Մայոր Էդիկ Մալոյանն իր մի քանի մարտիկների հետ մարտի է դուրս եկել հակառակորդի 150-հոգանոց խմբի դեմ ու կարողացել վերադարձնել գրավված մարտական դիրքը: Ապրիլի 2-ի գիշերը ՊԲ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար Էդիկ Մալոյանին տեղեկացրել են, որ հակառակորդը հարձակում է գործել: Էդիկն ու իր 6 մարտիկները, որ պետք է հետ բերեին գրավված դիրքերից մեկը, չեն պատկերացրել, որ հակառակորդն այդքան մեծաքանակ է:
Երբ մոտեցել են դիրքին, հասկացել են, որ գործ ունեն հակառակորդի 150- հոգանոց խմբի հետ, սակայն վերադառնալու որոշում չեն կայացրել, որոշել են մնալ ու մարտ մղել: Հակառակորդի հետ մեկուկես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել իրարից 30 մետր հեռավորության վրա: Էդիկն ու իր մարտիկները շրջանցել են դիրքը, հարվածել են աջ թևից ու անակնկալի բերել հակառակորդին: Նրանց գրոհից խուճապի են մատնվել, նահանջել:
Էդիկին ու իր մարտիկներին հաջողվել է հետ բերել դիրքը: Այդ դիրքում նախքան Էդիկի ու իր մարտիկների հասնելը հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ ՈՒրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան ՈՒրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանը մինչև հնարավոր վերջին պահը մարտ է մղել և վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց: