Երբ երեկ հայ ծերունու գլուխն է կտրում թուրքը, հայ մանուկի գլխին թափում ԱԹՍ-ներ, փոշիացնում ու հետո քեզնից խլում հայրենիքդ, իսկ այսօր դու հայտարարում ես, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ պիտի կառուցել, ո՞վ ես դու։ Երբ ողջ պատմությունդ փաստում է, որ թուրքն անմարդկային դաժանությամբ ոչնչացրել, ցեղասպանել է քեզ, դու քո աչքով նաև այսօր տեսար, թե ինչ վայրագ ցեղի ու արնախումի հետ գործ ունես, բայց դու հիմա ասում ես, թե մեր գերիներին այնտեղ լավ են վերաբերվում, ո՞վ ես դու։ Երբ օտարը հասկանում է, որ հայը երբեք չի կարող թուրքի հետ կողք կողքի ապրել, իսկ դու փութաջանորեն թուրք ես ներում ու խաղաղ գոյակցել ես ուզում նրա հետ, ո՞վ ես վերջապես դու։
Դու կարո՞ղ ես հայ համարվել, քո մեջ կա՞ն հայն ու Հայաստանը, Արցախը։ Հազիվ թե։
Բայց դու մեկ քայլ էլ ես առաջ գնում ու հանկարծ վեր ես թռչում, թե ինչպես կարող է ընդդիմության թեկնածուն ասել՝ «եթե հակաթուրքական ալյանս ստեղծվի, Հայաստանը դրա մեջ է լինելու»։ Ինչու՞ եք այդքան ծանր տանում մի բան, որի ստեղծումն ու մեր այնտեղ հայտնվելը կարող են մեզ համար փրկօղակ դառնալ։ Հա՜յ-հարա՜յ, Թուրքիան կլսի ու կհարձակվի մեզ վրա։ Իսկ մի քանի օր առաջ ո՞վ էր հարձակվել, ո՞վ ձեզնից խլեց հայրենիքն ու ձեր փայփայած ղեկավարի ձեռքով Հայաստանի դռները Մեղրիով բացեց նրա առաջ։ Թե՞ մտածում եք, որ այս մեծ կտորը կուլ տալուց հետո Թուրքիան հանգիստ իր տեղն է նստելու։ Այդ մենք պիտի շահագրգիռ լինենք ու ամեն ինչ անենք, որ նման ալյանս ձևավորվի, որովհետև այս տարածաշրջանում Թուրքիան Ռուսաստանի հետ դարձավ կարևոր դերակատար։ Կամ մենք պիտի դաշնակցենք Թուրքիայի հետ ու ձեր սիրած դիվանագիտությամբ հարաբերվենք, կամ Ռուսաստանի հետ ու նոր որակի հարաբերություններ կառուցենք։ Եթե մտածում եք հենց «դիվանագիտորեն» հարաբերվեցիք Թուրքիայի հետ, նա կասի՝ հանուն ձեզ հրաժարվում եմ պանթուրքիստական նկրտումներից, ձեզ վերացնելու դարավոր երազանքից, սխալվում եք։ Բայց ամենակարևորը՝ Թուրքիայի ձեռքը կբռնեք ու Ռուսաստանին էլ ձեր սիրած ձևով վերջապես «տեղը կդնեք»։ Թե այս ամենից հետո ինչ կստացվի, դժվար չէ ենթադրելը։
Բայց լավ կլինի մինչ Թուրքիայի հետ հեռահար դիվանագիտություն կառուցելը, նախ բանակը վերազինեք, բայց հակառակի պես թուրք-ադրբեջանական տանդեմը այդ հարցում չի կարող օգնել ձեզ, նրանք միայն կարող են «վերելակային դիվանագիտությամբ» մեզնից խլած զենքը շքերթով ներկայացնել, Հայաստան պետության արժանապատվությունը զրոյի հավասարեցնել։ Բայց հոգ չէ, դուք կարևորը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցեք ու խոր կսկծով ընդունեք հակաթուրքական ձևաչափերին միանալը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ