Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, մարտի 10-ին հանդես գալով Փորձագետների խորհրդի նոր կազմի առջև, հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագիր ունի փոխելու Իրանի պետական կառուցվածքը, սակայն նրան չի հաջողվի հեղաշրջում կազմակերպել։ Մենք, հայտարարեց երկրի բարձրագույն հոգևոր ղեկավարը, չպետք է մոռանանք, «թե ինչ է Արևմուտքը արել մեզ հետ», և միշտ հիշենք, «թե ում հետ գործ ունենք»։ Համաշխարհային ընկերակցությունը միայն Արևմուտքը չէ, ամփոփեց Խամենեին, իր երկրի թշնամիներին նախազգուշացնելով, որ նրանք դեռ հերթ են կանգնելու Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Իրանում այաթոլլահ Խամենեիի այդ ճառը ծրագրային է համարվում։ Փորձագետների խորհրդի նոր կազմը, որի լիազորությունների ժամկետը ութ տարի է, բաղկացած է 88 խոշորագույն աստվածաբաններից ու շիա իրավագետներից։ Նախագահ Հասան Ռոհանին նրա անդամներից մեկն է, կան նաև պետական պաշտոններ զբաղեցնող կրոնական գործիչներ։ Փորձագետների խորհրդի կազմից կընտրվի Իրանի ցմահ ղեկավարն ու հոգևոր առաջնորդը, եթե Իրանի այժմյան 76-ամյա առաջնորդը այս կամ այն պատճառով ի վիճակի չլինի կատարելու իր պարտականությունները։ Իր ելույթում այաթոլլահ Խամենեին անդրադարձավ նաև այդ հարցին։ Նա Փորձագետների խորհրդին կոչ արեց հաջորդ առաջնորդին ընտրելիս ղեկավարվել պետության շահերով և պահպանել նվիրվածությունը իրանական հեղափոխության արժեքներին։ Այսօր, հայտարարեց ԻԻՀ առաջնորդը, Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորումը Իրանի պետական շահերի ոլորտում չէ, և ԱՄՆ-ի կողմից Իրանին սպառնացող վտանգը պահպանվում է։
Խամենեիի խոսքերը, ինչպես նախորդ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնիի հոգևոր ուղերձները, հրաման չեն` հասցեագրված Իրանի բարձրագույն գործադիր իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին։ Դա պատվիրան է ամբողջ ժողովրդին, ինչը և գլխավոր երաշխիքն է այն բանի, որ ոչ մի «բարեփոխիչ» կամ «դեմոկրատ» մտքով իսկ չանցկացնի հարցականի տակ դնելու ո՛չ բուն իսլամական հեղափոխությունը, ո՛չ դրա նվաճումները։ Եվ պատահական չէ հետևյալ հարցը. Արևմուտքում և Իսրայելում շատ չե՞ն ցնծում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների ու Փորձագետների խորհրդի ընտրությունների ժամանակ Իրանում իբր «բարեփոխիչների մեծ հաջողության» առիթով։ Շատ հաճախ են արևմտյան և իսրայելական լրատվամիջոցները գրում այաթոլլահ Խամենեիի առողջական վատ վիճակի մասին, և հենց դրա հետ են իրենց հույսերը կապում Արևմուտքն ¥իհարկե, առաջին հերթին ԱՄՆ-ը¤ ու Իսրայելը. իբր, Փորձագետների խորհրդում եղած «բարեփոխիչները» ժամանակի ընթացքում կընտրեն այնպիսի այաթոլլահ, ով կդառնա Արևմուտքի և Իսրայելի խամաճիկը։ Ավաղ, և ավաղ հենց Արևմուտքի ու Իսրայելի համար. բացի «բարեփոխիչներից», որոնց պայմանականորեն կարելի է այդպիսիք համարել, և բացի Փորձագետների խորհրդից, Իրանում հստակորեն գործում է նաև պետական ու հոգևոր կենտրոնների միջև հավասարակշռության այլ համակարգ։ Այնպես որ, այլևս չի հաջողվի Իրանը վերադարձնել Արևմուտքի և Իսրայելի արտաքին կառավարման ծիր։
Չնայած 2015 թ. հուլիսին Իրանի տխրահռչակ «միջուկային գործի» փակմանը, Թեհրանին չհաջողվեց Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման հիմք գցել։ ԱՄՆ-ը շարունակում է տնտեսական ճնշումը Իսլամական Հանրապետության վրա։ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները հունվարի 17-ին լիովին չեղարկեցին ավելի վաղ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, մինչդեռ ամերիկյան իշխանություններն այդ բանը արեցին միայն մասամբ` բազմաթիվ վերապահումներով։ Ամերիկացիները չհրաժարվեցին Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունից։ Իրանական հարցում Օբամայի վարչակազմի ժամանակավոր նահանջը մարտավարական քայլ էր միայն, և մարտի 9-ին Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգեց արտակարգ դրությունը Իրանի հանդեպ։ ԱՄՆ-ի Կոնգրեսին ծանուցելով իր որոշման մասին` Օբաման նշել էր, որ «Իրանի կառավարության որոշ գործողություններն ու նրա վարած քաղաքականությունը հակասում են ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերին և շարունակում են արտակարգ սպառնալիք լինել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։ Սպիտակ տան տերը առաջարկել էր ուժի մեջ թողնել Թեհրանի դեմ միջուկային բնագավառի հետ կապված պատժամիջոցները, ամերիկյան բիզնեսի համար առաջվա նման փակ է դեպի Իրանի շուկաներ տանող ճանապարհը։ Սակայն ԱՄՆ-ի համար դա քիչ է, նորից փորձեր են արվում միջազգային լայն ընդգրկում հաղորդելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներին։ Ինչպես արդեն քանիցս գրել ենք, այս անգամ առաջարկվում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով։ Դրան է ձգտում ԱՄՆ-ի Կոնգրեսը` կառավարությունից պահանջելով այդ հարցը անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։ Հասկանալի չէ, իհարկե, թե տվյալ պարագայում ինչը պետք է գնահատի Անվտանգության խորհուրդը։ Կարո՞ղ են, արդյոք, Իրանում մշակվող հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրել։ Երևի կարող են, միայն թե այսօրվա դրությամբ միջուկային զինամթերք իրանցիները չունեն։ ՄԱԳԱՏԷ-ն նոր ստորաբաժանում է ստեղծել Երաշխիքների դեպարտամենտի կազմում, որը պետք է վերահսկի իրանական միջուկային ծրագրի կատարումը։ Գործողությունների համատեղ-համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իրականացումն ընթանում է Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին և խորհրդի 2015 թ. դեկտեմբերի որոշմանը համապատասխան։ Անվտանգության խորհրդում քննարկելու թեմա պարզապես չկա։
Այդուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է համառորեն առաջ տանել իր գիծը։ Ընդ որում, ամերիկյան պահանջները մեծապես դուրս են գալիս Իրանի միջուկային ծրագրի շրջանակներից։ Վաշինգտոնը մտադիր է ՄԱԿ-ում քննարկել տարածաշրջանում ԻԻՀ-ի «ապակայունացնող դերը»։ Խոսքն առաջին հերթին Իսրայելի անվտանգության մասին է։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի վերջերս Իսրայել կատարած այցի ընթացքում Մերձավոր Արևելքում Թեհրանի քաղաքականությունը համարվել էր ոչ պակաս վտանգավոր, քան միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը։ Իսրայելի կողմից նման հարցադրումը հասկանալի է. Թել Ավիվը ամերիկացիների հետ սակարկություն է անում ռազմական օգնության ավելացման շուրջ` իբրև «փոխհատուցում» Իրանի հետ ԱՄՆ-ի միջուկային գործարքի դիմաց։ Դժվար է հասկանալ, թե ինչու է Օբամայի վարչակազմը առաջնային համարում ոչ թե ԱՄՆ-ի, այլ Իսրայելի շահերը, և ինչու է հակազդեցությունը իրանական ազդեցությանը համարում ավելի կարևոր խնդիր, քան ահաբեկչության դեմ պայքարը։ Առանձնապես տարօրինակ է նման գնահատականներ լսել ամերիկացի գեներալներից։ Սենատի զինված ուժերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության նոր գլխավոր հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոտելը սենատորներին զեկուցեց, որ տարածաշրջանում իսլամական ահաբեկչական խմբավորումները ԱՄՆ-ի անվտանգության համար մեծ սպառնալիք են ներկայացնում միայն կարճաժամկետ հեռանկարում։ Պենտագոնի երկարաժամկետ ծրագրերում գլխավոր վտանգը համարվում է «ահաբեկչական խմբերին իրանական աջակցությունն ու միջամտությունը հարևան երկրներում»։ Դե, իհարկե, մեր հարցը հռետորական է, չէ՞ որ միշտ պարզ է եղել, որ ԱՄՆ-ի վարած մերձավորարևելյան քաղաքականությունը միշտ էլ հենակետ է ունեցել ոչ թե իր խորքային շահերը, այլ ԱՄՆ-ի հրեական համայնքի առավել հետադիմական մասի կամ, ինչպես հաճախ անվանում են մարդկանց այդ խմբին, «իսրայելական լոբբիի» շահերը, որը, ի դեպ, ի գիտություն Հայաստանի և սփյուռքի, «թուրքական լոբբիից» ոչնչով չի տարբերվում։ Հետևություն արեք, տիկնայք և պարոնայք։
Իրականում Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական սլաքն ուղղված է Սիրիայի կառավարությանը օգնություն ցուցաբերելուն` այդ երկրի տարածքի մի մասը զավթած ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում։ 2015 թ. սիրիական բանակի դեմ կռվող օտարերկրյա վարձկանների թիվը հասել էր 37 հազարի, նրանց բացարձակ մեծամասնությունը Սիրիա էր թափանցել Թուրքիայի տարածքով։ Անկարան այսօր էլ կռվում է ոչ թե ահաբեկիչների, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը իսկական դիմադրություն ցուցաբերող սիրիացի քրդերի դեմ։ Գաղտնիք չէ, որ երբ 2013 թ. նախագահ Օբաման ԿՀՎ-ին թույլ տվեց զինել ապստամբներին, ապա մյուս ամերիկյան վասալները` Սաուդյան Արաբիան ու Կատարը, ոչ միայն վճարում էին այդ մատակարարումների համար, այլև ամերիկացիներին մատնանշում էին, թե ում պետք է փոխանցվի այդ զենքը։ Արդյունքում սպառազինությունն ուղիղ ընկնում էր ահաբեկիչների ձեռքը։ Մյուս կողմից` Իրանը չի կարող օգնություն և աջակցություն չցուցաբերել Լիբանանի շիաներին, որոնց գլխավորում է «Հըզբոլլահ» կուսակցությունը (թարգմանաբար` «Աստծո կուսակցություն»), ինչպես նաև Եմենի հուսի զեյդիներին, որոնց դեմ նույն Սաուդյան Արաբիան ու Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունների մասնակցությամբ, ագրեսիա ու ցեղասպանություն են սանձազերծել։ Իրանին մեղադրելով միջազգային ահաբեկչությանը աջակցելու մեջ` ամերիկացիները չեն խորշում ուղիղ սադրանքներից։ Վերցնենք, օրինակ, Նյու Յորքի օկրուգային դատավոր Ջորջ Դենիելսի վերջերս կայացրած որոշումը, որը Իրանին պարտավորեցնում է 10,5 մլրդ դոլար վճարել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտի զոհերի ընտանիքներին (ամերիկացի դատավորի համոզմամբ` Իրանը չի կարողացել ապացուցել, որ օգնություն չի ցուցաբերել ահաբեկիչներին)։ Եվ քանի որ Թեհրանը չի ապացուցել, ապա թող վճարի, ցանկալի է սառեցումից ազատված իրանական ակտիվներից։ Անհեթեթություն է, սակայն դա աշխարհին պերճախոս կերպով ցույց է տալիս, թե ինչ արժեն գովաբանված արևմտյան ժողովրդավարությունը և իբր անկախ արևմտյան դատական համակարգը։ Նախ, ո՞ւմ հասկանալի չէ, որ Նյու Յորքի դատարանը սպասարկել է Սպիտակ տան ու Պենտագոնի ռազմավարների շահերը։ Երկրորդ, իսկ ինչպե՞ս վարվել անմեղության կանխավարկածի և այն բանի հետ, որ հենց մեղադրող կողմն է պարտավոր ապացուցել մեղադրանքը։ Երրորդ, ինչպես հայտնի է, բոլոր նրանք, ում ամերիկացիները 2001 թվականից մատնանշել են որպես ահաբեկչական ակտերի մեղավորներ, եղել են ծագումով սաուդցիներ և այլն, այսինքն` սուննիներ։ Եվ ամերիկացիները նշում էին, որ ահաբեկչական ակտերի պլանավորման և իրագործման հետևում կանգնած է եղել «Ալ-Քաիդա» սուննիական ահաբեկչական խմբավորումը։ Իսկ Իրանը ոչ թե սոսկ շիական պետություն է, այլ հենց այդ երկիրն է եղել և մնում «Ալ-Քաիդայի» և նրա ահաբեկչության դեմ պայքարող առավել հետևողական ուժը, այդ թվում` Սիրիայում, Լիբանանում և Եմենում։ Բայց դե, դա ամերիկյան դատարանն է։ Ինչպե՞ս կարող էր նյույորքյան «անկախ» դատավորը մերժել իր երկրի բարձրադաս մարմիններին` թո՛ղ որ անտրամաբանական ու բթամիտ, բայց բացահայտորեն պետական պատվերի կատարման գործում։
Իրանական գանձարանը թալանելու ամերիկացիների ձգտումն ուղղակի ցցուն է։ Այսպես, ԱՄՆ-ը մտադիր է սահմանափակումներ մտցնել չինական ZTE կորպորացիայի դեմ, որին Վաշինգտոնը մեղադրել է Իրանին հեռահաղորդակցական սարքավորումների մատակարարման վերաարտահանական սխեմա ստեղծելու մեջ, ինչը ամերիկյան օրենքների խախտում է (ոչ ոք չի հարցնում, թե ԱՄՆ-ի օրենքներն ի՞նչ կապ ունեն չին-իրանական առևտրի հետ)։ Այսպես թե այնպես, հիմա ZTE-ին ապրանք մատակարարելու ցանկություն ունեցող ամերիկյան ընկերությունները պետք է ստանան առևտրի նախարարության թույլտվությունը, որն արդեն նախազգուշացրել է, որ այստեղ բարդություններն անխուսափելի են։
Նման պայմաններում Իրանի բարձրագույն ղեկավարության որոշումը՝ հարաբերություններ կառուցելու ամբողջ աշխարհի հետ, բացի ԱՄՆ-ից, թեև հարկադրական է, սակայն օրինաչափ։ Նույնքան օրինաչափ է այն, որ Թեհրանը չի ցանկանում երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղիներ որոնել։ Բայց Իրանն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե չպատրաստվեր ռազմական դիմակայության, ընդ որում, միևնույն է, թե որ հնարավոր հակառակորդի հետ։ Շատերն են արդեն նկատում, որ Թեհրանը, թեկուզ դանդաղորեն, բայց հետևողականորեն ձգտում է ռազմական գերազանցության հասնել Մերձավոր Արևելքում։ Իրանն ունի բավական ստվարաթիվ բանակ և բազմապիսի ռազմական տեխնիկայի պատկառելի պաշար։ Ընդ որում, երկրում փաստորեն կա երկու բանակ` Իրանի պաշտոնական զինված ուժերը և անմիջականորեն երկրի բարձրագույն ղեկավարությանը ենթակա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Իսկ ԻՀՊԿ-ի կազմում կան բազմաթիվ ամենատարատեսակ հատուկ ստորաբաժանումներ, այդ թվում` արտասահմանում հատուկ գործողություններ իրականացնող։ Իր հնարավորություններով այն կգերազանցի շատ պետությունների, ներառյալ, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի, գուցե նաև Իսրայելի բանակներին։ Իր նավատորմով էլ Իրանը կարող է լիովին հպարտանալ. ծովային տեխնիկայի մեծ մասն իրանական մշակման է, հավաքված է հենց իրանական նավաշինարաններում, տեղի մասնագետների ուժերով և սեփական արտադրության կոնստրուկցիաներով։ Ճիշտ է, իրանական ռազմածովային ուժերի կազմում կան, ասենք, գերմանական և թուրքական արտադրության հրթիռակիր կատերներ, որոնք բավական հին են, բայց դրանք փոխելու համար դարասկզբին Իրանն սկսեց կառուցել սեփական հրթիռակիր կատերներ։ Թող որ այդ ռազմանավակները կառուցված լինեն ֆրանսիական PKA-Combattante կ նախագծի հիմքի վրա, թող որ դրանք զինված լինեն «Hyp» հրթիռներով, որոնք, ըստ էության, չինական YJ-82-ի վերամշակված կրկնօրինակն են, բոլոր դեպքերում, այդ ամենն արտադրված է Իրանում, և զինամատակարարումների ոչ մի արգելք Իրանին չի կարող զրկել այդ զենքից։ Իրանն արտադրում է իր հետախուզանավերը, տարբեր տիպի փոքր սուզանավերը։ Ճիշտ է, իրանցիները ռուսական «Պալտուսիին» փոխարինող ոչինչ չունեն և դրանք ձեռք են բերում ՌԴ-ից։ Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռուս-չինական վերջին շփումները պարզորոշ հասկանալ տվեցին, որ թե՛ ՀՕՊ համակարգերի, թե՛ ռազմական ավիացիայի, թե՛ զրահատեխնիկայի ասպարեզում Իրանը շուտով կզինվի ժամանակակից ռուսական սպառազինությամբ։ Դե, իսկ հրթիռաշինության ասպարեզում Իրանն ինքն էլ լիովին ընթանում է աշխարհի առաջադեմ երկրների հետ համաքայլ։
Այսպիսով, իրանա-ամերիկյան հարաբերություններում «հալոցք» չի նկատվում, դիմակայությունն ու պայքարը նոր փուլ են թևակոխում։ Իսկ թե Արևմուտքի հետ Իրանի հարաբերություններում որտեղ և երբ կպայթի առաջին ականը, դժվար է ասել։ Կյանքը ցույց կտա։
Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ