Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ղարաբաղի անկախության ճանաչման համար Հայաստանը քարտ բլանշ ուներ

Ղարաբաղի անկախության ճանաչման համար Հայաստանը քարտ բլանշ ուներ
06.05.2016 | 02:09

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանում ու Ղարաբաղում մնում է գլխավոր քաղաքական թեման: Թեպետ իշխանական ՀՀԿ-ի և ներկայացուցիչները, ԱԳՆ-ն և նախագահի մամլո քարտուղարը հայտարարել են, որ այս փուլում օրինագիծը աջակցություն չի ստանա: Կրքերը շտապեց հանդարտեցնել նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ հայտարարեց՝ խուճապի պատճառ չի տեսնում հայ պատգամավորների՝ ԼՂՀ ճանաչումը քննարկելու նախաձեռնության առիթով, քանի որ Երևանը հավատացնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը միակողմանի չի որոշարկվի:


«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայով նորություններին՝ Հայաստանը չի քննարկում: Առաջարկը երկու պատգամավոր են արել և Հայաստանի կառավարությունը իրենց օրենքներով, ինչպես մեզ բացատրել են, հանգստացնելով կրքերը, պետք է պատրաստի եզրակացություն օրինագծի վերաբերյալ: Ես տագնապի կոչնակ չէի հնչեցնի ու խուճապի չէի մատնվի»՝ ասել է Սերգեյ Լավրովը РИА «Новости»-ին հարցազրույցում:


Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստի օրակարգում ներառել էր «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագծի քննարկումը, որի հեղինակները ընդդիմադիր պատամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանն են: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ԼՂՀ ճանաչման օրինագիծը օրակարգում կներառվի Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի հրահրման դեպքում: «Երբ ես Երևանում էի, երբ հետո խոսում էի հեռախոսով իմ գործընկերոջ հետ, երբ նա, արդեն ապրիլի սկզբի իրադարձություններից հետո Մոսկվայում էր, ինձ հստակ հաստատեցին Երևանի հակվածությունը խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում, այլ ոչ թե միակողմանի»՝ ընդգծեց ՌԴ ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովը նաև հայտարարեց, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում Լեռնային Ղարաբաղի հարցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ. «Ծրագրում ենք, որովհետև գործը պահանջում է մեծ ուշադրություն: Շուտով կհամաձայնեցնենք ժամկետը, բնականաբար՝ համանախագահների և կողմերի մասնակցությամբ: Արդեն այդ աշխատանքը խմբային մոտեցում է պահանջում»:

Նրա խոսքով՝ Մոսկվան հնարավոր, թեև բարդ է համարում, Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման գաղափարների փաստաթղթային ձևակերպումը: «Գուցե կրքերը պետք է հանդարտվեն, դա հասկանալի է: Բայց քաղաքական գործընթացը, քաղաքական կարգավորումն այլընտրանք չունեն: Եվ կան հայտնի գաղափարներ, որ կողմերը քննարկել են: Ես առաջվա պես համոզված եմ, որ բարդ, բայց հնարավոր է այդ գաղափարները իբրև բոլոր կողմերի համար ընդունելի փաստաթղթեր ձևակերպել»՝ հայտարարեց Սերգեյ Լավրովը:


Մոսկվան գլխավորն է համարում կասեցնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման ցանկացած փորձ՝ մշակելով գործուն մեխանիզմներ: Լավրովի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները «կողմ են արտահայտվել միջադեպերի հետաքննության այդպիսի մեխանիզմների ստեղծմանը, վստահության ամրապնդմանը: Հանձնարարել են ԵԱՀԿ-ին զբաղվել դրանով և ԵԱՀԿ ներկայացուցիչները մի քանի տարբերակնեով նախագիծ են մշակել: Բայց, ցավոք, այդ փուլում 2012-ին գործն առաջ չգնաց: Իսկ հիմա մենք ուզում ենք, որ կողմերը վերադառնան այդ գաղափարին, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը ուզում է ակտիվություն դրսևորել և մենք խրախուսում ենք այդ ցանկությունը»:


Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում մենք վկա կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչումների շարքի», որը միայն դրական ազդեցություն կունենա կոնֆլիկտի խաղաղ կարգավորման վրա:


«Ես վստահ եմ, որ առաջաիկայում այդ ճանաչումների շարքը կշարունակվի: Արցախի միջազգային ճանաչումը ես համարում եմ կարևոր, որովհետև կարող է դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անշրջելիությունը, բանակցությունների և կոնֆլիկտի կողմերին հնարավորություն կտա ուշադրությունը կենտրոնացնել ռեալ խնդիրների վրա՝ ինչպես պայմաններ ապահովել երկու անկախ պետությունների խաղաղ գոյակցության համար, որ ձևավորվել են այդ տարածաշրջանում ԽՍՀՄ-ի փլուզումից և դրան հաջորդած պատերազմի հետո»՝ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Կարեն Միրզոյանը: Հարցին՝ ԼՂՀ-ն կճանաչե՞ն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետություններ, Միրզոյանը պատասխանել է. «Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ այդ պահը կգա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որքան ավելի մեր պետությունը կայացած լինի, որքան ավելի մենք զարգացած լինենք, այնքան մենք մոտ կլինենք այդ նպատակին»:

Հարցին՝ ինչպե՞ս են Ղարաբաղում վերաբերվում Հայաստանի կառավարության նիստի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների օրինագծի ներառմանը, Կարեն Միրզոյանը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղում գտնում են, որ այդ հարցը պետք է լուծեն Հայաստանի Հանրապետությունը և նրա օրենսդիրները»: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը գտնում է, որ Հայաստանը չպետք է լինի ԼՂՀ-ն ճանաչած առաջին պետությունը: «Մենք կողմնակից ենք Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, բայց գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի Արցախն առաջինը ճանաչած պետությունը: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը նորից պատերազմ սկսի, երբ արդեն այլընտրանք պարզապես չի լինի»՝ ասել է Դավիթ Բաբայանը:


REGNUM-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ եթե Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, պետք է որքան հնարավոր է երկար ձգի դիվանագիտական դադարը: Կոլերովը զարմացած է, որ Հայաստանը չճանաչեց Ղարաբաղը, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի դեմ:


«Երբ պատերազմ սկսվեց և բանակցային ձևաչափը Բաքուն կործանեց, Հայաստանը քարտ բլանշ ուներ Ղարաբաղի ճանաչման համար: Ամեն ինչ հանգում է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, որի հետ իվերջո կհամաձայնեն բոլոր կողմերը»՝ ասաց Կոլերովը «Ազատության» եթերում: Նրա կարծիքով՝ Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղան միայն կօգնի այդ գործընթացին: Այլ տարբերակներ չկան: «Ղարաբաղը բանակցային կողմ է դառնում, Ադրբեջանը ստիպված է հաշի առնել այդ հանգամանքը, հետո, իհարկե, կլինեն խաղաղապահներ, այլ տարբերակներ չկան»՝ ասել է Կոլերովը:


Ադրբեջանում երկու ընդդիմադիր պատգամավորների ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը համարում են սադրանք: «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է «ԼՂՀ-ի ճանաչումը պարզապես սադրանք է, ինչպես ռազմական գործողությունները, որ ապրիլի սկզբին սադրեց հայկական կողմը»: Դեսպանը նաև ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է խնդրի խաղաղ կարգավորմանը: «Բայց եթե այդ հարցը չի լուծվի, մենք պատրաստ ենք կոնֆլիկտի ռազմական լուծմանը: Չէի ուզի, որ մարդիկ մեռնեին, դագաղներ բերեին, հողը վառվեր, բայց մեզ այլ ելք չեն թողնում»:


REGNUM
Հ.Գ. Ամփոփենք՝ ՌԴ-ն Լավրովի շուրթերով հաստատում է, որ ՀՀ նախագահի առաջադրած երեք պայմաններից ոչ մեկը չի ընդունվում՝ հասցեական հայտարարություններ չեն լինի, ԼՂՀ անկախությունը երաշխավորող չկա, հրադադարը եղել և մնում է անկայուն, իսկ շփման գծում վերահսկողության մեխանիզմների հաստատումը ի վերջո կվերածվի խաղաղապահների տեղակայման՝ դա, արդեն, Մոդեստ Կոլերովի հավելումով: ԼՂՀ ճանաչումն էլ չի լինի միակողմանի, այսինքն՝ Հայաստանը ԼՂՀ-ն չի ճանաչի, փոխարենը ՌԴ ԱԳ նախարարը կողմերին վերադարձնում է իրականություն՝ «Կան հայտնի գաղափարներ, որ կողմերը քննարկել են: Ես առաջվա պես համոզված եմ, որ բարդ, բայց հնարավոր է այդ գաղափարները իբրև բոլոր կողմերի համար ընդունելի փաստաթղթեր ձևակերպել», որ դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է վերադարձ մադրիդյան սկզբունքներին: Եվ դա կլինի առաջիկայում՝ հանդիպումն արդեն նախապատրաստվում է: Փոխարենը ևս մի խայծ են նետում՝ ԼՂՀ-ն կդառնա բանակցային կողմ: Բաքուն կշարունակի պնդել իր անփոփոխ տեսակետները, այսինքն կա երկու ճանապարհ վերադարձ ստատուս քվոյին և բանակցություններ այդ վերադարձի մասին, կամ՝ պատերազմ՝ Բաքուն այլ ելք չի տեսնում: Այսինքն՝ ճիշտ է ՀՀ արտգործնախարարությունը, որ շարունակ հերքում է՝ ոչ մի նոր առաջարկ էլ չկա, կա հին խաղի հարմարեցում նոր պայմաններին՝ առանց այդ պայմաններն ընդունելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ