Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Զինվորական բյուրոկրատիայի խրախճանքը հաշմանդամի մահճի մոտ

Զինվորական բյուրոկրատիայի խրախճանքը հաշմանդամի մահճի մոտ
07.06.2016 | 09:36

Ձեռքիս տակ մի ամբողջ փաթեթ է, ազատամարտիկի կնոջ՝ Հռիփսիմե Հակոբյանի դիմումներն ու խնդրագրերը՝ ուղղված ամենատարբեր ատյանների, լեցուն հոգսերով և ներծծված դառնության արցունքներով։

1989-ին Սուրեն Գասպարյանն անհոգ ապրում էր Գերմանիայում, ուներ բարեկեցիկ ընտանիք, գերմանուհի կին և երեխաներ։ Սակայն Արցախում բռնկած պատերազմը Սուրենին վերադարձնում է հայրենիք։ 1989-1995 թվականներին նա մասնակցում է բազմաթիվ մարտերի, ծանր վիրավորվում է, կորցնում է եղբորը, և երկար ժամանակով գամվում է անկողնուն։ Հայրենիքում նա ընտանիք է կազմում, այսինքն` վերջնականապես արմատներ է գցում մայր հողում։ Անհեթեթ մի դիպվածով նրա փաստաթղթերը կորչում են, և այս նվիրյալ զինվորը մնում է ճակատագրին դեմ հանդիման, հայրենիքից լքված, որ հանուն անկախության կարողացավ բեկել սեփական կյանքի խաղաղ և հարմարավետ ընթացքը։ Երկար ու ձիգ քաշքշուկից հետո ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Սուրեն Գասպարյանին անձնագիր է «շնորհում»։ Եվ՝ վերջ։ Մինչ օրս անլուծելի է մնում մի խնդիր, որը պետք է լուծվեր ինքնաբերաբար։ Ամենուր նրա կողքին էին և են մարտական ընկերներն ու կինը։ Նրա դեմ էր անդեմ, բայց և այնպես ահարկու մի երևույթ՝ Հայաստանի վարչառազմական բյուրոկրատիան։

ՏԵՂԵԿԱԳԻՐ
«Զորավար Անդրանիկ» Հայոց համազգային միության հասարակական կազմակերպության խորհուրդը պատիվ ունի Ձեզ հայտնելու՝ ազատամարտիկ Սուրեն Գասպարյանը՝ մարտադաշտում կնքված Ռեմբո, 1989-ին կամավոր անդամագրվել է մեր միության շարքերում։
Սույն գրությամբ հավաստիացնում ենք, որ Սուրեն Գասպարյանը 1989-ից անդամագրվեց ազատագրական պայքարին, անցավ Արցախյան ազատամարտի ծանր ու փառավոր ուղիով մինչև 1995 թվականը։
Հարգանքով՝ «Զորավար Անդրանիկ» ՀՀՄ հիմնադիր-նախագահ Ն. Մուշեղյան։
10.10.2011 թ.։

Տեղեկացնենք, որ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ կազմակերպիչ Ն. Մուշեղյանը 1960-ականների աշխարհահռչակ ըմբշամարտիկ, աշխարհի գավաթակիր Նորայր Մուշեղյանն է։ Սակայն նրա հեղինակավոր անունն էլ առ ոչինչ է ոմանց համար։

Հռիփսիմե Հակոբյանը, բազմիցս դիմելով վերադաս ատյաններին, մի բան է խնդրում՝ ՀՀ կառավարության 2000-ի նոյեմբերի 27-ի թիվ 778-Ն որոշման համաձայն ամուսնուն հաշվառել որպես զինվորական հաշմանդամ, տալով համապատասխան կարգավիճակ։ Սակայն վաղուց է հայտնի՝ զինվորական բյուրոկրատիան ունի մի տրամաբանություն, որն արմատապես հակոտնյա է մարդկային բարոյականությանը։ Բարեբախտաբար, երկրի պաշտպանական համակարգում կան պատվարժան սպաներ, և ահա նրանցից մեկի արձագանքը։
Շահումյանի զինվորական կոմիսարին, պատճենը՝ Հռիփսիմե Հրաչյայի Հակոբյանին, ք. Երևան, Հաղթանակի փ. 9, տուն 25։


Ձեզ եմ ուղարկում Հռիփսիմե Հակոբյանի դիմումի պատճենը՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին։ Պահանջում եմ. 16.06.2014 թ. N 672 հրամանի համաձայն պատրաստել 1961 թ. ծնված Սուրեն Աղվանի Գասպարյանի փաստաթղթերը՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու համար և ուղարկել ՀՀ զինվորական կոմիսարիատ։
ՀՀ զինվորական կոմիսար,
գնդապետ Հ. Մուրադյան
23.08.2014 թ.։

ՀՀ զինվորական կոմիսարի որոշումը ինչ-ինչ պատճառներով չի կատարվում։ Գործը հասնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Ահա նրա որոշումը. «Քաղաքացի Հռիփսիմե Հակոբյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով խնդրել է վերջինիս աջակցությունն իր ամուսնու իրավունքների պաշտպանության հարցում։ Մասնավորապես ամուսինը՝ Սուրեն Աղվանի Գասպարյանը, պատերազմի տարիներին (1989-1995 թթ.) մասնակցել է մարտերին, մարտի ժամանակ բազմիցս վիրավորվել է, բեկորից կորցրել է ձախ ձեռքի դաստակի կեսից ավելին և այժմ գամված է անկողնուն, սակայն մինչ այժմ ամուսնուն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու և որպես զինհաշմանդամ հաշվառելու հարցը չի կարգավորվել։
Դիմումում բարձրացված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով պաշտպանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է, որ 2015-ի հոկտեմբերին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Սուրեն Գասպարյանին ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու և որպես զինհաշմանդամ հաշվառելու վերաբերյալ քաղաքացի Հռիփսիմե Հակոբյանի դիմումը։ Դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ դիմումատուին գրավոր պատասխան է ուղարկվել։
Տեղեկացրել են նաև, որ Սուրեն Գասպարյանին ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցը հնարավոր կլինի ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պարագայում։
Կարեն Անդրեասյան
17.01.2016 թ.

Մեկնաբանության անհրաժեշտություն կա՞։ Վստահաբար՝ ոչ։ Հավելենք միայն, որ ՀՀ պաշտպանության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին Հռիփսիմե Հակոբյանն ուղարկել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կից ներկայացրել է վերոնշյալ հանձնաժողովին ուղղված իր դիմում-խնդրանքում։ Մեզ մի բան է այժմ մնում անել, սպասել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ավելի ստույգ՝ անձամբ նախարար պարոն Սեյրան Օհանյանը, սույն խնդիրը կվերցնի իր անձնական հսկողության տակ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ