Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

«Սպայական փոխօգնության միությունը կբարելավի հայ սպաների կեցությունը»

«Սպայական փոխօգնության միությունը կբարելավի հայ սպաների կեցությունը»
01.04.2016 | 10:31

ԷՖՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ իրավաբան է, ծառայել է ազգային անվտանգության մարմիններում, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարությունում, որպես իրավաբանական վարչության պետի տեղակալ։ Նա աշխարհի շատ երկրների օրինակով փորձում է կայուն վիճակի մեջ դնել ՀՀ սպաների սոցիալական վիճակը։ Այդ նպատակով էլ նախաձեռնել է ստեղծել ՀՀ զինված ուժերի «Սպայական փոխօգնության միությունը», ինչն էլ դարձավ մեր հանդիպման առիթը։

-Ե՞րբ եք այս ոչ այնքան դյուրին գործը սկսել։
-Խնդիրը բարձրաձայնել եմ դեռ Վազգեն Սարգսյանի նախարարության օրոք, ցավոք, նա ժամանակավրեպ համարեց այն։ Հետո դիմեցի հաջորդ նախարար Վաղարշակ Հարությունյանին, նա էլ վավերացրեց զեկուցագիրս և հանձնարարեց այն գրանցել։ Առաջարկել էի, որ մեր զինված ուժերում, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, ստեղծվի «Սպայական փոխօգնության միություն»։
-Ներեցեք, հայ սպաները Հայաստանի պայմանների համար բավականին բարձր թոշակ են ստանում։ Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, անպաշտպա՞ն են։
-Ստեղծվելիք միությունը շատ ավելի բարվոք կդարձնի հայ սպաների կեցությունը։ Նրանք զորացրումից հետո կարող են հանգստանալ և առողջությունը վերականգնել բարձրակարգ առողջարաններում։ Մինչ օրս ՊՆ-ն չունի իր վետերանների խորհուրդը։ Սա ևս ներելի չէ։
-Ստեղծվելիք միությունը գործնականում ի՞նչ դեր է ստանձնելու։
-Ծանոթանալով կանոնադրության հետ, գործող սպաները կամավոր համաձայնում են, որ իրենց աշխատավարձի մեկ տոկոսը հանձնվի «Սպայական փոխօգնության միությանը», որպեսզի այն կարողանա պաշտոնաթող սպաների համար բարձրակարգ հանգստյան տներ կառուցել և ապահովել նրանց հանգիստն ու առողջության վերականգնումը։ Աշխարհում կան երկրներ, որտեղ գեներալները ծառայության ընթացքում աշխատավարձի մեկ տոկոսի փոխարեն տասը տոկոսն են տրամադրում փոխօգնության միությանը։ Ցավոք, այս նախաձեռնությունս տարիներ ի վեր կյանքի չի կոչվում։ Այնինչ շատ երկրներում գործում են նման միություններ։ Օրինակ, շատ երկրներում գոյություն ունեն բազմաթիվ հանգստյան տներ սպաների և նրանց ընտանիքների համար։ Դրանք գտնվում են Միջերկրական, Մարմարի և Էգեյան ծովերի ափերին, և, առհասարակ, գեղատեսիլ ուրիշ վայրերում։ Այլ երկրներում գոյություն ունեն նաև համաբանակային փոխօգնության դրամարկղեր։ Նրանց թվում են Իսպանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, ՈՒկրաինան և այլն։ Նման կազմակերպությունները, ի դեպ, աշխարհում գործում են դեռ 1898-ից։ Դրանք էապես թեթևացնում են նախարարությունների հոգսերը, նպաստում են երկրի պաշտպանունակության բարձրացմանը։ Սպայական փոխօգնության միությունը կարող է ունենալ սեփական տնտեսական միավորներ և բանակին մատակարարել թարմ և էժան գյուղմթերք, կարող է ապահովել զինծառայողների սոցիալական պաշտպանությունը, ի վերջո, թեթևացնելու է բանակի, ինչու չէ, նաև պետության հոգսը։ Այսօր փորձում եմ և՛ պատկան կառույցների, և՛ շահագրգիռ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս կարևոր և ոչ ժամանակավրեպ խնդրի վրա։ Եվ հույս ունեմ, որ համարժեք կլինեն արձագանքները։ Հավատացեք, ինձ անձամբ ոչինչ պետք չէ, իմ ցանկությունն է բարեկեցիկ դարձնել հայրենիքի զինվորների կյանքը զորացրումից հետո։


Ճեպազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ