ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և դաշնակիցները վերանայելու են ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարությունը։ Խնդիրը կքննարկվի հաջորդ շաբաթ Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթաժողովում։ Օբաման դա ասել է ավանդական ուրբաթօրյա ռադիոուղերձում, նա ցավակցություն է հայտնել Բրյուսելի ահաբեկչության հետևանքով սպանված երկու ամերիկացիների, բոլոր զոհերի ազգականներին։ «Ամերիկան Բելգիայի հետ է»,- ասել է Օբաման, ավելացնելով, որ այս օրերին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալության աշխատակիցները գտնվում են Բելգիայում և օգնում են իրենց գործընկերներին։