ԼՂՀ ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական տանկերը մոտեցել են դիրքերին եւ կրակ բացել: ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ ապրիլի 24-ին, ադրբեջանական պրոպագանդան` հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին եւ կրակ բացել, իսկ այնուհետեւ կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպագանդայի երեւակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը, դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք: Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որեւէ նախահարձակ գործողությունից, այլ առավել եւս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց:
Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման եւ դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելեւէջ»,-ասված է հաղորդագրության մեջ: