք, Ձեր պրակտիկայում պատահե՞լ են «յոթի» գործընթացի նման փակուղիներ, երբ դատավորը գալիս է, տղաները ոտքի չեն կանգնում, դատավորը նիստը փակում է ու գնում, և այդպես` երկու-երեք ամիս:
-Չէ, դա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, համենայն դեպս, իմ օրոք ես չեմ հիշում նման բան:
-Պարոն Հարությունյան, Դուք աշխատել եք նաև «նախկինների» օրոք, ի՞նչ եք կարծում` այսօր «դատվողներն» իրենց իշխանության ժամանակ ինչպե՞ս կվարվեին նման դեպքում:
-Այն ժամանակ կար դատաիրավական այլ նորմ, որը վերացվեց 1999-ին։ Դատավորը հնարավորություն ուներ դատարանի դահլիճից հեռացնելու ամբաստանյալներին, եթե նրանք ձախողում են դատական գործընթացը:
-Դատավոր Մնացականյանն էլ ասաց` «կանեմ». իմա` կհեռացնեմ տղաներին ու դատավարություն կիրականացնեմ:
-Այսօրվա օրենսդրությունը նման հնարավորություն չի ընձեռում:
-Պարոն Հարությունյան, Դուք վերջերս հայտնվել եք, այսպես ասած, քաղաքական օրակարգի կիզակետում, մասնավորապես, Ռաֆիկ Պետրոսյանի ասուլիսից հետո, որի առնչությամբ լրատվամիջոցները գրեցին, թե «ասուլիսի» հետևում կանգնած էր ոչ անհայտ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Չի՜ լուծվում Ձեր և Աղվան Հովսեփյանի միջև առկա թնջուկը:
-Ես չեմ կարծում, որ որևէ միջանձնային խնդիր կա. հակառակը` կարծում եմ, որ ոչ մի խնդիր չկա: Միջանձնային: Մասնագիտական առումով, շատ բնական է, որ մենք կարող ենք որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենալ:
-Ո՞ր հարցերի շուրջ:
-Տարբեր: Բնական է` որքան մարդ, այնքան կարծիք: Տվյալ պարագան հենց այդ դեպքն է, որովհետև, կարծում եմ ընդունում եք` կարող են լինել տարբեր կարծիքներ տարբեր հարցերի շուրջ:
-Պարոն Հարությունյան, Դուք ծանո՞թ եք «յոթի» գործին։
-Ոչ: Մանրամասնորեն` ոչ:
-Կա տեսակետ, որ եթե դատական գործընթացն ընթանա, գործը դատարանում «կպայթի»։ «Կպայթի՞»:
-Հարցի վերաբերյալ մեկնաբանություններ տալ չեմ ցանկանում, մանավանդ որ խորապես չեմ տիրապետում գործին:
-Ձեր շուրջ ընթացող հաջորդ քաղաքական «գործընթացն» առնչվում է հետևյալին. եթե ԵԽԽՎ-ում Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, ապա Դուք կզրկվեք ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնից։ Նախ` շա՞տ կարևոր է Ձեզ համար այդ պաշտոնը:
-Ինձ համար ցանկացած աշխատանք առաջին հերթին աշխատանք է և ոչ պաշտոն:
-Կցավե՞ք, որ նման նախադեպ տեղի ունենա:
-Նախադեպը տեղի կունենա, նոր կմտածեմ:
-Վստահ եք, որ նման բան չի՞ լինի:
-Չէ, պարզապես այդ ուղղությամբ երբեք չեմ մտածել:
-Ճիշտ եք անում, մի մտածեք: Եվ, այնուհանդերձ, պարոն Հարությունյան, ի՞նչ եք կարծում` կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից. հաշվարկներն ի՞նչ են ասում, Ձեր ներքին «մտորումն» ինչպիսի՞ն է:
-Կդժվարանամ ասել:
-Ասում են` էնտեղ Դուք վատ եք աշխատել։ Համամի՞տ եք այդ կարծիքին։
-Տարբեր գնահատականներ կան այդ առնչությամբ:
-Ի՞նչ կարող էիք անել, որ, համաձայն Ձեր ընդդիմախոսների պնդումների, չեք արել:
-Հարցրեք ընդդիմախոսներին:
-Ասում են` կոնյակ-բաստուրմա չեք տարել: Իսկ եթե լուրջ. այս անգամ ինչպե՞ս եք աշխատելու ԵԽԽՎ-ում և, իհարկե, «ումո՞վ»:
-ԵԽԽՎ-ում մենք միշտ էլ շատ լուրջ խնդիրներ ենք ունենում արծարծելու. խնդիրներ, որոնք հուզում են մեզ, մեր երկրին, և մենք միշտ էլ բավականին լարված ենք աշխատում այնտեղ: Ես պատվիրակության անդամների աշխատանքից շատ գոհ եմ, բոլորն այնտեղ աշխատում են շատ լարված, այդ թվում և` համաեվրոպական նշանակության հարցերի շուրջ: Այս անգամ ևս տրամադրված ենք լարված գործունեության:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախորդ ղեկավար Տիգրան Թորոսյանի գործունեությունը:
-Բավականին բարձր. Տիգրան Թորոսյանը շատ մեծ հեղինակություն է վայելում ԵԽ խորհրդարանական վեհաժողովում:
-Եվ վերջին հարցը. Երևանի ապագա քաղաքապետի պաշտոնին հավակնող գործիչների ցանկում նշվում էր նաև Ձեր անունը, ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցից հետո չի հնչում:
-Ես բազմիցս եմ հերքել իմ` քաղաքապետ դառնալու «վարկածը»:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4694

Մեկնաբանություններ