ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ և ԵԽԽվ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի ներկայացնել նստաշրջանի երկրորդ օրվա կարևոր իրադարձությունները: Նա առանձնացրեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի ելույթները և
ՈՒկրաինայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ կրթության, գիտության և մամուլի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Արիևի զեկույցը: Տիկին Նաղդալյանն ասաց, որ այս շաբաթվա նիստերի օրակարգում երկու զեկույց կա մամուլի ազատությանը վերաբերող: Մամուլի ազատությունը և լրագրողների պաշտպանվածության խնդիրները ԵԽԽՎ-ի համար կարևոր թեմաներից են՝ լինելով ժողովրդավարության կայացման կարևորագույն տարրերից մեկը: Երկու զեկույցներն էլ քննադատական են, առնչվում են բազմաթիվ երկրների, վերլուծում են ԵԽԽՎ երկրների մեծամասնությունում եղած վտանգները: Համատարած քննադատություն է Թուրքիայի, Ադրբեջանի, ՌԴ-ի հասցեին, տեղ-տեղ քննադատվում են ՈՒկրաինան, Բելառուսը, Հունգարիան, Հունաստանը: Հայաստանի հասցեին որևէ կշտամբանք, քննադատություն չեն հնչել: 32 երկրների 236 լրագրողների իրավունքների խախտումների համապատկերում Հայաստանին որևէ քննադատություն չի ուղղվել:
«Սա առավելապես կարևորում եմ, որովհետև բովանդակային առումով՝ կոմիտեն, որ պատրաստում է զեկույցը, Հայաստանի հասցեին որևէ քննադատություն չի բարձրաձայնում, փոխարենը փորձում է քաղաքական մանիպուլյացիա անել և արհեստականորեն զեկույց է ներմուծում հոդված, որն անդրադառնում է Եվրոպայում եղած կոնֆլիկտներին՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Օսիայի, Մերձդնեստրի և նշում է, որ այդ տարածքները «անջատողական ռեժիմների վերահսկողության տակ են և չի ապահովվում մամուլի ազատությունը»: Այդ զեկույցի բովանդակային մասին չառնչվող, քաղաքականացված հոդվածը՝ կոնֆլիկտային գոտիների անունների թվարկումով դարձել է հիմք, որ միավորվեն լուրջ կողմնակից ուժեր, որոնք շահագրգիռ են ևս մեկ անգամ ԵԽ հարթակում այդ կոնֆլիկտների անունները հնչեցնել: Մենք աշխատել ենք զեկուցողի հետ՝ ներկայացրել ենք բովանդակային տեղեկատվություն, մասնագիտացված վարկանիշային կազմակերպությունների գնահատականներ, «Ֆրիդոմ հաուսի», «Թրանսփարենսի ինտերնեյշընլի» հետազոտությունները, որոնցից երևում է, որ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության և լրագրողների պաշտպանվածության, գործընթացների թափանցիկության շատ բարձր աստիճան կա: Ի վերջո, եթե զեկուցողը ԼՂ-ում չի եղել, մամուլի ազատության վիճակը չի ուսումնասիրել, կոնկրետ փաստ չունի ասելու, որ մամուլի ազատությունն ապահովված չէ, ուրեմն և իրավունք չունի խեղաթյուրված պատկեր ներկայացնել: Բայց զեկուցողը պատվեր ունի և հատուկ շահագրգռություն:
Ադրբեջանի պատվիրակությունը, որի հասցեին լուրջ քննադատություն կար զեկույցում մամուլի ազատության վերաբերյալ, որ այդ ցուցանիշով 180 երկրներից 163-րդն է, համաձայն էր ամեն ինչի, միայն թե հնչի իրենց համար սակրալ նշանակություն ունեցող ձևակերպումը՝ «անջատողական ռեժիմի» և «Ադրբեջանի ԼՂ մարզի» վերաբերյալ: Իհարկե, բազմաթիվ ելույթներ եղան, որոնք շեշտում էին, որ մարդու իրավունքների և լրագրողների իրավունքների խախտումները կոնֆլիկտով հնարավոր չէ արդարացնել, դրանք Բաքվում, ոչ թե կոնֆլիկտի գոտում են կատարվում, որ Ադրբեջանում չկա բազմակարծություն ու հանդուրժողականություն, որ բազմաթիվ գործեր են քննարկվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որ Ադրբեջանը շատ հեռու է արժեհամակարգից, որ դավանում է ԵԽ-ն: Բացի հեղինակի հետ իր ձևակերպումը փոխելու բանակցային աշխատանքից, մենք լրացումներ և փոփոխություններ էինք նախապատրաստել, բայց մեր ձայները չհերիքեցին և ձևակերպումը մնաց տեքստում: Գուցե տարօրինակ հնչի, բայց մեր գործընկերներից շատերը մեզ «մխիթարում էին», որ նույն ձևակերպումը կա 2005-ի 1416 բանաձևում, ինչո՞ւ եք անհանգստանում, ի՞նչ է եղել որ, մենք էլ հակադարձում էինք՝ ի՞նչ է 12 տարում այդ ձևակերպումը տվել, որ ուզում եք կրկնել»:
«Ինչո՞վ եք այդ վերաբերմունքը բացատրում» հարցին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալանը պատասխանեց.
-Կոնֆլիկտների հետ կապված խնդիրները ԵԽԽՎ-ում չեն լուծվում, ԵԽԽՎ-ն չէ այդ հարթակը և չունի այդ մանդատը, բայց քանի որ այլ հարթակներում Բաքուն դիրքային առավելություն չունի և չի կարող որևէ շահեկան ձևակերպում ստանալ, փորձում են հայտնի մեթոդներով այս հարթակում հասնել իրենց ցանկացածին: Սա` մի կողմից, մյուս կողմից` ԵԽԽՎ որոշ պատվիրակների թվում է, որ կոնֆլիկտներին անդրադարձը մեծացնում է կառույցի ազդեցությունը, որ խիստ կասկածելի է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ