Իսրայելը տասնյակ գործողություններ է իրականացրել Սիրիայում լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական շարժման ձեռքում զենքի հայտնվելը կանխելու համար՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Երբ անհրաժեշտ է գործել, մենք գործում ենք, գործում ենք նաև մեր պետության սահմաններից դուրս՝ իրականացնելով տասնյակ հարձակումներ՝ թույլ չտալու համար «Հըզբոլլահի» ձեռքում զենքի հայտնվելը, որը կարող էր խախտել փխրուն հավասարակշռությունը»,- ասել է Նեթանյահուն Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի պարաշյուտային բրիգադի զորավարժությունների ժամանակ: «Մենք հպարտ ենք, որ բուռն, ուր որ է՝ պայթելու պատրաստ Մերձավոր Արևելքում Իսրայելում մեզ հաջողվում է պահպանել հարաբերականորեն անվտանգ և կայուն իրավիճակ»,- նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ «Իսրայելը գործում է այլ ճակատներում ևս՝ հեռու և մոտ, բայց գործում է մտածված և հավասարակշռված»: «Եթե պահանջվի մարտի բռնվել, մենք (Իսրայելը) մարտի կբռնվենք, եթե ոչ մի ուրիշ տարբերակ չենք ունենա մեր երկրին սպառնացող վտանգը կանխելու համար»՝ ասել է Նեթանյահուն: