Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում: Ըստ ծրագրի` նախատեսվում է զինված ուժերի ազգային կարողությունների և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացում, զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացում. մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը զուգահեռ՝ հանրային իրազեկման պատշաճ ապահովում, բանակ-հասարակություն կապի զարգացում, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ապահովում, հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդում:
Նախատեսված է պաշտպանական ռազմավարական պլանավորման, ծրագրային բյուջետավորման ներդրման, ռազմական ոլորտի գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացում, ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետության և տնտեսական շահավետության ապահովման և այդ ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ աշխատանքների իրականացում, արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգի ստեղծում, ռազմական կրթության ոլորտում ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերի ներդրում:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների համար պատշաճ սոցիալական երաշխիքներ են ապահովվելու: Ծրագրով նախատեսված է զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցության ապահովում՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց, կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում: