Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հաղթահարել տարաձայնությունները և պատրաստվել մեր երկրի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլին

Հաղթահարել տարաձայնությունները  և պատրաստվել մեր երկրի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլին
17.08.2023 | 20:58

Երեկ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը մեր հասարակության մեջ անհարկի սպասումներ էր առաջացրել, ենթադրելով մտածել, որ մենք կարող ենք այստեղ ձեռքներս ծալած նստել, իսկ հեռավոր Նյու Յորքում աշխարհի հզորները ինչ որ հրաշքով մեր կողմը կբռնեն։

Սակայն հրաշք տեղի չունեցավ՝ եղան տարբեր ելույթներ, շատերը արտաքուստ բարենպաստ, սակայն Անվտանգության խորհրդի որոշում չընդունվեց, և շատ պարզ պատճառով՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի գործող իշխանությունը, թեկուզ բանավոր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և հարաժարվել է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած աշխարհը հանգիստ շունչ է քաշել, և համարում է Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը, Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի տարածքը, Արցախում առկա աղետը՝ զուտ հումանիտար խնդիր, որը կարող է լուծվել նաև Ադրբեջանից կրիտիկական նշանակության ապրանք բերելով։ Մեծ հաշվով, հենց դա էր հնչում երեկ ԱԽ նիստին, և Հայաստանին հստակ հասկացնել տվեցին, որ մեր փոխարեն մեր կենսական հարցերը ոչ ոք չի պատրաստվում լուծել։

Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է, իր կողմից առաջ քաշած «խաղաղության» կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը, որի աղետալի հետևանքներն այսօր իրենց ամենօրյա կյանքի վրա են տեսնում ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները։

Երկրի պաշտպանությունը ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու, Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը 6 միլիոն դոլար է վատնում ինչ որ մի Snoop Dog-ի համերգի վրա, ուռճացնում է ոստիկանությունը, պարգևավճարներ է ցփնում իր հավատարիմ կամակատարների վրա, օրական փառատոններ է կազմակերպում երկրի ամեն անկյունում՝ և այս ամենը բթացնելու մեր գիտակցությունը, Արցախի հանձնումը հնարավորինս սահուն և անցնցում անցկացնելու համար։

Այս պայմաններում մեզ մնում է միայն անզիջում պայքարել մեր իրավունքների վերականգման համար և հասնել մեր երկրում նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Առանց այդպիսի իշխանության, ցանկացած առանձին վերցված գործողություն, կլինի դա ՄԱԿ Անվտանգության խորհրդում, առաջնագծում թե այլուր, հաջողության չնչին հավանականություն ունի, ուստի ազգային դաշտում գործող բոլոր ուժերին պետք է այսօր հետևողականորեն հաղթահարել իրենց տարաձայնությունները, և պատրաստվել մեր երկրի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլին։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 4704

Մեկնաբանություններ