Եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլև շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն՝ հունական Ef.Syn-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
-Ինչպե՞ս սկսվեց վերջին պատերազմը:
-Արդեն 22 տարի է, որ գոյություն ունի հրադադարի համաձայնագիրը, բայց այդ 22 տարիների ընթացքում միշտ ադրբեջանցիների կողմից եղել են հարձակումներ ոչ միայն հայկական դիրքերի, հայ զինծառայողների, այլև հայկական գյուղերում և հասարակ բնակիչների դեմ: Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից աճող ագրեսիայի նշաններ և զորքերի կուտակումներ մեր սահմանների մոտ: Մենք շարունակաբար ընդգծել ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, որ ադրբեջանցիները զենք ու զորք են կուտակում և ավելացնում են իրենց ագրեսիվությունը, բայց և դիվանագետները, և միջազգային լրատվամիջոցները անտեսեցին դրանք: Ադրբեջանը տարիներ շարունակ պատերազմը վերսկսելու պայմաններ է ստեղծել:
Ես չեմ խոսում միայն Ադրբեջանի սպառազինությունների աճի և հակահայկական քարոզչության, այլև Բաքվի կողմից Մինսկի խմբի առաջարկներից շարունակաբար հրաժարվելու մասին: Եվ ապրիլի 2-ին Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ ոչ միայն հարձակում էր մեր երկրի, այլև Մինսկի խմբի խաղաղության ջանքերի դեմ: Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են համաշխարհային խաղաղության ու տարածաշրջանային կայունությանը:
-Ինչո՞ւ պատերազմը հենց հիմա սկսեցին:
-Կան բազմաթիվ պատճառներ: Ադրբեջանն իր երկրի ներսում գտնվում է շատ բարդ իրավիճակում, նա բազմաթիվ խնդիրների է բախվում թե ներսում, թե միջազգային ասպարեզում: Սա նրանց համար միակողմանի երթևեկությամբ փողոց էր:
-Արդյոք այդտեղ դե՞ր են խաղացել նավթի և գազի գների անկումը, ինչը Բաքվին մեծ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնեցրել, նաև դաշնակից Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը:
-Ես չեմ խորանա պատճառների վերլուծության մեջ, միայն մի կարևոր դիտարկում կանեմ: Ադրբեջանի ղեկավարությունն ու նախագահը չեն ուզում տեսնել խնդրի դիվանագիտական ու բանակցությունների ճանապարհով լուծում: Եթե նա չի ստանում այն, ինչ ուզում է, նա կարող է վերսկսել պատերազմը: Այնպես որ, նրանք պատասխանատվություն են կրում սանձազերծված պատերազմի համար։ Մենք վստահ ենք, որ Բաքուն շարունակելու է պատերազմի ուղին:
-Այդուհանդերձ, Թուրքիան խրախուսում է Բաքվին, պատերազմից մի քանի օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «մինչև վերջ» կաջակցի Բաքվին և Ղարաբաղը «մի օր կվերադառնա օրինական սեփականատիրոջը՝ Ադրբեջանին»:
-Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամությունն ու համագործակցությունը երեկ չի սկսվել: Արդեն 1988-ից, նախքան ԽՍՀՄ փլուզումը, Անկարան Բաքվի կողմից էր: Տարիներ շարունակ Թուրքիան զինում և վարժեցնում է ադրբեջանական բանակը, որի նպատակը պատերազմն է:
-Նախկինում Ռուսաստանի համակրանքը կարծես Հայաստանի կողմն էր, սակայն վերջին պատերազմում Մոսկվայի հետ կային որոշակի տարաձայնություններ և նրանք նաև զենք են վաճառել Բաքվին:
-Ռուսաստանը դարեր շարունակ հեգեմոն դեր ունի Կովկասում՝ կապված իր դիրքի ու մեծության հետ, ու դա նորմալ է: Իհարկե, մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց նա զենք է վաճառում նաև Հայաստանին: Այս խնդիրը մենք բազմաթիվ անգամ բարձրացրել ենք ռուսական կողմի առջև: Բայց քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել դիվանագիտական և խաղաղ միջոցներով, տարբեր երկրների կողմից զենք է վաճառվելու: Ադրբեջանը զենք է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև Իսրայելից և որոշ եվրոպական երկրներից:
-Ի՞նչ լուծում կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
-Լուծումն ավելի հեշտ կլինի, եթե տարածաշրջանի ժողովուրդներն առաջ ընթանան ժողովրդավարության ճանապարհով և երկրների կառավարություններն ունենան ժողովրդական մանդատը: Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու ժողովուրդների ինքնիշխանությանը, նաև Արցախի ժողովրդի ինքնիշխանությանը, որն ինքնորոշման իրավունք ունի, որին հասել է ժողովրդավարական ճանապարհով:
-Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորները բարձրացրել են Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Արդյո՞ք սա ճնշման ձև է՝ խուսափելու համար Ադրբեջանի ագրեսիվ քայլերի կրկնությունից ԼՂ-ում:
-Ես ցանկանում եմ, որպեսզի պարզ լինի, որ եթե Ադրբեջանը նորից հարձակում գործի, դա վերջ կդնի Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացին և դիվանագիտական լուծմանն այս հարցում: Այս կարծիքին են նաև Մինսկի եռանախագահներն ու այլ եվրոպական երկրներ: Ավելորդ է ասել, որ եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլև շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն:
-Սակայն աշխարհում փոքր երկրների թվի աճելու միտումն անհանգստացնում է շատ եվրոպական երկրների, էլ չենք խոսում Կոսովոյի և օկուպացված Կիպրոսի խնդիրների մասին:
-Սխալ է զուգահեռներ տանել Ղարաբաղի և Կոսովոյի կամ Կիպրոսի միջև: Դրանք տարբեր դեպքեր են՝ իրենց առանձնահատկություններով ու բնութագրիչներով: Նրանք, ովքեր պնդում են, որ կան նմանություններ, նրանք չեն ցանկանում լուծել խնդիրը: Խնդիրները լուծվում են ոչ թե զենքի և տիրապետման, այլ ժողովուրդների ժողովրդավարական, ազատ կամարտահայտման միջոցով: Մենք ուզում ենք ժողովուրդներ և երկրներ, որտեղ գերակշռում են զենքով հարցեր լուծելու ցանկությո՞ւնը, թե՞ երկրներ, որտեղ խնդիրները լուծվում են ժողովուրդների ժողովրդավարական արտահայտման, ազատության և ինքնորոշման իրավունքի հիման վրա:
-Ձեզ չի՞ մտահգում, որ Ադրբեջանը վերջին տարիներին թարմացնում է իր սպառազինությունը՝ օգտագործելով Եվրոպա նավթի ու գազի արտահանումից ստացվող միջոցները: Արդյոք սա կարո՞ղ է ազդել որոշ երկրների, այդ թվում` Հունաստանի հետ Ձեր հարաբերությունների վրա, որոնք առևտրային և էներգետիկ շահերը Բաքվում:
-Մեր թանգարանները համագործակցության և մեր ժողովուրդների եղբայրության օրինակներ են, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Նավթը, ի վերջո, վաղ թե ուշ, կվերջանա, իսկ հայ և հույն ժողովուրդների բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և ոչ մի կապ չունեն, այնպիսի ժամանակավոր բաների հետ, ինչպիսին նավթն է: Սա է իմ պատասխանը ձեր հարցին: