Երեքշաբթի օրը Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան հայտարարեցին, որ կուժեղացնեն Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողությունը՝ շվեյցարական Neue Zuercher Zeitung-ում գրում է Մոնիկա Բոլիգերը՝ հիշեցնելով, որ հրադադարը հայտարարվել է դեկտեմբերի վերջին, բայց ոչ ամեն տեղ է պահպանվում: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկրները «օգտագործելու են իրենց ազդեցությունը կոնֆլիկտի կողմերի վրա՝ հրադադարի ռեժիմը պահպանելու և մարդասիրական օգնությունը հասանելի դարձնելու համար»: Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնած երկօրյա բանակցությունները Աստանայում պիտի նախապատրաստեին փետրվարի 8-ին Ժնևում ծրագրված բանակցությունների առաջիկա փուլը:
Հանդիպման սկզբում սիրիական կառավարության և ապստամբների ներկայացուցիչները մեկ սենյակում էին, բայց նրանց հանդիպումը միայն միմյանց նետված թարս հայացքներով էր սահմանափակվում: Հետո, արդեն առանձին սենյակներում, նրանք սկսեցին բանակցել ՄԱԿ-ի միջնորդների միջոցով: Բանակցություններին հրավիրած չէր ահաբեկչական կազմակերպություն համարվող «Ջեբհատ ան Նուսրան»՝ Ալ Քայիդայի սիրիական թևը: Թուրքիայի ճնշման տակ Աստանա չէին հրավիրվել ինքնապաշտպանության քրդական աշխարհազորի ներկայացուցիչները, որ ինքնավարություն են ստեղծել թուրքական տարածքի երկայնքով: Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները միմանց էին մեղադրում հրադադարի խախտման մեջ՝ Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ընդդիմությանը մեղադրեց «Ալ Քայիդայի» ռազմական հանցագործություններն արդարացնելու մեջ, ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվեցին խոսել խմբավորման դեմ պայքարի մասին, քանի դեռ վարչակարգի կողմից կռվում են շիա վարձկաններ արտասահմանից:
International Crisis Group-ի Սիրիայի հարցերով վերլուծաբան Նոա Բոնսին վարչակարգի ու ընդդիմության վարքագիծը, նրանց հայտարարությունների շուրջ բարձրացվող աղմուկը թատրոն է անվանում՝ «շատ ավելի կարևոր են Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի անդրկուլիսյան բանակցությունները»: Նրա կարծիքով՝ Աստանայի հանդիպման մասնակիցների ցանկը վկայում է «Սիրիայում ուժերի փոփոխված հարաբերակցությունը, մասնավորապես՝ վարչակարգի ռազմական հաջողությունները, ԱՄՆ-ի ազդեցության նվազումը, որ բանակցություններում ներկայացնում էր ԱՄՆ դեսպանը Ղազախստանում, Սաուդյան Արաբիայի բացակայությունը, որ չէր մասնակցում Աստանայի հանդիպմանը և գլխովին խրվել է Եմենի պատերազմում, որի պատճառով Էր Ռիադի աջակցությունն ունեցող սիրիացի ապստամբները նկատելի թուլացել են»:
Մոնիկա ԲՈԼԻԳԵՐ, Neue Zürcher Zeitung
Հ.Գ. Պատերազմը Սիրիայում պետք է ավարտել և վաղուց կավարտվեր, եթե Սիրիայի տարածքում միայն սիրիական շահերի բախում լիներ, բայց Սիրիայում բոլորը կռվում են բոլորի դեմ, իսկ ընդմիջումներին՝ ԻՊ-ի խմբավորումների: Կռվում են նավթի, նավթի տեղափոխման ճանապարհների ու իրենց ազդեցությունը Սիրիայում հաստատելու համար: Աստանան պատերազմի ավարտի համաձայնագիր չէր էլ նախատեսում, ինչպես Ժնևն էլ չի բերելու, քանի դեռ թուրքերը կռվում են քրդերի դեմ, Իրանը՝ Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանը՝ ապստամբների, ու այդպես՝ շարունակ: Իսկ իրենց բուն նպատակները թաքցնելու համար մի մասը պահանջում է Բաշար Ասադի հրաժարականը, մյուս մասը՝ նրա նախագահ մնալը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ