Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հոկտեմբերի 26-ին շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: