Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

ՌԴ-ԱՄՆ. Սառը պատերազմի թեթև տեսակը

ՌԴ-ԱՄՆ. Սառը պատերազմի թեթև տեսակը
27.10.2016 | 12:57

Ֆուլտոնի համալսարանում «Երկաթե վարագույրի» մասին իր հայտնի ելույթում ՈՒինստոն Չերչիլը զգուշացնում էր Սովետական Ռուսաստանի ագրեսիվ մտադրությունների մասին: Դա նշանավորեց սառը պատերազմի սկիզբը Մոսկվայի ղեկավարած Արևելյան բլոկի և ԱՄՆ ղեկավարած ազատ աշխարհի միջև: Դառնո՞ւմ ենք մենք նոր սառը պատերազմի վկաներ: Առաջին հայացքից Պուտինի ղեկավարած Ռուսաստանի վարքը հիշեցնում է ԽՍՀՄ-ի վարքը, բայց կան և կարևոր տարբերություններ: Նախ՝ Ռուսաստանի միջազգային կարգավիճակը, չնայած վերջին ժամանակներում ձեռք բերած առաջընթացին տարբեր ոլորտներում, չի կարող համեմատվել այն ժամանակների ԽՍՀՄ-ի քաղաքական ու ռազմական հզորության հետ:

Երկրորդ՝ եթե այն ժամանակ Մոսկվան ղեկավարվում էր գաղափարախոսությամբ, համենայն դեպս՝ աշխարհին փորձում էր համոզել (գուցե նաև՝ իրեն) կոմունիստական տնտեսական մոդելի առավելությունների մեջ՝ ազատ տնտեսական համակարգի նկատմամբ, ժամանակակից Ռուսաստանի գաղափարախոսությունը մեծ տերության կարգավիճակի վերականգնումն է ԱՄՆ-ի հետ հավասար՝ նույնիսկ Վաշինգտոնի հետ երկարատև կոնֆլիկտի հաշվին: Սառը պատերազմի ընթացքում եղան մի քանի պահեր, երբ պատերազմը կարող էր վերաճել «տաքի»՝ Ահեղ դատաստանի օրվա պատերազմը, Բեռլինի սովետական շրջափակումը, Կարիբյան ճգնաժամը: Այսօր ևս կա ռազմական կողմը, մասնավորապես՝ ռուսական նավատորմի ներկայության մեծացումը Միջերկրական ծովում, ռուսական հրթիռների տեղակայումը Տարտուսում և ռուս-եգիպտական համատեղ զորավարժությունների անցկացումը (Եգիպտոսը շարունակում է ստանալ շռայլ ռազմական օգնություն ԱՄՆ-ից):

Բայց այս ամենը դեռ չի վերածվել պատերազմի սկզբի իսկական սպառնալիքի և պետք է կարծել, որ Ռուսաստանն ընդունում է ԱՄՆ-ի լիակատար ռազմական գերազանցությունը: Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ համաձայնության չեկան ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կտրուկ վատացման պատճառների հարցում: Արևմուտքը կարծում է, որ պայթյունը 2014-ին էր, երբ Ռուսաստանը սկսեց գործել ՈՒկրաինայում և բռնակցեց Ղրիմը: Ռուսաստանի վարկածով՝ Արևմուտքը տասնամյակներով ստորացնում էր Ռուսաստանին և պարբերաբար հասնում էր նրա ազդեցության թուլացմանը տարածաշրջաններում, որ Ռուսաստանը վաղուց ի վեր համարում էր իր վոտչինան՝ Մերձբալթիկայում, Բալկաններում, Վրաստանում, Միջին Ասիայում, և, իհարկե, ՈՒկրաինայում, որտեղ սկսվել է ռուսական պատմությունը:
Այն սառը պատերազմում Մերձավոր Արևելքը առաջատար դեր ուներ, այսօր ևս կարևոր տեղ ունի: Բայց էական տարբերություն կա անցյալ և ներկա իրավիճակների միջև:

Կոմունիստական Ռուսաստանը, մասնավորապես Ստալինի դարաշրջանում, սիոնիզմին վերաբերում էր խելահեղության մասնաբաժնով՝ սպառնալիք տեսնելով իր գոյության և կոմունիստական գաղափարախոսության հանդեպ: Ավելին՝ Դավիդ բեն Հուրիոնը միանշանակ Իսրայելը արևմտյան ճամբարում տեղակայեց, և երկիրը ակամա հայտնվեց տարածաշրջանում տարբեր ուժերի ներգործության հակազդեցության կենտրոնում: ԽՍՀՄ-ը ռազմական ու քաղաքական աջակցություն էր ցուցաբերում արաբական արմատական վարչակարգերին ու պաղեստինցիներին, իսկ ԱՄՆ-ը հանդես էր գալիս Իսրայելի պաշտպանի դերում: Այս փուլն ավարտվեց Իսրայելի և ամերիկյան զենքի հաղթանակով Ահեղ դատաստանի օրվա պատերազմում և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի արևմտյան ճամբար անցնելով (թեպետ Մոսկվան և նրա սատելիտները շարունակում էին օգնել պաղեստինյան ահաբեկիչներին):


Մերձավոր Արևելքում գերտերությունների ներկա դիմակայությունն այլ իրավիճակում է: Դա ճիշտ է և Իսրայելի համար, որ նորմալ, նույնիսկ կարելի է ասել, բարեկամական հարաբերություններ ունի Պուտինի Ռուսաստանի հետ, և արաբական ու իսլամական աշխարհի տարբեր խաղացողների համար: Եվս մեկ գործոն է ԱՄՆ-ի քաղաքականությունը, որ թույլ է տալիս Ռուսաստանին ավելի ու ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում և Սիրիայում մասնավորապես: Մինչև հիմա այդ իրավիճակը չի վնասել ոչ Երուսաղեմի ու Մոսկվայի հարաբերություններին, ոչ իսրայելական բանակի հնարավորություններին՝ պայքարելու երկրի անվտանգության սպառնալիքների դեմ: Իսրայելը կցանկանար, որ այդպես էլ շարունակվեր: Շատ ավելի տագնապներ է հարուցում Իրանի էքսպանսիան տարածաշրջանում: Երբեմն թվում է, որ ամերիկացիներն ու ռուսները միմյանց հետ մրցում են Իրանի լավագույն բարեկամի կոչումի համար: Վաշինգտոնը ուշադրություն չի դարձնում Իրանի միջուկային ծրագրի ոլորտում խախտումներին և նրան, որ Թեհրանը Բաշար Ասադի գլխավոր դաշնակիցն է: Ռուսաստանը համագործակցում է Իրանի հետ ոչ միայն Սիրիայում, այլև միջուկային էներգետիկայի ոլորտում («բացառապես խաղաղ նպատակներով») և զենիթային հրթիռներ է մատակարարում: Ահա այսպիսին է ներկա սառը պատերազմը: Իսրայելը կձգտի, որ այս պատերազմն էլ իր կողքով անցնի:
Զալման ՇՈՒՎԱԼ, Israel Hayom, Իսրայել


Հ.Գ. Արդեն լավ է, եթե տարածաշրջանում բոլոր պետություններն այդպես մտածեին, պատերազմը մի շաբաթում կավարտվեր: Իրականում, սակայն, Իսրայելն էլ իր շահերն ունի ու արաբական աշխարհի հետ իր չավարտված պատերազմը: Իր փոփոխական հարաբերությունները Թուրքիայի ու Եգիպտոսի հետ, թշնամանքը Իրանի նկատմամբ, հավելեք պաղեստինյան կոնֆլիկտը և կստանաք մի երկիր, որ առանց այդ էլ ապրում է սառը պատերազմում, բայց վատ չի ապրում ու զարգանում է առանց էներգետիկ ռեսուրսների բնական պաշարների, անապատի ու պատմության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ