Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին առավոտյան տեղի ունեցած մարտերի մասին՝ պնդելով, թե «Հայաստանի Զինված ուժերի հետախուզական խումբն» է փորձել խախտել սահմանը, բայց հայտնվել է ադրբեջանական ստորաբաժանումների դարանում և «ստիպված է եղել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ կրելով նահանջել»:
«Բախման արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ զինվոր Ղուրբանով Չինգիզ Սալման օղլուն անհետ կորել է: Միջոցներ են ձեռնարկվում նրա գտնվելու վայրը հայտնաբերելու կապակցությամբ»,- APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
ՀՀ ՊՆ-ն առավոտյան հաղորդեց Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որը հայկական Զինված ուժերը չեզոքացրել են, հայկական կողմը տվել է երեք, ադրբեջանականը՝ առնվազն յոթ զոհ, որոնցից մեկի դիակը մնացել է ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի հատվածում: