Քաղաքագետ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ Facebook-յան իր էջում գրում է.
«Ռուսաստանը քաղաքական առումով դժվարին կացության մեջ է՝ 1990-ականների ընթացքում ռուսական իշխանական վերնախավը բացառիկ անհաջող գործեց նոր իրավիճակում Հարավային Կովկասի հետ քաղաքական հարաբերություններն արդյունավետ կառուցելու համատեքստում և այդ հին ձախողումներն իրենց հետևանքներն են ունենում արդեն մեր օրերում: Այն ժամանակ կիրառված մոտեցումների արդյունքում է, որ այսօր Ռուսաստանի միակ հենարանն Ադրբեջանում հանդիսանում է Հեյդարի որդի Իլհամ Ալիևն ու եթե նրա ղեկավարած Բաքվի վարչախումբը տապալվի, ապա Ադրբեջանի ներկայիս նախագահի փոխարեն Կրեմլը այդ երկրում կստանա կամ Անկարայի, կամ Թեհրանի կողմից աջակցվող ադրբեջանական նոր քաղաքական վերնախավ: Զավեշտն այն է, որ Իլհամ Ալիևն էլ, այդ ամենն իմանալով, քմահաճ խաղեր է խաղում Մոսկվայի հետ, հակառակ այն բանի, որ վերջինս ազնվորեն իրեն ասել է, թե հայկական շահերի ու հողային կորուստների հաշվին ինչ առավելագույն զիջումների է պատրաստ գնալ՝ Ադրբեջանի տարածքում իր ռազմական ներկայությունը վերականգնելու և ալիևյան կլանի հետ ռազմավարական երկարաժամկետ «գործընկերություն» հաստատելու դիմաց: Վերջին տարածաշրջանային զարգացումներն ու նավթի գնի անկումն էապես սահմանափակել են նախագահ Ալիևի մանևրելու հնարավորությունները և արցախյան ճակատում լայնածավալ ռազմական սադրանքի դիմելու միջոցով նա փորձում է այժմ պատռել իր համար անցանկալի կերպով դասավորվող հանգամանքների սեղմող օղակն ու ժամանակ շահել: Անձնապես Իլհամ Ալիևի խուսանավումների հնարավորությունը պահպանելու համար իրենց կյանքի ու արյան գնով վճարում են ճակատային գծում զոհվող թե մեր ռզմիկներն ու խաղաղ բնակիչները, թե ադրբեջանցի զինծառայողները:Ռուսաստանի համար այսօր կենսականորեն անհրաժեշտ է վերականգնել սեփական լիարժեք ռազմական ներկայությունն Ադրբեջանում: Պատահական չէ, որ ռուս դիվանագետների և, առաջին հերթին, նախկին դեսպան Կազիմիրովի ջանքերով Հայաստանը ժամանակին տարօրինակաբար ինքն իրեն ճանաչեց հակամարտության կողմ և, այդպիսով, սկիզբ դրվեց հակամարտության իրական՝ Ադրբեջան-Արցախ ձևաչափի խեղմանը: Այդ խեղման արդյունքն է այն, որ ռուսական առաջին հեռուստաալիքն այս օրերին սրիկայաբար հայտարարում էր, որ հակամարտությունն ընթանում է Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանական Հանրապետության միջև՝ «վիճելի» Լեռնային Ղարաբաղի համար: Մի բան հաստատ է՝ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դաշնակիցը չէ և չի լինելու երբևէ: Դրան հակառակ, Ռուսաստանում կան մարդիկ, որոնք իրենց նախկին սխալներն արդարացնելու համար պատրաստ են կատարել նոր՝ շատ ավելի լուրջ, անգամ կործանարար հետևանքներով հղի նոր սխալներ:
Սերգեյ Շոյգույի և Նիկոլայ Պատրուշևի Բաքու գնալը, ամենայն հավանականությամբ, կնշանակի, որ Մոսկվան պատրաստվում է Ալիևին վերջնագիր ներկայացնել: Եթե Իլհամ Ալիևը մերժի Կրեմլին հնազանդվելու պահանջը, ապա դա կհանգեցնի իրավիճակի էլ ավելի սրմանն, իսկ եթե համաձայնի, ապա պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պարտավորված են լինելու գործել միանգամայն նոր և հայկական կողմերի համար բարդ և անդառնալի տարածքային կորուստներով հղի նոր ռազմաքաղաքական պայմաններում»: