ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գրանցվել է ղարաբաղյան հակամարտության սրում: Գերատեսչության տվյալներով՝ այդ տարածաշրջանը ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է:
«Այդ առնչությամբ ապրիլի 2-ին ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսազրույցներ է անցկացրել իր գործընկերների՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ՝ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման անհետաձգելի քայլերի անհրաժեշտության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: