Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ամեն ինչ` առաջին գծի համար

Ամեն ինչ` առաջին գծի համար
08.11.2016 | 00:21

Քնելուց առաջ, Անդրանիկ զորավարի պատվիրանի նման, քնած ժամանակ և արթնանալուց հետո, զօր ու գիշեր գործեք (մտածելն արդեն ուշ է)` առաջին (շփման) գծի համար: Դարեր շարունակ ապրել և ապրում ենք այնպիսի տարածաշրջանում և այնպիսի հարևանների հետ, որ պարտավոր ենք զենքը ձեռքներիս և մատներս ձգանին քնել. այսինքն, մեզ պարտադրված է պետություն-բանակ և բանակ-պետություն դառնալու պատիվը, եթե չենք կորցրել մեր ապրելու բնազդն ու զգացողությունը:

Դեռ 1917 թ. դեկտեմբերի 23-ին Թումանյանը մի նամակում Անդրանիկին գրել է. «Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի` ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու և թե՛ բաղձալի խաղաղությանը հասնելու համար»:
Այսօր վերահաս վտանգից պաշտպանվելու առաջին և միակ երաշխավորները մեր զինվորներն ու սպաներն են. գիշեր, թե ցերեկ, մենք քնած, նրանք` արթուն… Եվ այդ սրբազան պարտքը կատարելու համար մենք` սկսած շարքային քաղաքացիներից մինչև հանրապետության նախագահը, պարտավոր ենք ապահովելու նրանց լույսով, ջերմությամբ, ժամանակակից պաշտպանական և զգուշացնող համակարգերով ու սարքավորումներով, զենք-զինամթերքով, հագ ու կապով, սննդով, հանգստով: Բայց, ցավոք, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք բոլորս ազգովին թերացել ենք այդ հարցում և այսօր, քան երբևէ, մեղավոր ենք Տիրոջ և սահմանապահ զինվորի առաջ, այսօր և դարեր շարունակ… Ինչո՞ւ Տիրոջ առաջ. որովհետև նա մեզ դրախտավայր-հայրենիք տվեց, իսկ մենք այն շան բաժին արեցինք: Ինչո՞ւ սահմանապահ զինվորի առաջ. որովհետև Աստված մեզ խելք ու շնորհք տվեց` մեր երկիր-հայրենիքը շեն, հզոր ու պաշտպանված դարձնելու համար, իսկ մենք աստվածատուր այդ խելքն ու շնորհը արինք նյութին ու շահին ստրուկ, գերի… Եվ այդպես` աստվածուրաց, հայրենադավ ու նյութապաշտ, շահամոլ եկել-հասել ենք մի սահմանագծի, որտեղ արդեն ջրբաժան է՝ կամ, կամ… Կամ մենք վերադառնում ենք, զղջումով ու ապաշխարանքով, մեր Տիրոջը` ջրբաժանի մյուս կողմում թողնելով մեր նախնյաց և մեր բազում մեղքերը, կամ վերանում ենք որպես տեսակ, որպես Աստծո պատկերով ստեղծված, բայց անառակ դարձած տեսակ… Մտածելու ժամանակ չկա, մեր որդիները դարեր շարունակ սպասել և սպասում են մեր օգնությանը, իսկ մենք մեր տան, առանձնատան, պալատի, ապարանքի, դղյակի ու ամրոցի պատերն ենք քանդակում, նախշազարդում, պարիսպներն ենք բարձրացնում, պարիսպների վրա լրացուցիչ դարբնի գեղարվեստ ու հազար ու մի զրթուզիբիլ ենք ավելացնում, բարձրացնում, որ հանկարծ մեր դրկից սոված հարևանն ու տարածքի գող-ավազակները մեր տուն չմտնեն ու չթալանեն: Ահա այսպիսի ողորմելի հոգեբանությամբ ենք մենք մեր «ազնիվ խավի» հետ կողք կողքի եկե՜լ-հասել ջրբաժանին, մինչդեռ սահմանում մեր զինվորներն իրենց մարմինն են պատ ու պարիսպ դնում թշնամու առաջ…


Ես ոչ մեկի այգին քար չեմ նետում, ինձ եմ առաջին մեղավորներից մեկը համարում, ինչո՞ւ: Որովհետև, երբ ծնվեց մեր անկախ հայրենիքը, նրա ծննդյան վկաներից, ուրախացողներից և գուրգուրողներից մեկն եմ եղել, իմ կյանքն ու կայքը չեմ խնայել այդ Նորածնի համար …
Մինչդեռ շահը, նյութը, ագահությունը, չտեսությունը նստած էին մեր մեջ և մեր կողքին, իսկ չարը` մամոնան, քնած չէր բնավ, և մեր ընկերներից շատերը նրա զոհը դարձան, և այդ պատճառով երեկ, այսօր ու դարեր շարունակ մեր հայրենիքը մեր պատկերացրածի պես ամուր ու սիրուն չդարձավ: Այդ ամրությունն ու սիրունությունը նաև վերջին 25 տարում մսխվեց, թալանվեց, գողացվեց, և այսօր այդ ամուր ու սիրուն հայրենիքի տեսլականը մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր առանձնատուն են դարձել, չարի ու անեծքի առանձնատուն և մի քանի հարյուր հաշվեհամար` օտար բանկերում:
Եվ մեղավորը նորից ու նորից ես եմ ու իմ ընկերները, ովքեր այդքան հեշտ զիջեցին իրենց դիրքերը կամ զոհը դարձան չարյաց ատյաններում գրված սցենարների: Նաև մերօրյա մտավորականությունը, ում քսու և լկտի պնակալեզությունը իշխող համակարգին սարքեց ժամանակի թելադրող ու տիրակալ. օլիգարխիայի խոնարհ ու համահունչ նվագակցության ներքո` մեզ ու մեր «խեղճուկրակ» իշխանությանը հասցնելով այս օրվան… Ասածս նորություն չէ. հարյուր տարի առաջ և հազար տարի առաջ էլի էս ենք եղել:


Այսօր էլ ազգափրկիչ ծրագրերի ու միաբանության կոչերի պակաս չունենք, բայց նորից կոտրած տաշտակի կողքին ենք, ու նորից սայլը տեղից չի շարժվում: Այն սայլը, որը մեզ պիտի տաներ դեպի ազգային հոգևոր ու տնտեսական վերածնունդ: Սայլի վրա մեր պատմությունն է, նրա վերջին էջերից մեկը` ապրիլյան քառօրյան, որտեղ ու երբ մենք համոզվեցինք, որ այս երկնքի տակ մեր անվտանգության թիվ 1 երաշխավորը մեր բանակն է ու մեկ էլ Աստված, և դա երբեք իրավունք չունենք մոռանալու: Մոռանալ ասացի, և ականջներիս մեջ զրնգաց մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողություններից մեկի ժամանակ Պատրիկ Մալաքյանի հիշողությամբ հնչեցված նրա հոր՝ Աշոտ Մալաքյանի-Անրի Վեռնոյի, պատգամը. «Հայեր, մի՛ մոռացեք, հայեր, մի՛ մոռացեք… հայեր, մի՛ մոռացեք, հայեր, մի՛ մոռացեք… Եվ այդպես` ամեն օր, հազար անգամ. «Հայե՜ր, մի՛ մոռացեք ձեզ հետ կատարվածը»…


Իսկ չմոռանալ հայերիս համար նշանակում է ազգովին միակամ լինել և զօր ու գիշեր պատրաստվել ու պատրաստ լինել դիմակայելու մեզ սպասող արհավիրքներին, որոնք այսօր ավելին են, քան կարելի է պատկերացնել, իսկ դրանց դիմակայողն առաջին հերթին մեր բանակն է իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ… Էնպես որ, բերեք չքնենք` 1, բերեք չմոռանանք` 2, և 3-րդը` 1 տարի, 10 տարի, կամ ավելի ստույգ, մի ամբողջ կյանք հայտարարենք բանակի տարի, բանակի տասնամյակ կամ կյանք բանակի համար, ու ամենակարևորը` հայտարարենք. «Ամեն ինչ` առաջին գծի համար»: Քանի որ առաջին գծի մեր զինվորն ու սպան ապացուցել են, որ արժանի են դրան և ավելիին… Դժվարը այս պատգամը ուղեղին հասցնելն է: Հենց որ հասցրինք, ու այն մեզ համար դարձավ ապրելու օրակարգ, կարճ ժամանակ անց մեր թշնամիները հերթ կանգնած մեզանից բարեկամություն են մուրալու:


Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ
Զինվորի հայր, արձակագիր

Հ. Գ. Ինչ անուն տալ նրան, ով սեփական ցոփ ու շվայտ կենցաղը և ճոխ ու շքեղ ապահովությունը բարձր է դասում հայրենի պետության կայացումից ու պաշտպանվածությունից:

Դիտվել է՝ 4202

Մեկնաբանություններ