Վերջին շաբաթներին արաբական լրատվամիջոցները և Դամասկոսի պաշտոնական ներկայացուցիչները հաղորդում էին, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները և առաջին անգամ կիրառված «երկիր-երկիր» հրթիռները հարվածել են զենք տեղափոխող շարասյուներին, որ Իրանից սիրիական տարածքով զենք էին տեղափոխում «Հըզբոլլահի» համար: Իսրայելն այդ տեղեկությունները պաշտոնապես չէր մեկնաբանում: Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը եվրոպացի դիվանագետներին ասաց, հնարավոր է, այդ ընթացքում Մոսկվային դիմելով, որ Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործել ի պաշտպանություն իր քաղաքացիների, բայց չի պատրաստվում խառնվել սիրիական քաղաքացիական պատերազմին:
Այսինքն՝ Իսրայելը հարվածել է անցյալում և պատրաստվում է ապագայում էլ ոչնչացնել այն զենքը, որ կարող է Սիրիայից հասնել «Հըզբոլլահին», բայց չի պատրաստվում միջամտել մարտական գործողություններին և ռուսներից, իրանցիներից ու «Հըզբոլլահից» խլել հաղթանակը քաղաքացիական պատերազմում, որ արդեն 6 տարի շարունակվում է Սիրիայի տարածքում: Իսրայելին վերագրվող հարվածները Սիրիայում տեղի են ունեցել պատերազմի դրամատիկ շրջադարձի ժամանակ: Բաշար Ասադը, ավելի ճիշտ՝ նրա փոխարեն կռվող իր դաշնակիցները, արագ գրավում են Հալեպը՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը: Ռուս-իրանական առանցքի աջակցությամբ Հալեպի գրավումը կործանիչ հարված է ապստամբների ճամբարին, որ առանց այդ էլ քանդվում է, և լրացուցիչ ուժեր կտա Սիրիայի նախագահին, որ ամրապնդում է վերահսկողությունը երկրի նշանակալից մասերում: Եթե պատերազմն ավարտվի Բաշար Ասադի ու Վլադիմիր Պուտինի համար լավատեսական սցենարով, կփակվի հնարավորությունների պատուհանը, որ Իսրայելին թույլ է տալիս հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» սիրիական տարածքում: Իսրայելը հայտնվելու է կատարված փաստի առաջ, որի վրա չի կարող ազդել՝ ոչ ապագա Սիրիայի քարտեզի, ոչ Սիրիայի տարածքում կատարվող իրադարձությունների:
Իսրայելում որոշ քաղաքական գործիչներ հույս ունեին, որ Սիրիայում շարունակվող պատերազմը թույլ կտա ամրապնդվել Գոլանի բարձունքներում և հաղթաթղթեր կտա պահանջելու, որ ապագա կարգավորման ժամանակ Սիրիայից դուրս բերվեն իրանական բոլոր զորքերը և «Հըզբոլլահի» ուժերը՝ հյուսիսում կենտրոնում, հարավում, այսինքն՝ Գոլանի բարձունքներից հյուսիս տարածքներում: Այդ ընթացքում, այնուամենայնիվ, Իսրայելը շարունակում է հարվածները, եթե հավատանք արտասահմանյան աղբյուրներին, չնայած Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը: Արաբական մի քանի լրատվամիջոցների համաձայն՝ Ռուսաստանը նույնիսկ լուռ համաձայնություն է տվել այդ հարվածներին և պահանջել է «Հըզբոլլահից» չպատասխանել: Տեղեկությունը զայրացրեց «Հըզբոլլահի» ղեկավարությանը, որ հերքում պահանջեց: Բայց դա վկայում է, որ Սիրիայում ռուսական ներկայության մեջ որոշակի առավելություններ կան Իսրայելի տեսակետից:
Ռուսական ներկայությունը Սիրիայում չի կաթվածահարել իսրայելական գործողությունները, թեպետ Մոսկվայի համար դարձրել է թափանցիկ: Իսրայելում հաշվի են առնում այդ փաստը, որի վկայությունն է հրթիռների, այլ ոչ թե ինքնաթիռների կիրառումը որոշ գործողություներում: Դա, հավանաբար, պետք է կանխեր նոր դաշնակիցների՝ ռուսների հետ բախումները: Բոլոր դեպքերում խոսքը կաթիլի մասին է ծովում: «Հըզբոլլահն» ունի հարյուր հազար հրթիռ և այդ սպառնալիքին պետք է պատրաստվել:
Israel Hayom, Իսրայել
Հ.Գ. Իսրայելն իզուր է շտապում՝ պատերազմը Սիրիայում չի ավարտվում, Հալեպն ամբողջությամբ դեռ չի ազատագրվել, իսկ ԻՊ-ը վերագրավեց Պալմիրան: Բաշար Ասադի բանակը իր հայտնի ու անհայտ դաշնակիցների հետ կռվում է ոչ միայն սեփական ապստամբների ու ԻՊ-ի դեմ, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի այն ուժերի, որ երբևէ պահանջներ են ունեցել Սիրիայից՝ սկսած Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից վերջացրած Իսրայելով և նրանց հարող պետություններով: Սա պատերազմ է, որտեղ Իրանն ու Ռուսաստանը կռվում են հանուն իրենց շահերի, իսկ Ասադը շահում կամ կորցնում է ոչ միայն իշխանությունը, այլև՝ երկիրը իր ամբողջականությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ