Այսօր պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ սահմանում վիճակը հարաբերական հանգիստ է և կրակոցների թիվը շատ քիչ է: «Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության հետ, ԼՂՀ-ի սահմաններում կրակոցների թիվն այսօր շատ քիչ է, փորձում են պահպանել հրադադարի ռեժիմը։ ՊԲ-ի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը։ Շաբաթ օրը ՊԲ-ի առաջին գծում էի, ասեմ, որ տրամադրությունները շատ բարձր էր, ստորաբաժանումները պատրաստ են իրենց մարտական խնդիրները կատարելու»,- հավելեց Սեյրան Օհանյանը` անդրադառնալով այս օրերին ամենաշատ քննարկվող, այսպես ասած, կորցրած տարածքներին:
«Եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այս տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և կարծում եմ, բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի,- նկատեց պաշտոնյան՝ հավելելով.- Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ և դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության, նախաձեռնության, կրակային խոցման առումներով, պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի»:
Շնորհակալություն հայտնելով ողջ ժողովրդին, կամավորներին ու պատերազմի բոլոր մասնակիցներին, պաշտպանության նախարարը կամավորականների վերադարձի առնչությամբ շեշտեց. «Նրանց անհրաժեշտությունն այլևս չկա։ Տարբեր ստորաբաժանումներ լիարժեք իրականացնում են իրենց խնդիրը, նրանք հերթափոխել են և նորից վերադարձել են»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ