ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուսական հետախուզության ղեկավարը, ըստ “Проект”-ի հետաքննության, օգտվում է ադրբեջանցի միլիարդատիրոջ ակտիվից

Ռուսական հետախուզության ղեկավարը, ըստ “Проект”-ի հետաքննության, օգտվում է ադրբեջանցի միլիարդատիրոջ ակտիվից
16.12.2020 | 21:09

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նրա ընտանիքի անդամներն օգտվում են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի ակտիվից, պարզել է “Проект” հարթակը, որը հաճախ է նման լրագրողական հետաքննություններ անցկացնում, որոնց հիմնական հերոսները ռուսաստանցի բարձաստիճան պաշտոնյաներ են, երկրի իշխանությունների ամենակարկառուն ներկայացուցիչները: Նիսանովը Մոսկվայում «Եվրոպեյսկի» առևտրի կենտրոնի և «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերն է, համարվում է Ռուսաստանում ամենահաջողակ ռանտյեն՝ 2,7 մլրդ դոլար կարողությամբ:


Հետաքննության հեղինակները տեսագրությունում պատմում են. «Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի թեժ պահին Ռուսաստանը չի օգնել Հայաստանին` իր ռազմական դաշնակցին։ Միլիարդատեր Գոդ Նիսանովի կապերն ու ընկերությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կարող են բացատրել Մոսկվայի նման որոշման պատճառը: Այդ կապերն այնքան սերտ են, որ հակամարտության թեժ պահին ռուսական հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանակ էր անցկացնում Նիսանովի անձնական լողավազանում Ադրբեջանի փոխվարչապետի ընտանիքի անդամի հետ»։ Նրանք պնդում են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ամեն օր լողում է Նիսանովի անձնական լողավազանում` «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնում:
Բացի այդ, Նարիշկինի ընտանիքի անդամները, լրագրողների տվյալներով, բազմիցս օգտվել են միլիարդատիրոջ անձնական բիզնես ջեթից, օրինակ՝ ուղևորվել են այդ բիզնես ջեթով Բաքու և Ավստրիա։ Իսկ Նարիշկինի դուստր Վերոնիկան աշխատում է միլիարդատիրոջ «Ֆուդ-կլաստեր դեպո»-ում և իր 30-ամյակը նշել է Նիսանովին պատկանող «Ռեդիսոն Ֆլոտիլիա» նավի վրա իր ընկերուհու՝ Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևայի հետ։ Նարիշկինը, Նիսանովը և Ադրբեջանի ղեկավարությունը բիզնես գործընկերներ են: “Проект”-ը պատմում է անշարժ գույքի հետ կապված տարօրինակ գործարքների մասին։ 2011-ին Վերոնիկա Նարիշկինան դարձել է Նոր Արբատի շրջանում «Կոմպոզիտորական տան» էլիտար 200 մետրանոց բնակարանի սեփականատեր ավելի քան 100 մլն ռուբլի շուկայական արժեքով: Ընդամենը երկու ամիս անց Վերոնիկա Նարիշկինան այդ բնակարանը փոխարինել է Լոմոնոսովի բնակելի համալիրում բնակարանի հետ: Նարիշիկինի դուստրն իր բնակարանը փաստորեն փոխանակել է Ադրբեջանի փոխնախագահի մտերիմ բարեկամ Էլման Բայրամովին պատկանող բնակարանի հետ: Բայրամովը ոչ միայն աշխատում է Նիսանովի հետ, այլև Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի անդամ է (նրա դուստրն ամուսնացած է քաղաքական գործչի որդու հետ): Բայրամովը Նարիշկինի հետ ամեն օր նույն ժամին այցելում է Նիսանովին պատկանող անձնական լողավազան, ընդ որում, այնտեղ է գալիս Ադրբեջանի դիվանագիտական համարանիշերով մեքենայով։


“Проект”-ի մի քանի բարձրաստիճան աղբյուրներ պնդում են, որ Նիսանովը նաև ընկերություն է անում նախագահ Պուտինի մտերիմ ընկերների` Ռոտենբերգ եղբայրների հետ: «Եվ սա նույնպես ավելին է, քան բարեկամությունը։ Սա բիզնես է», - ընդգծում են լրագրողները։ Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնից էր սկսվել հայկական ծիրանների հետ կապված հուլիսյան սկանդալը, երբ Հայաստանից արտահանված ծիրանները հրաժարվում էին ընդունել մոսկովյան աևտրի կենտրոններից շատերը։
Գոդ Նիսանովի ընկերրւթյունում, այնուամենայնիվ, աշխատում են տասնյակ հայեր, հայ գործարարներից շատերն էլ ունեն բիզնես կապեր Նիսանովի հետ։ Ինքը Նիսանովն ազգությամբ հրեա է, ծնվել է Արդբեջանում և իսկապես մտերիմ կապեր ունի Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Իսկ թե Նիսանով-Նարիշկին ընկերությունը որևէ կապ ունի ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման հետ, իհարկե դժվար է ասել, “Проект”-ի լրագրողները ընդամենը հարցեր են բարձրաձայնում։


Մինչ Մոսկվայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ ամեն առիթով խոսում են Ռուսաստանի իշխանությունների հետ մտերիմ կապերի մասին, Ադրբեջանի իշխանությունները ակտիվ աշխատում են Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանցի կշիռ ունեցող գործիչների հետ` ծախսելով դրա վրա հսկայական գումարներ և ծառայեցնելով այդ կապերը Ադրբեջանի պետական շահերի համար։

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ