Կատարվեց անհնարինը։ Կատարվեց այն, ինչին, եթե անկեղծ լինենք, ոչ մեկն էլ չէր հավատում խաղարկության մեկնարկին՝ ելնելով հայկական ֆուտբոլում առկա իրողություններից։ Սակայն պարզվեց, որ հոգեկան ու հոգեբանական խորը ցնցումը կարող է և դրական էֆեկտ ունենալ, թեպետ, երբ հիշում ես, թե ինչ ցնցման մասին է խոսքը, քիչ է մնում ճաքես հուսահատության հասցնող խելագարությունից, որովհետև ոչ թե պարտվել ես հավասար մարտում, որ գոնե ինչ-որ չափով արդարացում փնտրես, այլ եղել ես մոլագարի ձեռքով նյութված աներևակայելի դավադրության զոհ, ու քեզ թիկունքից խփողը քո մեջ եղած ներքին թուրքն է։
Այո, C լիգայի 2-րդ խմբում հանդես եկող ֆուտբոլի մեր ընտրանին երկրորդ անգամ գլխից վեր ցատկեց ու խմբային առաջատարին հաղթելով՝ նրան պարտադրեց տեղափոխություն, ինչը միաժամանակ նշանակեց, որ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում մեր ընտրանին հանդես կգա արդեն B դիվիզիոնում, որտեղ ընդգրկված են կարգով ավելի բարձր ընտրանիներ։ Հանդիպման միակ գոլը ծնվել է Վահան Բիչախչյանի փայլուն փոխանցման արդյունքում, հերոսացել է Հովհաննես Համբարձումյանը։
Հարկավ շատ ավելի նվազ նյարդային ցնցումներով ավարտ կունենայինք, եթե նույն Բիչախչյանի գերազանց փոխանցումը նյութականացներ Կամո Հովհաննիսյանը, սակայն դարպասապահն ավելի հաջողակ գտնվեց։ Ես խորապես դժվարանում եմ հիշել մեր ֆուտբոլիստների կատարմամբ մեկ այլ խաղ, որի վերջին առնվազն 10-15 րոպեն ուղեկցվեր դիմանալու աղերսով, սակայն փառք մեր տղաներին, որ կարողացան հաղթական հաշիվը պահել։
Այս ոչ միայն ծանր, այլև ծանրակշիռ հաղթանակի կապակցությամբ պարտավոր ենք հիշել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին։ Շնորհակալ լինենք ու լսենք նրան. «Խաղը բաղկացած է 90 րոպեից։ Առաջին կեսի որոշ դրվագներում նրանք տիրում էին գնդակին, բայց երկրորդ կեսում, կարծում եմ, մենք լավ պրեսինգի էինք դիմում։ Գոլից հետո թիմն ավելի մոտիվացվեց։
Շատ ուրախ եմ, շատ գոհ եմ։ Սա մեր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է. նախագահից սկսած, ամբողջ տնօրենությունն ու ֆուտբոլիստները, որոնք սիրում են իրենց երկիրն ու երկրի գույները։ Գիտենք՝ ինչ վատ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստներն էլ ունեին այդ զգացողությունը, բայց մտովի էլ շատ ուժեղ էին պատրաստված։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ այնպես ենք անում, որ հայկական ֆուտբոլը զարգանա։
ՈՒնենք մեր խաղաոճը, որը պիտի պահպանենք ու զարգացնենք։ Հրավիրում ենք նոր, երիտասարդ ֆուտբոլիստների, ինչն օգնում է մրցակցություն ստեղծելուն։ Քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, վստահորեն, այս ֆուտբոլիստների թիվն ավելանալու է։
Այսօրվա հաղթանակը շատ կարևոր էր։ Տեսանք, որ ֆուտբոլիստները պատմություն կերտեցին։ Երեկ իմացանք մեր կորուստների մասին, ինչը, բնականաբար, ազդեց թիմի վրա։ Բայց խոսում էինք պատմություն կերտելու հնարավորություն ունենալու մասին, այն մասին, որ հավաքականում խաղալն ու ակումբում խաղալը նույնը չեն, որ այստեղ հաղթում է մի ամբողջ երկիր. այսօր հաղթեց Հայաստանը։ Եվ հենց նրանք էին գլխավոր դերերում։ Պատմություն կերտողները հենց նրանք էին։ Դրա համար էլ նրանք իրենց վերցրին բռունցքների մեջ, հիանալի աշխատանք կատարեցին, ու շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքը փոխհատուցվեց»։
Խմբային երկրորդ դիմակայությունում Վրաստանի ընտրանին անզոր է եղել կոտրելու Էստոնիայի հավաքականի դիմադրությունը. գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Վրացիները խաղարկությունն ավարտեցին խմբային երրորդ հորիզոնականում։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Խմբային երկու դիմակայությունում էլ հաջողությունն ուղեկցել է հյուրերին։ Հոլանդացիները, ովքեր ընթացքում զիջելիս են եղել, 2։1 հաշվով պարտության են մատնել լեհերին, իտալացիները երկու անպատասխան գնդակի առավելությամբ գերազանցել են բոսնիա-հերցեգովացիներին։ Արդյունքում՝ խմբայինի գլխամասը մնացել է անփոփոխ։ Իտալացիները պայքարը շարունակելու են A դիվիզիոնի կիսաեզրափակչում, օրվա նրանց մրցակիցները նահանջում են կարգով ավելի ցածր դիվիզիոն։
Խմբին հրաժեշտ տալուց առաջ ասենք, որ իտալացիների երկու գոլերն էլ բացառիկ գեղեցկության են եղել, ու այդպես էլ անհասկանալի է մնում, թե մասնավորապես առաջին գոլի հեղինակ Բելոտին այսքան ժամանակ ի՞նչ տրամաբանությամբ է մնում սկուդետեում միջին զորության թիմի համբավ ունեցող «Թուրինի» կազմում, չի գրավել գերակումբների ուշադրությունը։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Բելգիայի ընտրանու հետ մրցավեճում հաղթեր Դանիայի հավաքականը, խմբայինն առաջին տեղով կավարտեր՝ այստեղից բխող ցանկալի հետևանքներով։ Սակայն դիմակայությունը որքան էլ հետաքրքիր էր, դիտարժան, լարված, այդուհանդերձ դանիացիները չկարողացան կոտրել բելգիական արգելքն ու խաղադաշտից հեռացան պարտված՝ 2։4։ Տանտերերի հաղթանակում ծանրակշիռ մասնակցություն է ունեցել Լուկակուն՝ դառնալով դուբլի հեղինակ։
Տեղային նշանակության հաղթանակ է տոնել Անգլիայի ընտրանին՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով իսլանդացիների դարպասը։ Նշենք, որ վերջիններս այս խաղարկության արդյունքով հրաժեշտ տվեցին ուժեղագույնների դիվիզիոնին։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Շվեդների արագ գոլին ֆրանսիացիները պատասխանեցին ոչ այնքան նկատելի ուշացումով, իսկ հանդերձարան գնացին արդեն հաշվի մեջ առաջ անցած։ Երկրորդում նույնությամբ կրկնելով խփած գոլերի թիվը՝ կողմերը իրարից բաժանվեցին լուսատախտակին պահ տված 4։2 արդյունքով։ Ֆրանսիացիները, փաստորեն, ոչ միայն կամային հաղթանակի հասան, այլև ելան A դիվիզիոնի կիսաեզրափակիչ։
Խմբային հաջորդ դիմակայությունը նույնպես հետաքրքիր ընթացք է ունեցել։ Հաշիվը բացել են խորվաթները, սակայն այնուհետ իրենք իրենց համար ստեղծել են ծանրագույն վիճակ՝ երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեից մնալով տասը հոգով։ Պորտուգալացիները շանսը ձեռքներից բաց չեն թողել։ Նախ՝ հավասարեցրել են հաշիվը, ապա առաջ անցել։ Հետևել է տանտերերի երկրորդ գերլարումը, սակայն խաղավարտին Դիասը խփել է հանդիպման իր երկրորդ, իսկ ընդհանրապես պորտուգալացիների երրորդ գնդակը՝ 3։2։ Ավելորդ չհամարենք ասել, որ տանտերից Կովաչիչը նույնպես դուբլի հեղինակ է դարձել։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Գերմանիայի ընտրանին դեռ երկար կհիշի Իսպանիայի հավաքականի հետ ունեցած մղձավանջը։ Պարտություն վեց անպատասխան գնդակի տարբերությամբ (հեթ տրիկ է հեղինակել Ֆեռան Տորեսը, մեկական անգամ աչքի են ընկել Մորատան, Ռոդրին, Օյարսաբալը)։ Իսպանացիների հետ երբևիցե ունեցած պաշտոնական հանդիպումներում սա գերմանական կողմի ամենախոշոր հաշվով պարտությունն էր ու առհասարակ ամենախոշորը, եթե մոռանանք հեռավոր 1931-ի նույնպիսի հաշվով պարտությունը։ Այն ժամանակ նրանց վշտացրածներն ավստրիացիներն էին։ Ինչևէ։ Հաղթանակն Իսպանայի հավաքականին ապահովել է խմբային առաջին հորիզոնականը։ Նրանք դուրս եկան A դիվիզիոնի կիսաեզրափակիչ։ Գերմանացիները մնացին 9 միավորով։
Խմբային երկրորդ Շվեյցարիա-ՈՒկրաինա դիմակայությունը չի կայացել ուկրաինացիներին համակած կորոնավիրուսի պատճառով։ Հիշեցնենք, որ առաջինն ուներ երեք, երկրորդը՝ վեց միավոր։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Մեկական գոլ է փոխանակվել թե՛ Հյուսիսային Իռլանդիա-Ռումինիա, թե՛ Ավստրիա-Նորվեգիա դիմակայությունում, ինչը բնականաբար նշանակում է, որ խոսք չի կարող լինել խմբայինում հնարավոր տեղաշարժերի մասին։ Մնում է միայն ափսոսալ, որ նորվեգների երիտասարդ, հիրավի տաղանդավոր ընտրանին դուրս է մնում պայքարը շարունակողների ցանկից։ Կիսաեզրափակչում հանդես գալու իրավունքը նվաճել է Ավստրիայի ոչ պակաս հետաքրքիր հավաքականը։ Քառյակի ամենաթույլ օղակը եղավ Հյուսիսային Իռլանդիայի ընտրանին։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Սլովակների նկատմամբ 2։0 հաշվով չեխերի հաղթանակը նրանց պահեց աղյուսակի գլխամասում, թեպետ այնտեղ էլ մնալու էին, քանի որ շոտլանդացիներն արտագնայում անկարող եղան հաղթահարելու իսրայելական արգելքը՝ 1։0։ Սլովակիայի ընտրանին, որպես ամենաթույլ օղակ, տեղափոխվում է C դիվիզիոն։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Վերջնահաշվում այս խումբը եղավ ամենաանկանխատեսելին ու ամենացնցումներովը։ Ի դեմս թուրքերի անհամեմատ ուժեղ ընտրանու, քան սերբերին ունեցած ռուսներն էին, հունգարներն արեցին առավելագույնն ու հաղթանակ տոնելով 2։0 հաշվով՝ ստացան կիսաեզրափակչում հանդես գալու ուղեգիր։ Այս պարտությունն իր հերթին որոշեց խմբային մյուս հավաքականի ճակատագիրը՝ թուրքերը պարտադրված են նահանջել կարգով մեկ աստիճան ցածր դիվիզիոն։ Թեպետ Ռուսաստանի ընտրանին մնաց ու հաջորդ խաղարկությունում էլ է հանդես գալու նույն լիգայում, այդուհանդերձ ասենք, որ ընթացքում նրանց ախորժակը միանգամայն գեներալական էր։ Սակայն այնպիսի ցավագին պարտություն կրեցին սերբերից, որ անգամ եֆրեյտորի ուսադիրները նրանց համար կարելի է համարել մարշալական։ 0։5 հաշվով պարտությունը սառը ցնցուղ էր այս երկրի ընտրանու համար։ Ի դեպ, սա վերջին երկու խաղում երկրորդ պարտությունն էր։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Խաղարկության ողջ ընթացքը ցույց տվեց, որ այստեղ ամենալուրջ հավակնություն ունեցողները ՈՒելսի ու Ֆինլանդիայի ընտրանիներն են, որոնք էլ վերջին խաղում մրցեցին իրար հետ։ ՈՒ թեպետ այդ խաղն արդեն իսկ խմբայինի առաջին հորիզոնականը նվաճած ուելսցիներին ոչինչ չէր տալիս, այնուամենայնիվ, նրանք որոշեցին իրենց թուրը փառքով դնել պատյան՝ 3։1։
Հարկ համարենք նշել, որ հանգամանքների բերումով այստեղ առաջնայինը դարձավ Իռլանդիա-Բուլղարիա մրցակցությունը, որում այդպես էլ դարպասի գրավման ականատեղ չեղանք։ Այս ոչ-ոքին առավել շահեկան եղավ տանտերերի համար, քանի որ դիվիզիոնին հրաժեշտ են տալու բուլղարացիները։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Գոլազուրկ ավարտ է ունեցել Լյուքսեմբուրգ-Ադրբեջան դիմակայությունը։ Տանտերերն այդպես էլ չեն կարողացել վեր բարձրանալ երկրորդ հորիզոնականից, քանի որ Չեռնոգորիայի ընտրանին հյուրընկալելիս խոշոր հաշվով պարտության է մատնել կիպրոսցիներին (4։0) ու միավորների թիվը հասցրել 13-ի՝ երեքով շատ լյուքսեմբուրգցիների ունեցածից։ Կիպրոսցիները նահանջում են կարգով ավելի ցածր դիվիզիոն։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Հույները դեռևս կարող էին իրենց համար արմատապես բան փոխել Սլովենիայի ընտրանու հետ պայքարում ու նվաճել ավելի ուժեղ դիվիզիոն տեղափոխվելու ուղեգիր, սակայն կարողացան ընդամենը մեկ միավոր կորզել գոլազուրկ այս հանդիպումում։ Սլովենացիներն իրապես կարող են ցնծալ։
Կոսովո-Մոլդովա դիմակայությունում տանտերերի խփած միակ գոլը որոշել է հանդիպման ելքը։ Անկախ այս առճակատման արդյունքից՝ 1։0, մոլդովացիները հրաժեշտ էին տալու դիվիզիոնին։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ալբանիա-Բելառուս դիմակայության առաջին խաղակեսում տանտերերի խփած երեք գնդակը ոչ միայն հանդիպման, այլև խմբային պայքարի համար է եղել վճռորոշ։ Արդյունքում 3։2 հաշվով հաղթանակն ալբանացիներին թույլ է տվել մեկ միավորով շրջանցել օրվա իրենց հյուրերին ու 11 միավորով գլխավորել խմբայինը՝ հաջորդ խաղարկությունում ավելի բարձր դիվիզիոնում հանդես գալու։
Մրցակցային առումով Ղազախստան-Լիտվա դիմակայությունը սկզբունքորեն նշանակություն չուներ, քանզի անգամ հաղթելու դեպքում ղազախները մնում էին վերջին հորիզոնականում ու տեղափոխվում կարգով ավելի ցածր դիվիզիոն։ Անկախ այս ամենից՝ տանտերերը փորձել են խիզախել, սակայն լիտվացիները հաղթել են՝ 2։1։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Անդորայի հավաքականի նկատմամբ արտագնայում լատվիացիների 5։0 հաշվով տպավորիչ հաղթանակը թիմին ոչինչ չի տվել բացի սփոփանքից։
Մալթացիների նկատմամբ Ֆարերյան կղզիների հավաքականի ունեցած երեք միավորի առավելությունը մնացել է անփոփոխ, քանի որ Մալթայում եղած առերեսման ժամանակ գրանցվել է 1։1 հաշիվը։ Ֆարերյան կղզիների ընտրանին խաղարկությունն ավարտեց 12 միավորով՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Երեք միավորի առավելությունը անփոփոխ է մնացել և Ջիբրալթարի ու Լիխտենշտայնի ընտրանիների պարագայում։ Տանտերերը գոհացել են ոչ-ոքի արդյունքով՝ 1։1, քանի որ այն ութ միավորով ապահովել է նրանց խմբային առաջատարությունը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Լուսանկարները` ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից