Ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքում երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև մեկ ոստիկան։
«Էրեբունի ԲԿ ժամը 1-ին ընդունվել է երեք վիրավոր, որոնցից 1-ը ոստիկանության աշխատող: Ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել են համապատասխան միջամտություններ՝ վիճակը համարվում է կայուն: Ընդունվել են նաև Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը, որոնց համապատասխան միջամտություն է կատարվել»,- ասաց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Ըստ Էրեբունի ԲԿ–ի իրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանի՝ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, կատարվել է վիրահատություն, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: «Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով»,- հաղորդեց նա։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Պավել կամ Արամ Մանուկյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, հիվանդանոցի ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ այս պահին երկու տուժածի վիճակը ծանր է, սակայն կայուն և վերահսկելի:
«Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում: Մենք կատարում ենք ցավազրկողների, քնաբերների ներարկումներ, որպեսզի կայուն մինչև առավոտ լինեն հանգիստ վիճակում: Այս պահին առկա հիմնական վտանգների դեմ միջոցառումներ են կատարվում»,-նշեց բժիշկը:
Ըստ բժշկի՝ ոստիկանի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս երկուսինը՝ ծանր: Նրանց կյանքին վտանգ է սպառնում: