Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թող ամեն մեկն իր գործով զբաղվի՞

Թող ամեն մեկն իր գործով զբաղվի՞
24.05.2016 | 12:23

Երեկ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ԼՂՀ Մարտակերտի շրջանում տարածքների մասին հարցին, ասել է. «Ամեն մեկը պետք է իր խնդիրներով ու պարտականություններով զբաղվի։ Կարծում եմ, հասկանալի է, որ ԼՂՀ ղեկավարությունը և ռազմա-քաղաքական ղեկավարությունը քննարկում են այդ խնդիրները։ ՈՒզում եմ նորից հայտարարել. այդ տարածքներում դիրքերն այնպես են դասավորված, որ վերահսկողությունը, նախաձեռնությունը, իսկ անհրաժեշտության դեպքում խոցելու բոլոր նախաձեռնությունները գտնվում են ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ձեռքում։
Պաշտպանական և հարձակողական գործողությունների ժամանակ միշտ դիրքերի փոփոխություն է լինում, սակայն այն չպետք է հետ պահի հարցի գլոբալ լուծումից։ ՊԲ-ն կատարել է իր բոլոր խնդիրները»:


Ի՞նչ է սա նշանակում: Սեյրան Օհանյանը սկսել է զբաղվել հարցի «գլոբալ լուծումո՞վ», իր գործով ո՞վ է զբաղվում: Տեսականորեն պաշտպանության նախարարը ճիշտ է՝ «Ամեն մեկը պետք է իր խնդիրներով ու պարտականություններով զբաղվի», բայց գործնականում եթե այդպես լիներ, այսօր կամավորականներն ու «Երկրապահը» ԼՂՀ-ում չէին լինի, ՀՀ նախագահը մետրերի ու հեկտարների մեջ չէր խճճվի, «Եռաբլուրում» նոր շիրիմներ չէին ավելանա, «գլոբալ» ու «լոկալ» հարցերը չէին խառնվի: Թե ինչպես են դիրքերը դասավորված և ում են օգնում, ում խանգարում՝ ռազմական տեսակետից բացի, ունի նաև քաղաքական, իրավական, դիվանագիտական ու բարոյահոգեբանական նշանակություն, որ Սեյրան Օհանյանի համար գուցե զրո է, բայց դա արդեն իր ընկալումների հարցն է: Եթե չլինեին այդ հեկտարները, այսօր Իլհամ Ալիևը բոլորովին այլ դիրքերից ստիպված կլիներ բանակցել ու ՄԱԿ-ին չէր դիմի 1994-ի զինադադարից հրաժարվելու դիմումով, չէր հոխորտա իբրև անկախ Ադրբեջանի առաջին հող նվաճած նախագահ և քաղաքական բոլորովին այլ դիրքերից ստիպված կլիներ բանակցել: Խախտվել է ԼՂՀ Սահմանադրությունը, և դա բավարար հիմք է, որ հեկտարների ու մետրերի մասին ընդհանրապես խոսակցություն չլինի, Սահմանադրությունը պետք է գործի լիակատար՝ սա է միակ խնդիրը: Բարոյահոգեբանական նշանակության մասին խոսելն ավելորդ է՝ երբ զինվորը պատրաստ է կռվել, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը սկսում է մետր/մարդ հաշվարկը, արդեն նահանջ է: Չի կարելի գլխատել հաղթանակի հնարավորությունը: Հայկական դիվանագիտության մասին խոսակցությունն ընդհանրապես ապրիորի է, երբ պետությունը կասկածի տակ է դնում իր ինքնիշխանությունը: Դիվանագետների տակից հանում են հողը ու ասում են՝ բանակցեք լավագույն արդյունքի համար: Այդ պայմաններում արդյունքը ավելին լինել չի կարող, քան կա: Սխալների սխալը քաղաքական է՝ Հայաստանն այսօր անիմաստ է համարում վտանգել զինվորներին, ռազմական տեխնիկան, երբ բանակցությունների սեղանին մադրիդյան սկզբունքներն են, որոնցով տարածք է հանձնելու:

Սա է խնդիրը, որ այսօր չի ծագել: Ինչո՞ւ 1994-ին կնքվեց զինադադար, ոչ թե կապիտուլյացիոն համաձայնագիր, ինչո՞ւ պարտված Բաքուն կարողացավ հաղթանակ կորզել: Դարձյալ ծագում է ինքնիշխանության խնդիրը: Որովհետև զինադադարը Հայաստանին պարտադրվեց, ու Հայաստանը տեղի տվեց: Հետո «մոռացավ», որ պատերազմը չի ավարտվել, իսկ Բաքուն մոռանալ չէր կարող, որովհետև իր ամբողջ գոյությունը իբրև անկախ պետություն կառուցեց պատերազմում պարտության ու հայերի նկատմամբ ռևանշի, ատելության, հաղթանակի ձգտման վրա: Որովհետև ի վերջո՝ ամեն մեկն իր գործով չզբաղվեց և շատ ուշ է Սեյրան Օհանյանը հորդորում ամեն մեկին իր գործով զբաղվել, առավել ևս, երբ փաստացի՝ ինքը իր գործով չի զբաղվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շատ կարևոր է, թե ինչ են ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչ են ասում ԵԱՀԿ-ն ու միջազգային մյուս կառույցները, կարևոր է, թե Ադրբեջանը ինչ ասում ու ինչ է անում, բայց կա ամենակարևորը՝ Ստեփանակերտը պիտի որոշի՝ ինչ է ուզում ու ինչ է անում, որովհետև ոչ թե մյուս գործոններով պետք է քո դիրքորոշումը պայմանավորես, այլ անես՝ ինչ ճիշտ ես համարում, ու այդ դեպքում արդեն գործոնները կդառնան քեզ աջակից, իսկ եթե խոչընդոտեն, պիտի գործադրես դիվանագիտությունդ, լրատվամիջոցներդ, հասարակական կարծիքը: Մինչև հիմա մենք գնում ենք հակառակ ճանապարհով՝ սպասում ենք, թե ինչ կասեն ու ինչ կանեն կոնֆլիկտի մեջ ներքաշված բոլոր ուժերը, որ ըստ այդմ փորձենք ստանալ առավելագույն նպաստավոր վիճակ: Չի լինում այդպես: ՈՒ բոլոր նրանք, ովքեր այսօր լալահառաչ ու զգացմունքային ելույթներ են ունենում հայ զինվորի մասին, պիտի մտածեն նրան պաշտպանել, ոչ թե նրա վրա թողնել քաղաքական ու դիվանագիտական, ռազմական սխալները վերջինն ուղղելու գործը:

Դիտվել է՝ 2840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ