Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ինչ կպատասխանի Իրանը Սիրիայի առնչությամբ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սպառնալիքներին

Ինչ կպատասխանի Իրանը Սիրիայի առնչությամբ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սպառնալիքներին
04.03.2016 | 10:09

Եվ այսպես, վերադառնանք Ռուսաստանի հետ Իրանի ռազմական կապերի հարցին։ Եթե մամուլում բերված փաստերը հավաստի են, ապա հասկանալի է, թե ինչու է Իրանը շահագրգռված արդիական մարտական ավիամիջոցների, ռազմածովային տեխնիկայի, հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ և այնքան էլ հետաքրքրված չէ զրահատեխնիկայով։ Ի վերջո, Իրանը բավականաչափ T-72 տանկային զորասյուներ ունի, այդ թվում` վերջին արտադրության, իսկ զինված ուժերի ամենաթույլ օղակը Իսլամական հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում համարվել են հենց ավիացիան ու նավատորմը։ Այսպիսով, նույնիսկ ակտիվորեն գործելով Սիրիայում, ինչի մասին վկայում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողների շրջանում եղած զոհերը, որոնց հուղարկավորությունը տեղի ունեցավ փետրվարի սկզբին` Թեհրանում, Իրանը հաստատապես պատրաստվում է մի իրավիճակի, երբ հարկ կլինի կամ հետ մղել ծովային և օդային հարվածները, կամ հարձակվել ծովից և օդից։ Իսկ «ծովի» պարագայում, հասկանալի բան է, Թեհրանը հակամարտությունը տեսնում է հենց Սաուդյան Արաբիայի հետ, ոչ թե Թուրքիայի։ Եվ ահա, փետրվարին եմենական «Անսար Ալլահ» և լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությունների հետ շփումների ակտիվացումը (Բեյրութում շեյխ Նասրալլայի հետ հանդիպումը) խոսում է այն մասին, որ Իրանը մտադիր չէ դիրքերը հանձնելու ո՛չ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, ո՛չ կոնկրետ Արաբական թերակղզում։ Իսկ զինված իրաքցի շիականների անցումը Սիրիայի կողմը, որոնց պատրաստել էին ամերիկացիները, ոչ միայն Սիրիայի նախագահ Ասադի նկատմամբ տարածաշրջանի շիականների միանգամայն բնական համակրանքի, այլև Իրանի և նրա դաշնակից տարածաշրջանային ուժերի տիտանական աշխատանքի արդյունք է։
Եթե հավատալու լինենք «Daily Beast» լրատվական գործակալության հաղորդագրությանը, իսկ այն վկայակոչել է Պենտագոնի երկու ներկայացուցիչների, «առնվազն երեք բրիգադ, որոնք Իրաքում հաջողությամբ կռվում էին ԻՊ-ի դեմ («Բադր» կազմակերպության, «Քաթաիբ Հըզբոլլահ» և «Ասաիբ Ահլ-ալ-Հաքք» բրիգադներ), մարտի մեջ են մտել և կորուստներ են կրում Հալեպի նահանգի հարավում և հարավ-արևելքում»։ Տվյալներ կան աֆղանստանցի և պակիստանցի շիականների, անգամ Սիրիայի պաղեստինցիների զորամիավորումների կրած կորուստների մասին, այլ խոսքով` հարկ է արձանագրել, որ ձախողվել է այն, ինչ վերջին ժամանակներս երազում էին սիրիական «ընդդիմության» որոշ ներկայացուցիչներ. իբր, ԱՄՆ-ը ծրագրում էր բորբոքել շիա-սուննիական պատերազմ, իսկ Ռուսաստանն ու Իրանը հաջողությամբ «կընկնեին ամերիկյան թակարդը»։ Հնարավոր է, որ ռազմավարական թակարդը լարված է եղել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար, և նույնիսկ մանրամասնորեն նախապատրաստված։ Բայց ցավն այն է, որ աշխատում է «փոս փորողը փոսն է ընկնում» սկզբունքը, քանի որ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շիական համայնքների հետ եղած և նախկինում ճնշված խնդիրները հիմա կարող են այնպիսի ուժով «պայթել», որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չկարողանան դեմն առնել։ Նրանք պարզապես համակիր երկիր չեն ունենա Մերձավոր Արևելքում, իսկ «կարկատանի» սկզբունքը, որը «Գլոբալ Մերձավոր Արևելքի» ամերիկյան պլանի ճարտարապետները ձգտում էին տարածել նախ Իրանի և այլ երկրների քրդաբնակ շրջանների վրա, առաջին հերթին կոչնչացնի հենց Վաշինգտոնի և Թել Ավիվի դաշնակիցներին։
Թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ Սաուդյան Արաբիայի հետ, դեռ հունվարին, շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժի պատճառով իրանա-սաուդյան հարաբերությունների սրումից անմիջապես հետո, հայտարարել են շատ ու շատ իրանցի պաշտոնատար անձինք։ Հունվարի 2. Իրանի ամենաազդեցիկ կրոնական գործիչներից մեկը` Թեհրանում ուրբաթօրյա նամազի ժամանակավոր իմամ, փորձագետների խորհրդի անդամ այաթոլլահ Ահմադ Հաթամի. «Ան-Նիմրի արյունը կծառայի այն բանին, որ ալ-Սաուդի ընտանիքը կտապալվի»։ Հունվարի 3. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ. «Սաուդյան Արաբիայի ահաբեկչամետ և հակաիսլամական վարչակարգը պետք է տապալել, շեյխ ան-Նիմրի վրեժը կլուծվի»։ Այաթոլլահ Խամենեի` «Սրբազան հատուցումը չի շրջանցի սաուդյան քաղգործիչներին»։ Հունվարի 5. նախագահ Ռոհանի. «Էր-Ռիադին չի հաջողվի դիվանագիտական հարաբերությունների խզմամբ թաքցնել շիական քարոզիչ Նիմր ալ-Նիմրի մահապատիժը»։ Հունվարի 6. Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթպուր. «Մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա պետական հեղաշրջում, և կառավարող վարչակազմը կտապալվի։ Այդ պետությունը ցրիվ կգա մի քանի մանր մասերի։ Կգա ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի հետքն իսկ չի մնա»։ Իրանի խորհրդարանի խոսնակի եղբայրը` Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեկ Լարիջանի. «Ալ-Սաուդի վարչախումբը աջակցում է ահաբեկիչներին։ Հաճախ Էր-Ռիադը գործում է ի շահ Իսրայելի և ԱՄՆ-ի, ինչի մասին վկայում են նրանց հանցագործությունները Սիրիայում, Իրաքում ու Եմենում։ Շեյխ ան-Նիմրի մահապատիժը վկայում է այն մասին, որ ալ-Սաուդի վարչախումբը գտնվում է փլուզման եզրին»։ Հունվարի 7. ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամի. «Սաուդյան Արաբիային փլուզում ու կոլապս է սպասում իր աղանդավորական քաղաքականության պատճառով»։ Հունվարի 9. գեներալ Ռըզայի. «Սաուդցիները տարածաշրջանում ինտրիգներ ու կոնֆլիկտներ են հետապնդում, նրանք սկզբում հակամարտում էին պաղեստինյան ժողովրդի հետ` ԱՄՆ-ի ու Իսրայելի աջակցությամբ, և հենց նրանք էին խոչընդոտներ հարուցում Գամալ Աբդել Նասերի և պաղեստինցիների աջակցությամբ հանդես եկող ճակատի ճանապարհին։ Եվ կավարտեն այնպես, ինչպես Սադամ Հուսեյնը. Սադամը սպանել էր աստվածաբան շեյխ աս-Սադրին, իսկ Սաուդյան Արաբիան` շեյխ ան-Նիմրին»։ Ակնարկները իրանցի գործչի խոսքերում ավելի քան թափանցիկ են. նրանք, ովքեր հետապնդում են շիականներին ու դավաճանում են իսլամական աշխարհին, իրենց վերջը կգտնեն կառափնարանում։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, առաջին հայացքից, ո՛չ Թեհրանը, ո՛չ Անկարան առճակատման ձգտում ցույց չեն տալիս։ Հիմա, ինչպես փետրվարի 19-ին հաղորդեց թուրքական «Anadolu» գործակալությունը, ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիկը ձգտում է մեղմացնել կրքերը. այստեղ, երևի, դեր է խաղում ոչ միայն այն, որ ԱՄՆ-ը համաձայն չէ սիրիացի քրդերին հռչակելու «ահաբեկիչներ Քոբանիից»։ Չևիկի ասելով, Անկարան «պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» և մտադիր չէ Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու առանց միջազգային կոալիցիայի կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման։ Բայց չէ՞ որ դա արձագանք է Իրանի արտգործնախարարի փետրվարի 16-ի հայտարարություններին, որոնցում նա «քարոզչություն» էր անվանել որոշ երկրների հայտարարություններն այն մասին, թե իրենք կարող են զորքեր մտցնել Սիրիա, ասելով, որ կողմնակի երկրներից ոչ մեկը չի կարող որոշումներ ընդունել հակամարտությունից տուժող երկրի փոխարեն։ «Ակնհայտ է, որ այդ կարգախոսները քարոզչություն են, ուրիշ ոչինչ։ Երկրների միջոցներն ու հնարավորությունները միանգամայն պարզ են, և քարոզչական հայտարարություններով այդ խնդիրներից ոչ մեկը չի լուծվի,- ասել է Զարիֆը Բրյուսելում։- Նման պահանջները ավելի կսրեն լարվածությունը Մերձավոր Արևելքում»։ Նախարարը հարևան երկրներին կոչ է արել տեսնել տեղերում տիրող իրավիճակը, «մի կողմ դնել պատրանքները» և վերջ տալ սեփական կամքը Սիրիայի ժողովրդին պարտադրելուն։ Եվ հասկանալի է, որ Զարիֆի նախազգուշացումները նախատեսված են հենց Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համար, առաջին հերթին։ Բայց միաժամանակ, փետրվարի 16-ին Անկարայում Իրանի դեսպան Ալի Ռըզա Բիկդելին ասում է, որ Թեհրանը պատրաստ է «իրանա-թուրքական երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացմանը», ասենք, Թուրքիան էլ դրա համար «քաղաքական կամք ունի»։
Թե՛ Զարիֆի, թե՛ Բիկդելիի այդ վերամբարձ խոսքերը հիշեցնում են 2015 թ. օգոստոսի վերջերի իրավիճակը, երբ, ի պատասխան իրանա-թուրքական սահմանին մարդատար ավտոբուսի դեմ կատարված ահաբեկչական ակտի և Իրանի քաղաքացիների զոհվելու, Իրանի արտգործնախարարությունը Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան-թեքինին փոխանցեց Անկարային ուղղված բողոքի նոտան` մտահոգություն հայտնելով Թուրքիայի տարածքում Իրանի քաղաքացիների վրա բազմաթիվ հարձակումների կապակցությամբ։ Իրանի արտգործնախարարության ԱՊՀ-ի և Կովկասի գործերի վարչության ղեկավար Մուհամմադ Ռըզա Մորշեդ-զադեն Թուրքիայի իշխանություններին կոչ արեց ջանքեր գործադրել Իրանի քաղաքացիների, ինչպես նաև իրանական փոխադրամիջոցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Թեհրանում Անկարայի ուշադրությունը հրավիրեցին բազմաթիվ միջադեպերի վրա, ներառյալ մարդատար գնացքի պայթեցման փորձը, իրանական ավտոբուսների ու բեռնատար ավտոմեքենաների վրա հարձակումները, Իրան-Թուրքիա գազամուղի երկու պայթեցումը և այլն։ Հենց այդ պատճառով էր, որ որոշում ընդունվեց ժամանակավորապես փակելու Թուրքիայի հետ սահմանը։
Բայց, մինչև թուրքերին բողոքի նոտա հղելը, Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանն օգոստոսի 13-ին նրբորեն ընդգծել էր, որ Թուրքիայի անվտանգության պահպանումը «լուրջ մտահոգություն է Իրանի համար»։ Շատ փորձագետներ կարծում էին, որ Թեհրանը ոչ միայն սոսկ բողոքում է տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության դեմ, այլև Թուրքիայի անվտանգության և տարածքային ամբողջականության հարցը շաղկապում է Սիրիայի անվտանգության և տարածքային ամբողջականության հետ, ինչպես նաև լուրջ հայտ է ներկայացրել Թուրքիայի տարածքում «հակաահաբեկչական գործողություններին» իր ուժայինների ենթադրական մասնակցության վերաբերյալ։
Համեմատենք իրավիճակները. Սաուդյան Արաբիայի պարագայում Իրանի «նախազգուշացումներն» ավելի շատ վկայում են «միջնորդավորված պատերազմի» մասին, իսկ Թուրքիայի պարագայում՝ Թուրքիայի տարածքում «անվտանգության պահպանման» մասին մտահոգության ակնարկի, ինչն ավելի սպառնալից է հնչում, քան դիվանագիտական բանավոր պատերազմը Էր-Ռիադի հետ։ Սակայն թե՛ Էր-Ռիադի, թե՛ Անկարայի համար նախազգուշացումներ են հնչում. 1) հաղորդագրությունը փետրվարի 18-ին «Բասիջ» աշխարհազորային շարժման (ուղղակիորեն ենթարկվում է ԻՀՊԿ-ին և, հետևաբար, Խամենեիին) խոշորամասշտաբ զորավարժությունների մասին, որոնք կրելու են «Բեյթ-ուլ-Մուքքադաս» ծածկանունը և անցկացվելու են Իրանի հենց արևմտյան շրջաններում, 2) ԻՀՊԿ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Պաքպուրի փետրվարի 19-ի հայտարարությունն այն մասին, որ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները, ներառյալ «Saberin» ստորաբաժանումը, մասնակցում են Իրաքի և Սիրիայի տարածքներում մղվող մարտերին, նպատակ ունենալով «կանխելու ծայրահեղականության դրսևորումը շիական մուսուլմանական սրբավայրերի նկատմամբ» և «թույլ չտալու ահաբեկիչների հնարավոր հարձակումներն իրանական սահմանների վրա»։ «Եթե մենք թշնամու դեմ չպայքարենք Սիրիայի և Իրաքի տարածքում, ապագայում ստիպված կլինենք ահաբեկչությանը դիմակայել մեր երկրի հարավային և արևմտյան սահմանների մոտ»,- հայտարարել է Պաքպուրը։ Ի դեպ, այդ խոսքերը լավագույնս հաստատվեցին. իրոք, Սիրիայի հարցում Թեհրանի և Մոսկվայի նպատակներն ու մոտեցումները ռազմավարական են ու երկարաժամկետ, և նրանց հակառակորդները ստիպված են հաշվի նստել դրա հետ։
Եվ այն, որ Իրանի նախարար Դեհղանի Ռուսաստան կատարած այցի ավարտից անմիջապես հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնեց Իրան, հաստատում է մեր հաշվարկները, բայց ամենից առաջ այն ժամանակագրական իրադարձությունների տրամաբանությունը, որ մենք շարադրեցինք։ Ինչպես Դեհղանը Մոսկվայում, Շոյգուն էլ Թեհրանում ընդունվեց ամենաբարձր մակարդակով, ինչը ևս հաստատում է, որ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը մտադիր չեն «կատակելու» ընդդիմախոսների հետ, առավել ևս Սիրիայի հարցում։ Հարցն այն է, թե ԱՄՆ-ը ինչպես կկատարի Իրանի հնարավոր հակառակորդների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի դերաբաշխումը։ Եթե կողմնորոշվելու լինենք ըստ Սիրիայի և այդ երկրում հրադադարի նկատմամբ վերաբերմունքի, ապա առայժմ այսպիսի դասավորություն է ստացվում. Թուրքիան, իբր, ընդունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանները, բայց վերապահությամբ. եթե քրդերը «խախտեն», ապա թուրքերն էլ «կպատասխանեն»։ Իսկ զուգահեռաբար հարվածներ կհասցնեն Հյուսիսային Իրաքին և կոչնչացնեն քրդերին Ջիզրայում, Շիրնակում և այլուր։ Սաուդյան Արաբիան, իբր, ընդունում է ռուս-ամերիկյան պայմանները և` անվերապահորեն։ Բայց չէ՞ որ կարող է այնպես ստացվել, որ դա Մոսկվայի և Թեհրանի համար, որոնք իրապես պայքարում են սուննիական ահաբեկչության դեմ, քիչ կլինի։ Եվ զուր չէ, որ այաթոլլահ Խամենեիի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար-Վելայաթին օրերս թափանցիկ ակնարկեց, որ եթե Սիրիայում հաշտություն կայանա, ապա հակաահաբեկչական գործողությունները կարող են տարածվել թե՛ Իրաքի, թե՛ Եմենի վրա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ