Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մի «տխրության» պատմություն «ուրախ» ավարտով

Մի «տխրության» պատմություն «ուրախ» ավարտով
28.06.2016 | 11:37

Մոսկվա-Անկարա քաղաքական թռիչքները վերսկսվեցին: Նրանք սլացիկ վերադարձան եղբայրական հարաբերությունների հարթակ: Նույնիսկ Անկարայի էլիտար քաղաքական-տնտեսական-դիվանագիտական մտքի ծնունդ 9 կետերի կարիքը չեղավ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասաց՝ կներեք, ու ռուսական փխրուն ու բարի սիրտը հալվեց սիրո ու փոխըմբռնումի ջերմությունից:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղերձի մասին, նա ներողություն է խնդրել «Սու 24» ռմբակոծիչի խոցման համար և ավելին՝ «շահագրգռություն է հայտնել՝ ռուսական ռազմական օդանավի կործանմանն առնչվող իրավիճակի կարգավորման կապակցությամբ»: Պեսկովը հավելել է, որ «Թուրքիայի նախագահը ուղերձում կարեկցանք ու խորին ցավակցությունն է հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին ու ասել է՝ «կներեք»: Հիմա՝ Էրդողանն ումի՞ց է ներողություն խնդրել՝ Պուտինի՞ց, թե՞ Պեշկովի ընտանիքից: Տարբերություն, համենայն դեպս, կա, բայց նկատի չի առնվի: Kremlin.ru-ն հրապարակում է Էրդողանի ուղերձը, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար բարեկամ է ու ռազմավարական գործընկեր, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանում հարաբերությունները փչացնել: «Մենք երբեք ցանկություն ու ծրագրված մտադրություն չենք ունեցել խփելու ՌԴ-ին պատկանող ինքնաթիռը»՝ բացատրել է Էրդողանն ու անկեղծացել. «Ես նորից եմ ուզում իմ կարեկցանքն ու խորին ցավակցությունները հայտնել զոհված օդաչուի ընտանիքին և ասում եմ՝ կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք իբրև թուրքական ընտանիք: Հանուն ցավը և ծանր վնասը թեթևացնելու մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»:

Այս ամբողջ պատմության մեջ ամենաարգահատելին այն է, որ ոչ ոք չի հարցնելու՝ իսկ Պեշկովների ընտանիքը ուզո՞ւմ է «թուրքական ընտանիք» լինել ու Էրդողանի բառերով ասած «ծանր վնասը թեթևացնել», համաձա՞յն է արյան դիմաց՝ փողին: Միջպետական հարաբերություններում Պեշկովները զինվորիկներ են, որոնց վերապահված է հպատակի դեր՝ ողջ են, թե սպանված: Վերջ: Ռուս կանայք Թուրքիայում այլևս Նատաշա չեն (թարգմանաբար՝ պոռնիկ), բոլոր ժամանակների ու ժողովուրդների զորավար Ժիրինովսկին հայկական գնդերով չի գրավի Արարատը, հաջորդ Պետդուման չի հիշի Կարսի, Մոսկվայի պայմանագրերը անօրինական ճանաչելու անհրաժեշտությունը: Ռուսաստանն ու Թուրքիան եղբայր են, նրանց միավորեց ընդհանուր թշնամին՝ Եվրոպան, որ Անկարայի առաջ դռները չի բացում ու պահանջում է պարտավորություններ կատարել, որ Մոսկվայից չի հանում պատժամիջոցներն ու պահանջում կատարել պարտավորությունները:

Արևմուտքի առաջ Արևելքը նորից հագավ ռուս-թուրքական զրահը ու գրողի ծոցը, թե մինչ այդ իրար ինչ էին ասում, կա քաղաքական շահ ու կա քաղաքականություն, որ անբարոյականություն է, որովհետև այդպիսին են քաղաքական գործիչները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հունիսի 10-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում էր, որ թուրքական արդարադատությունը փորձում է «ծածկադմփոց անել» նոյեմբերի 24-ին ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը և ուշադրություն էր հրավիրում թուրքական իշխանությունների մերժմանը` պատասխանատվության կանչելու Ալփարսլան Չելիկին, որը կասկածվում է նրա սպանության մեջ և հայտարարում էր. «Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել գտնելու և պատասխանատվության կանչելու օդաչուի մահվան համար բոլոր պատասխանատուներին` ոչ միայն Չելիկին, այլև գործին մասնակից բոլոր գրոհայիններին»: Իսկ հունիսի 17-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին էր հայտարարում՝ «Թուրքիան ոչ մի հանցանք չի գործել՝ խոցելով ռուսական օդանավը։ Հետևաբար ներողություն խնդրելու հարց չի կարող լինել։ Տխրեցնող էր օդանավը խոցելուց հետո կատապուլտված ռուս օդաչուի սպանությունը։ Կարծում եմ, որ ռուսներն էլ տխուր կլինեն, որ թուրքական օդային սահմանները դիտավորյալ խախտել են»: Հիմա Պեսկովը չի՞ պահանջելու Զեյբեքչիի հրաժարականը: Թե՞ ռուսներն ուզում են հանգստանալ Անթալիայում, թուրքերն ուզում են պոմիդոր վաճառել Ռուսաստանին: Հավելեմ, որ Անկարան համարյա միաժամանակ հարաբերությունները բարելավում է Իսրայելի հետ, ու հստակ է դառնում Ռուսաստան-Իսրայել-Թուրքիա եռանկյունին տարածաշրջանում: Հանուն ինչի՞ կամ ում դեմ:

Դիտվել է՝ 2329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ