ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ

Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
15.01.2021 | 21:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն կնոջ ու դստեր հետ այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շուշի, շրջել քաղաքում, մզկիթ ու սուրբ Ղզանչեցոց եկեղեցի մտել: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից ու լուսանկարներից հասկանում ենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տեղում բոլորովին ուրիշ մեկի արձանն է, իսկ Շուշիի ամենաբարձրադիր վայրում վեր է խոյանում ադրբեջանական դրոշը:

Լուսանկարներն ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերի հայկական տիրույթում: Facebook ցանցի օգտատերերը, մեկը մյուսին հերթ չտալով, ողբում են Շուշիի անկումն ու անիծում պատերազմը հաղթած Ադրբեջանի նախագահին: Շարունակում պնդել, թե նա ոչխար է, իսկ մենք Շուշին դեռ հետ ենք բերելու: Այն Շուշին, որ ՀՀ բարձրագույն ղեկվարության մտապատկերում դժբախտ ու դժգույն տեսքն ունի: Ալիևի կենդանական հակումների ու գիտելիքների մասին դատողություններ անողները մի պահ իրենց նեղություն չեն տալիս, իրերն ու հանգամանքներն իրար կողքի դնեն ու հասկանան՝ ինչու պատերազմ սկսվեց ու ինչու ընկավ Շուշին: Բոլորի սրտի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային անձամբ էր Շուշի հրավիրել՝ թեյելու ու մուղամ լսելու: Խոսքը նյութականանալու հատկություն ունի, հաղթանակից հետո տիկինը Շուշիում թե՛ թեյ է ըմբոշխնել, թե՛, երևի, մուղամ ունկնդրել: Բոլորի սրտի վարչապետի երկրպագուները մոռանում են նաև, որ վարչապետի տիկինը զնեքերը վաճառելու ու դրանցից զարդեր պատրաստելու ջատագովն է:

Չեն հիշում նաև, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի շարք ներկայցուցիչներ խաղաղության մասին էին խոսում ու մեկնաբանում Փաշինյանի՝ բանկցությունները նոր կետից սկսելու անիմաստ հայտարարությունը:
Հաղթած երկրի առաջնորդն այցելել է իմ պատմական հայրենիք՝ Շուշի, թեյ է խմել, գուցե՝ մուղամ էլ լսել, վաղն էլ կարող է երգի ու պար գա, ու շատ էլ լավ կանի, որովհետև նա Շուշին դժբախտ ու դժգույն չի համարում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ