Հունիսի 21-23-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը:
Պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել ՌԴ ՊՆ, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Աշխատանքային այցի շրջանակում «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ հանդիպման արդյունքում Դավիթ Տոնոյանը և ԵրՄՄԳՀԻ ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանում «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու և ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-15-ին անցկացնելու վերաբերյալ: Միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի անցկացման միջոցառումների պլանում: