38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ստատուս քվո, որին չի ցանկանում հարմարվել Ադրբեջանը

Ստատուս քվո, որին չի ցանկանում հարմարվել Ադրբեջանը
08.04.2016 | 00:39

Ապրիլյան առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարված իրադրությունը ստվերում է ներքին և արտաքին քաղաքական բոլոր թեմաները։ Փաստ է, որ այս սրումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ալիևը գտնվում էին Միացյալ Նահանգներում՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովում։
Փորձագիտական շրջանակներն ընդգծում են, որ տեղի ունեցած բախումներն անմիջական առնչություն ունեն ամերիկյան այցելության հետ։ Բանն այն է, որ վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բավականին անբարենպաստ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի համար։ Աստիճանաբար միջազգային հանրությունը և, մասնավորապես, բանակցային ձևաչափի ներկայացուցիչները՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, եկել էին այն եզրակացության, որ իրենց գործողություններում, ծրագրերում ավելի շատ գերակշռում էր դեֆակտո վիճակը։ Անկախ ստատուս քվոյի վերաբերյալ հայտարարություններից, այնուամենայնիվ, ինչպես հաճախ է լինում աշխարհաքաղաքականության մեջ, հիմք է ընդունվում դեֆակտո վիճակը։ Այսինքն՝ ստատուս քվոն ճանաչվում է որպես ռեալություն, որի հետ պետք է հաշվի նստել։
Ադրբեջանին հասկացվում է, որ գրեթե 25 տարի է՝ ֆիքսված են հակամարտության սահմանները, իրականում ստեղծվել է անկախ պետություն, որը սերտորեն ինտեգրված է Հայաստանի հետ և Հայաստանի միջոցով՝ նաև աշխարհի։ Դրա վկայությունն է այն, որ Լեռնային Ղարաբաղը, իրականում չունենալով սահման Եվրասիական տնտեսական միության հետ, Հայաստանի միջոցով ինտեգրվել է ԵԱՏՄ-ին։ Եթե մի կողմ են դրվում հերթապահ հայտարարությունները, ապա բոլորը աչք են փակում այս փաստի վրա։ Ավելին, վերջին տարիներին Արցախի իշխանության ներկայացուցիչներին՝ նախագահին, ԱԺ խոսնակին, շատ հաճախ սկսել են հրավիրել տարբեր միջազգային հեղինակավոր հարթակներ։ Ստացվում է, որ աշխարհն աստիճանաբար սկսում է դեֆակտո ճանաչել ստատուս քվոն։ Բացի այդ, նշված գործընթացի բավականին խոսուն փաստ է թեկուզ այն, որ ԱՄՆ-ի 7 նահանգ ճանաչել է ԼՂՀ անկախությունը։ Սա գուցե դեյուրե որևէ բան չի նշանակում, սակայն հստակ քաղաքական մեսիջ է ինչպես աշխարհին, այնպես էլ Ադրբեջանին, որ ոչ ոք Ադրբեջանի փոխարեն ստատուս քվոյի հարցը չի լուծելու։
Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ ամերիկացիները սկսել են ոչ ադրբեջանահաճո հայտարարություններ անել, մասնավորապես, ծրագրում են օբյեկտիվ վերահսկողության սարքեր տեղադրել շփման գծում՝ հասկանալու համար, թե որ կողմն է սկսում հրադադարի խախտումները։ Բնականաբար, սա ձեռք չի տալիս Ադրբեջանին, քանի որ ԱՄՆ-ի (ըստ ամենայնի՝ նաև համանախագահ մյուս երկրների հետ համաձայնեցված) առաջարկած միջոցառումները նշանակում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցվում եղած ստատուս քվոյի պայմաններում։ Եթե առաջ Ադրբեջանը հակամարտության ձևաչափում որպես Հայաստանի լոբբինգ ընդունում էր Ռուսաստանին և Ֆրանսիային, իսկ ԱՄՆ-ն համարում էր որպես իրեն քիչ թե շատ աջակցող կողմ, ապա իրավիճակը վերջին մի քանի ամիսներին փոխվել է։ Ընդ որում, փոխվել է աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, ոչ թե նրա համար, որ Միացյալ Նահանգները շատ է սիրում Հայաստանին, կամ հայկական լոբբինգն ավելի ուժեղ է, քան թուրքականը։ Պարզապես աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ամերիկացիները նույնպես սկսել են շեշտադրել ստատուս քվոն։ Ասել է՝ Արևմուտքը հասկանալ է տալիս, որ իրենք չեն կարող ևս 25-30 տարի հաշվի չնստել ձևավորված ստատուս քվոյի հետ։ Դրանով է պայմանավորված Ադրբեջանի նյարդային վիճակը, ինչպես նաև այն, որ երկկողմ կամ բազմակողմ հանդիպումներից անմիջապես առաջ Ադրբեջանը մշտապես լարում է իրավիճակը։ Վերջինս փորձում է հասկացնել աշխարհին, որ ստատուս քվոյի հարցը, որպես այդպիսին, լուծված չէ։ Հայաստանը գուցե համաձայն է ստատուս քվոյին, Ադրբեջանը, սակայն, ոչ։
Փորձագիտական շրջանակները կարծում են, որ Ալիևին ամերիկյան վերջին այցելության ընթացքում ամենաբարձր մակարդակով ասել են, որ սահմանագծին իրոք տեղադրվելու են վերահսկող համակարգեր, ու արդեն ժամանակն է, որպեսզի որոշակի փաստաթուղթ ստորագրվի՝ ելնելով առկա իրողություններից։ Ադրբեջանը, փաստորեն, որոշել է մտնել խաղի մեջ՝ կասկածի տակ դնելով ստատուս քվոն։ Վերջին օրերին իրավիճակը ծայրահեղ ապակայունացնելով և հանգեցնելով պատերազմականի՝ Ադրբեջանը նպատակ ուներ աշխարհաքաղաքական կենտրոններին հասկացնելու, որ եթե որպես ելման կետ համարվում է դեֆակտո վիճակը, ապա այդ դեֆակտո վիճակն ինքը միշտ կարող է վերաձևել։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ ադրբեջանական ռեսուրսները թույլ չեն տալիս ավելին անել։ Թույլ չեն տալիս ոչ միայն նրա համար, որ այդ հարցը հեշտ չէ լուծել ռազմական տեսակետից, այլև ադրբեջանական կողմը բավականին ծանր վիճակում է աշխարհաքաղաքական ազդեցությունների և աջակցության առումով։ Ադրբեջանի միակ դաշնակիցն այսօր Թուրքիան է, սակայն աշխարհաքաղաքական ներկա իրադրության պայմաններում ավելի լավ է այդ դաշնակցին ընդհանրապես երևան չհանել։ Այդ դաշնակցի առկայությունը լրջագույն կասկածներ է առաջացնում Ռուսաստանում այն առումով, որ Թուրքիան ռուս-թուրքական հակամարտությունը փորձում է տեղափոխել Արցախի տարածք։ Դա, բնականաբար, գրգռում է Ռուսաստանին, ինչը նրան ներքաշում է այդ թնջուկի մեջ։ Թուրքիայի ակտիվությունը ռուսական ճակատում գուցե Ադրբեջանի վրա շատ թանկ նստի։
Հաջորդ խնդիրը, որ ակնառու է լարվածության ֆոնին. Ռուսաստանին, կոպիտ ասած, գցել են։ Բանն այն է, որ ՌԴ-ն անընդհատ հայտարարում էր, թե գործարար շահերից ելնելով է զենք վաճառում Ադրբեջանին, թեև Հայաստանն իր ռազմաքաղաքական գործընկերն է, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Եվ այդ զենքը Հայաստանի դեմ օգտագործելը մեծ հարված է Ռուսաստանին։ Հայաստանը Ռուսաստանին շատ հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է իրականացվում, ընդ որում՝ օգտագործելով ռուսական զենքը։ ՈՒստի Ռուսաստանը ստիպված էր կառավարել գործընթացը։ Եվ հավանաբար այդ իսկ պատճառով Պուտինի վարչակազմը վերջին օրերին հանդես եկավ երկու հայտարարությամբ։ Ռուսաստանը ստիպված է սատարել իր դեֆակտո դաշնակցին և դեյուրե աջակցին։ Այստեղ միայն տեխնիկական որոշ խնդիրներ կան. պատերազմական իրավիճակում է ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղը։ Այդ իսկ պատճառով Ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանը հետաքրքիր մի հանձնարարություն տվեց համապատասխան գերատեսչություններին՝ Ղարաբաղի հետ քննարկել ռազմական օգնության մասին փաստաթուղթը։ Փաստորեն, նման մի փաստաթուղթ ընդունվելու դեպքում Հայաստանը դեյուրե ներգրավվում է պատերազմում։ Այս պարագայում արդեն ՀՀ իշխանություններն իրավունք ունեն ՀԱՊԿ-ի առջև աջակցության խնդիր դնելու։ Իսկ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք Ռուսաստանը, քանի որ անդամ մյուս պետությունների վրա հույս դնելն անհնար է։ Ինչպես ցույց տվեցին Բելառուսի նախագահի գործողությունները, նույնիսկ նրանց չեզոքության վրա հույս դնել չի կարելի։
Հայաստանն այսպիսով ապահովում է բոլոր ձևական կողմերը՝ ՀԱՊԿ-ի առջև նշված հարցն առաջադրելու համար։ Աշխարհաքաղաքականության մեջ բիզնեսը միշտ երկրորդ պլան է գնում, երբ առաջ են գալիս պետական, ազգային շահերը։ Բիզնեսը՝ բիզնես, բայց երբ քեզ փաստի առջև են կանգնեցնում քո ռազմավարական դաշնակցի մոտ, այն էլ վերջինիս հակառակորդի դրդմամբ, ապա ստիպված ես հակաքայլեր ձեռնարկել։ ՈՒ բնավ էլ պատահական չէ, որ հենց այս օրերին Ռուսաստանն Ադրբեջանի սահմանի մոտ անցկացնում է զորավարժություններ։ Սա վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանի համբերությունը հատել է, և ցույց է տալիս, որ ինքը բավականին վճռական կարող է լինել աջակցության գործում։ Ռուսաստանի ներգրավվածությունն այս գործընթացներին կարող է լինել և՛ բացահայտ, և՛ քողարկված։ Ընդ որում, նկատենք, որ կրեմլյան փորձագիտական շրջանակները սկսել են շեշտադրել, որ անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանին զինամթերքի վաճառքը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջին տարիներին Հայաստանի առջև անընդհատ խնդիր է դրվում հանձնել ազատագրված տարածքները։ Հայաստանն այս պահին հզոր խաղաքարտ է ստացել։ Փաստորեն, այն հատվածները, որտեղ չկա բուֆերային գոտի, բավականին խոցելի վիճակում են հայտնվում։ Հայաստանը կարող է որպես հակափաստարկ ասել, թե նման տարածքներում անվտանգությունը ապահովված չէ։ Եվ ինքն անվտանգության երաշխավորն է։ Այստեղ Հայաստանի համար բացվում են քաղաքական հնարավորություններ։
Այս գործընթացներում մեծ դերակատարում են ունենում Հայաստանի հարևանները։ Այս համատեքստում պետք է դիտել լարված օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հեռախոսազրույցները Վրաստանի և Իրանի իր գործընկերների հետ։ Փաստորեն, պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում հարևանները նույնպես ներքաշված կլինեն տարածաշրջանային պատերազմի մեջ։ Ներկայիս պատերազմը միայն կրակոցներով չի ուղեկցվելու, ուստի ավելի մեծ ռիսկեր են ավելանում, կիրառվելու է լուրջ զինտեխնիկա, որը խոցելի կդարձնի նաև հարևաններին։
Ապրիլյան լարված օրերից հետո ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր, իրականում ոչինչ չի փոխվել։ Նորից մնացել է ստատուս քվոն, և շարունակում է պահպանվել ստարտային իրավիճակը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ