Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իրականում ովքե՞ր են ձգտել և ձգտում զորքեր տեղակայել մեր Արցախում

Իրականում ովքե՞ր են ձգտել և ձգտում զորքեր տեղակայել մեր Արցախում
03.05.2016 | 00:50

Դատելով ամերիկյան Bloomberg գործակալությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տված վերջին հարցազրույցից, ամենից շատ հենց ԱՄՆ-ին է անհանգստացնում՝ «օտարերկրյա զորքեր» պիտի լինե՞ն, թե՞ ոչ Արցախի ու Ադրբեջանի հակամարտության գոտում։ Ընդ որում, ստեղծվում է սեփական իղձերի արտահայտման «գուներանգված մոդել», թե, իբր, իրենք (այսինքն՝ ամերիկացիները) «իրազեկ աղբյուրներից լսել են», որ Ռուսաստանն է «ուզում իր զորքերը մտցնել»։ Այստեղ հետաքրքիր է միայն մեկ բան. ո՞ւմ հետ են հույսեր կապում ամերիկյան փորձագետները (չէ՞ որ դրանք «մաքուր» լրագրողներ չեն) Երևանում, անմիտների՞ կամ համատարած մտացրիվությամբ տառապող ազգի՞։
Այո, 2016 թ. ապրիլյան չորս օրը «աշխարհը շուռ չտվեց», բայց երևի ինչ-որ բան փոխվեց մարդկանց հոգում։ Համենայն դեպս, քաղգործիչների մի մասը հաստատ ավելի զգուշավոր է դարձել, քան առաջ էր։ Ես հարկադրված եմ հիշեցնել. սա առաջին նախադեպը չէ, երբ «լրատվամիջոցների ջանքերով» (հիշում եք, չէ՞, Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Դոյչե վելլեի» հետ) Արևմուտքը ձգտում է հայերի հավաքական գիտակցության մեջ ամրակայել այն գաղափարը, թե իբր «առանց արևմտյան խաղաղապահների անհնար է յոլա գնալ»։

Պարզապես Եվրոպայի և ԱՄՆ-ի լրատվամիջոցների ներկայացուցիչները հաճախ «արևմտյան» բառը քողարկում են «միջազգային բաժանարար ուժեր» կամ «միջազգային ոստիկանական ուժեր» և այլ արտահայտությունների ներքո։ Իսկ քողարկելու համար հենց այն, որ իրադարձությունների նման շրջադարձը պետք է Արևմուտքին, մեր լրատվական դաշտ են նետում «ռուսական զորքերի» մասին դատարկախոսությունը։ Այդպես եղել է, և որքա՜ն վաղուց է այդ ամենն սկսվել։


Նախքան արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ զորամիավորումների մասին խոսելը, հարկ է ուշադրության առնել այն, որ, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» կետերից մեկում նման մի բան թափանցիկ երևում է։ Բայց դա, ներեցեք, Հայաստանի ու Ադրբեջանի համար նախատեսված փաստաթուղթ է։ Այս կամ այն ձևով այն դեռ պիտի արժանանա նաև Արցախ-ԼՂՀ-ի հավանությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավիճակի համաձայն, ՄԽ համանախագահ երկրներից ոչ մեկը չի կարող միակողմանի կարգով խաղաղապահ զորախումբ ձևավորել հակամարտության գոտու համար։ Սկսած 2006-2007 թվականներից, միակ երկիրը, որ բացահայտորեն պնդել է ինչ-որ «միջազգային ոստիկանական ուժեր» ուղարկել, եղել է ԱՄՆ-ը։ Իսկ ես անձամբ այդ բանը քանիցս լսել եմ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայից, չհաշված նրա ելույթներն ու հայտարարությունները մամուլի ասուլիսներում։ Իհարկե, այն տարիներին ինչ-որ կուլիսային բանավեճեր լինում էին։ Բայց, նախ, անմիջապես ընդգծեմ, որ բանավեճը «մեռավ» 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձություններից անմիջապես հետո։ Երկրորդ, հայտնի էր, որ ամերիկացիներն առաջարկում էին կամ ՆԱՏՕ-ի զորախմբեր, կամ թեկուզ ՆԱՏՕ-ի մեջ մտնող, սակայն «չշահագրգռված» և հակամարտությանն առնչություն չունեցող երկրների զորախմբեր։ Դժվար կլիներ համաձայնել, որ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկիրը լիներ Թուրքիան կամ, ասենք, նույնիսկ Հունգարիան, քանի որ նրանք հեռու են «չշահագրգռված» երկրներ համարվելուց, որովհետև Թուրքիան և՛ շրջափակմամբ, և՛ վարձկաններով, և՛ պաշտոնաթող սպաներով մասնակցել է պատերազմին, իսկ Հունգարիան իրեն ավելի քան պերճախոս դրսևորեց մարդասպան Սաֆարովի առնչությամբ։ Հայտնի է նաև Թուրքիայի դերը Ադրբեջանի վերջին ռազմական արկածախնդրության ժամանակ։ Քիչ հարցեր չի առաջացրել նաև ՈՒկրաինայի ու Լիտվայի, Նորվեգիայի ու Ֆինլանդիայի հիշատակումը և այլն։ Սկանդինավցիները «համանախագահության» ընթացքում իրենց դրսևորել են որպես ադրբեջանամետ գործող անձինք, և Եվրախորհրդարանի շվեդ պատգամավորներից մեկի՝ Յորան Լինդբլանդի խոստովանությունը, թե ինքը վարձատրության դիմաց Եվրոպայում պաշտպանել է Ադրբեջանի շահերն արցախյան հարցում, ակնբախորեն ապացուցել է, որ սկանդինավցիների հարցում հայերի երկյուղները հիմնավորված են։

ՈՒկրաինան և Լիտվան ոչ թե սոսկ որպես վարձկաններ կռվել են Ադրբեջանի կողմից, այլ ակտիվորեն ծառայել են որպես ամեն տեսակի զենք (այդ թվում նաև՝ նատոյական) փոխադրողներ Ապշերոնի համար, իսկ ուկրաինացիները նաև շարունակաբար նորոգել են ադրբեջանական ռազմական տեխնիկան։ Հասկանալի է, որ 2006-2007 թթ. ԱՄՆ-ի այդպիսի առաջարկությունները հավանության չէին արժանանում Հայաստանի և Արցախի կողմից։
Նույն տարիներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ ոմն Ռոբերտ Ֆ. Սիմոնս ևս ակտիվորեն ու համառորեն համոզում էր, որ Հայաստանն անպայման խնդրի արևմտյան զորքեր մտցնել Արցախ։ Նորից անձամբ եմ լսել և բազմիցս։ Ասենք, նույն բանով էին զբաղված Արևմուտքի այլ ներկայացուցիչներ ևս, նաև Հայաստանից դուրս. օրինակ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համագործակցության և անվտանգության հարցերին նվիրված Թեհրանի 2008 և 2010 թվականների միջազգային երկու խորհրդաժողովների ժամանակ։ Որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի իմ լսածը, նախազգուշացնում եմ. ես լիովին տարբերում եմ Արցախում «միջազգային ոստիկանական ուժերի» կամ «միջազգային բաժանարար զորքերի» տեղակայման գաղափարը «պաշտողների» անվերջանալի նվվոցը։ Այդ ընթացքում Ռուսաստանի կողմից միայն մի երկու անգամ է խաղաղարար զորախմբեր ուղարկելու առաջարկության նման բան հնչել։

ՈՒ նորից՝ միջնորդավորված եղանակով։ Տրամաբանական շարունակություն դարձավ ԱՊՀ ՀԱՊԿ դաշինքի շրջանակներում խաղաղարար զորախմբեր ձևավորելու որոշումը։ Բայց խաղաթղթերը խառնեցին 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունները։ Որպեսզի շատ չխորանանք թուրքական «Կովկասյան ծրագրի» մեջ, նշենք միայն հետևյալը. թուրքերի առաջարկության էությունը 3+2+2 ձևաչափն էր, այսինքն՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան+Թուրքիա-Ռուսաստան+ԱՄՆ-ԵՄ։ Ի պատասխան, նույն թվականի աշնանը Անկարայում ռուսներն առաջարկեցին այլ ձևաչափ. 3+3+3, առանց ԱՄՆ-ի և ԵՄ-ի, սակայն ներգրավելով Իրանն ու... Աբխազիան, Հարավային Օսիան և Արցախ-ԼՂՀ-ն։ Եվ թուրքերը մինչև 2009-ի հունիս կարծես թե համաձայն էին Իրանի ներգրավմանը՝ որպես փոխզիջում։ Սակայն 2009 թ. հունիսի վերջին թուրքերի վրա ճնշում գործադրեցին ԱՄՆ-ը և Իսրայելը, և թուրքերը տորպեդահարեցին այդ ամբողջ գործընթացը։ Դրանից հետո մի կողմ դրվեց նաև ՀԱՊԿ-ի խաղաղարար զորախմբի հարցը։

Եվ, վերջապես, ոչ պակաս կարևոր մի հանգամանք. այդ բոլոր տարիներին թե՛ Հայաստանում Իրանի դեսպանները, թե՛ Թեհրանի ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած 1992 թվականից հազար անգամ կրկնել են և կրկնում են՝ Իրանը իր հյուսիսային սահմանների մոտ, այսինքն, հակամարտության գոտում, օտարերկրյա ոչ մի զորք չի հանդուրժի։ Պետք է հասկանալ, որ ամերիկացի ներկայիս համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի ռեպլիկները նրա այն «սկզբունքների» հետ մեկտեղ, թե իբր հիմա պատերազմն Արցախում «այլևս սառեցված չէ» (իսկ այդ ռեպլիկներն սկսվել են ոչ թե հիմա, այլ 2014-ին), նպատակամղված են հենց այն բանին, որպեսզի վերակենդանացվի խոսակցությունը հակամարտության գոտում «միջազգային ոստիկանական ուժերի» տեղակայման մասին։


Հաշվի առնելով վերջին 3-4 տարում Ռուսաստանի և Իրանի մերձեցման տեմպերն ու ուղղությունները, մենք պետք է հասկանանք, որ «արտատարածաշրջանային երկրներից» Անդրկովկասում ու Մերձկասպիականում օտարերկրյա զինվորականների հայտնվելու անթույլատրելիության մասին Թեհրանի հայտարարություններում արտացոլված դիրքորոշումը ոչ թե Թեհրանի թելադրանքն է, այլ Մոսկվայի հետ համաձայնեցման արդյունք։ Այլ խոսքով, թե՛ պատերազմի վերսկսումը տարածաշրջանում, թե՛ Արցախում խաղաղարար զորախմբերի տեղակայման մասին շատախոսությունը հիմա ձեռնտու են միայն ԱՄՆ-ին։ Չէ՞ որ 2016 թ. ապրիլին (նախ Գերմանիայում, այնուհետև Երևանում՝ Bloomberg գործակալության թղթակիցների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ) հենց «արևմտյան ճամբարն» էր համառորեն պարտադրում Արցախում խաղաղարարների տեղակայումը։ Հիշեցնեմ մի երկու-երեք փաստ։ 2014 թ. Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը հայտարարեց, որ «միջազգային» կամ «ռուս խաղաղարարների» հարց առհասարակ չի բարձրացվել։ Եթե ոմանց մեջ կասկածներ են առաջանում նրա հայտարարության անկեղծության առնչությամբ, ապա հատուկ նրանց համար մեջբերում ենք Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունների մինչսոչիական (2014 թ.) հայտարարությունը. «Ստեփանակերտը բացառում է օտարերկրյա զորքերի տեղակայումն իր ռազմական պատասխանատվության գոտում»։

Կամ, օրինակ, մեկ փաստ 2015 թվականից. ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ լավագույն խաղաղապահ ուժերն արդեն գտնվում են հակամարտության գոտում. դա ԼՂՀ պաշտպանության բանակն է։ Վերջապես, 2014 թ. սեպտեմբերի վերջին Իրանի և Ռուսաստանի ճնշմամբ մերձկասպյան մնացած երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, ստորագրեցին քաղաքական հայտարարություն, որով արգելվում է արտատարածաշրջանային պետությունների զինված ուժերի ներկայությունը հակամարտության գոտում։ Իհարկե, ոմանք կարող են կասկածել. իսկ հայտարարությունն ստորագրած երկրները ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության գոտին համարո՞ւմ են արդյոք Մերձկասպիականի մաս։ Բայց հաստատ այդ հարցում կասկածներ չունեն Իրանն ու Ռուսաստանը։ ՈՒստի անգամ ռուսները պետք է ամեն ինչ համաձայնեցնեն Թեհրանի հետ, իսկ ահա արևմտյան «միջազգային ընկերակցությունը» Իրանի իշխանությունների համաձայնության հույս իսկ փայփայել չի կարող։


Նույնիսկ «Մադրիդյան սկզբունքներում» «միջազգային զորքերի» հարցն ամենավերջինն է։ Մինչ այդ մենք պետք է Արևմուտքից և Ռուսաստանից պոկենք Արցախի անկախության անվերապահ ճանաչում։ Եվ դա՝ դարձյալ համաձայն «Մադրիդյան սկզբունքների»։ Վերջապես, միշտ պետք է հիշենք՝ Հայաստանի իշխանություններն Արցախի առնչությամբ ինչ-որ բան որոշելու միանձնյա իրավունք չունեն, ԼՂՀ-ի ժողովրդի ու իշխանությունների ձայնն իրենց ապագան որոշելիս շատ ավելի կարևոր է, քան այն, թե ինչ են մտածում կամ չեն մտածում Երևանում։ ՈՒստի և Հայաստանում որոշ աղմկարարներ կարող են խուճապի չմատնվել, թեև չի վերացել այն վտանգը, որ դեռ որևէ «արտատարածաշրջանային ուժ» Ադրբեջանին կարող է արկածախնդրության ու սադրանքի մղել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ