«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Պատերազմի հոտը

Պատերազմի հոտը
15.07.2016 | 12:12

Ես տասը տարեկան էի, երբ սովորական մի առավոտ վեր կացանք և նախաճաշի սեղանի շուրջ նստած՝ լսեցինք խուլ մի պայթյուն, որին հաջորդեցին երկրորդը, երրորդը… Հայրս՝ փորձառու հրամանատարի լսողությունը լարելով, մեզ հորդորեց արագ հավաքվել ու պատսպարվել ապաստարաններում, այսինքն՝ խոնավությամբ բուրող նկուղներում, որոնց հոտը պատերազմ տեսած ամեն մի երեխայի մտքում ողջ կյանքում արթնացնում է ամենատխուր հիշողությունները։

Պատերազմից քսան տարի անց, երբ խոնավության հոտ ես առնում, ակամայից հիշողությանդ մեջ արթնանում են այդ տարիների ահասարսուռ պատկերները։ Երբ կարծես թմբիրի մեջ մանկական աշխարհընկալումդ չի ըմբռնում, որ կարող է այդ ամենն իրականություն լինել… շարունակվող անավարտ երազ է թվում, երբ մարդկանց հոսքը կտրում-անցնում է սարեր-ձորեր՝ բոլորի հայացքներում իրենց մանուկներին փրկելու ցանկությունը դրոշմված, ու հանկարծ գլխավերևումդ ուղղաթիռի մահասփյուռ թևերն են շարժվում, ու դու հասկանում ես, որ այլևս ոչ մի վայր չկա քո և փոքրիկ եղբորդ փրկության համար։ Իսկ մեր հայրիկը, մեր մանկական պատկերացմամբ, հեղինակն էր խուլ ձայն արձակող ողջ կրակահերթի։ Հայրս իմ հերոսն էր, որ կռվում էր հեռու մի դաշտում, որը կռվի դաշտ էին կոչում, ու որտեղ թուրքերը փորձում էին մեր հողերը գրավել։ Եվ երբ երջանիկ պատահականությամբ հայրիկիս տեսնում էինք այն ժամանակվա սև-սպիտակ էկրանին, պատերազմական գոտում երբեմն կատարված նկարահանումների հատուկենտ սյուժեներում, հպարտության այնպիսի զգացում էր պատում մեզ, որն ուղեկցվում էր մեր՝ միմյանցից թաքուն պահած արցունքներով։ Ամեն պահ հայրիկին այլևս չտեսնելու վախը մեր թաքնված գիտակցության մեջ թափառում էր հատկապես երկար թվացող անքուն գիշերներին։ Իմ մանկության այդ ահասարսուռ երազը, ցավոք, շուտ չավարտվեց… մինչ օրս շարունակվում է։


Պատերազմից շատ տարիներ անց, երբ գործընկերուհուս հետ պատահաբար մտանք մի նկուղ, որտեղ տպագրական աշխատանքներ էին իրականացվում, խոնավության հոտն առնելով՝ ակամայից երկուսս էլ նույն նախադասությունն ասացինք՝ այս հոտն այն օրերն է հիշեցնում, երբ պատին ամրացված ռադիոընդունիչը ազդարարում էր օդային հերթական տագնապի մասին, ու մենք՝ ահ ու սարսափի մեջ, մեր մայրերի ձեռքից ամուր բռնած, վազում էինք դեպի մեր փրկության կղզին՝ խոնավ, առանց պատուհանի «պադվալը»։
Պատերազմի հոտն ինձ համար ողջ կյանքում մնաց ոչ թե վառոդի հոտը, այլ այդ նկուղի խոնավության հոտը։


Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ