Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր M» հրթիռային համալիրները «ՀՀ սպառազինությունն է, որը ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին»՝ հայտարարեց ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են այդ համալիրները, և հավելեց. «Մոտակա ժամանակ Դուք դրանում ևս կհամոզվեք: Այսինքն՝ ոչ կիրառման առումով, պատրաստության ծրագրերի առումով»: «Ռուսական աղբյուրներից մեկում նշված էր, որ «մեր հայ բարեկամների համար մենք տրամադրել ենք «Իսկանդեր M» տեսակը, որը շուրջ 500 կիլոմետր շառավղով կարող է խոցել Ադրբեջանի ցանկացած մաս, քաղաք»,- այս դիտարկմանը Տոնոյանը արձագանքեց. «Մեր դաշնակից Ռուսաստանի իշխանությունները ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում չեն խախտել որևիցե հրթիռային տեխնոլոգիաների սահմանափակման կամ համաձայնագրերի որևիցե կետ: Այն, ինչ մենք ունենք, չի խախտում որևիցե համաձայնագիր Ռուսաստանի, նաև՝ Հայաստանի պարտավորություն»: «Իսկանդեր M»-ի հեռահարությունը, ըստ պաշտպանության փոխնախարարի, «բավարար է, որ խոցվեն հակառակորդի, ցանկացած հակառակորդի կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներ»: Նրա խոսքով՝ «հայկական Զինված ուժերում շատ լուրջ վերազինում է իրականացվում, ընթացիկ է այդ վերազինումը»:
«Ոչ մի սահմանափակում գոյություն չունի ՀՀ համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման, և, այսպես ասեմ, ազատականացված է այդ շուկան: ՈՒղղակի գոյություն ունեն որոշ սահմանափակումներ ԵՄ անդամ երկրների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ չմատակարարման կոնֆլիկտային տարածաշրջաններ, որտեղ որ կան ճգնաժամեր և այլն»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը՝ շարունակելով՝ «Այդ սահմանափակումներն են, որ որոշակի մեզ, մեր համագործակցությունը նեղ միջանցքներում է պահում, այսպես ասած: Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ կամ ՀԱՊԿ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդտեղ մենք ամբողջությամբ ազատ ենք, և ես կարծում եմ՝ այն զինտեխնիկայի ցուցադրությունը այնքան էլ համահունչ չէ մեր տնտեսական զարգացմանը: Եվ Ռուսաստանը, մասնավորապես, կատարում է իր դաշնակցային պարտավորությունները մեզ հետ ռազմական տեխնիկայի առումով»:
«Ադրբեջանական բանակում կան նոր զինատեսակներ, դրանք հիմնականում այդ T-90 տանկերն են, և վերջին շրջանում նրանք բավական մեծ քանակությամբ զենքեր են ձեռք բերել: Հիմա, ըստ էության, այս նոր հրթիռային համալիրների ձեռքբերումով մենք ունենք առավելություն այդ ամենի նկատմամբ՝ կարո՞ղ ենք այդպես ասել»,- այս հարցին էլ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը պատասխանեց. «Մենք ունենք օպերատիվ-մարտավարական, ռազմավարական մակարդակի խնդիր: Այն ձեռքբերումները, որ Ադրբեջանը այս պահին հագեցված է այն ռազմական տեխնիկայով, չունի առավելություն մեր նկատմամբ, բայց, և ընդհանրապես, այսօրվա ռազմարվեստում խնդիրները ավելի շատ լուծվում են մեր զինծառայողների, հատուկ նշանակության ստորաբաժանումների բարձր պատրաստվածության հաշվին»: