38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ամեն ինչ անելու ենք, որ երբեք կրակոց չլսեք»

«Ամեն ինչ անելու ենք, որ երբեք կրակոց չլսեք»
25.12.2015 | 09:08

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել էին սահմանամերձ համայնքների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Գեղամասար, Փամբակ-Դարանակ, Արփունք, Սոթք, Շատջրեք, Շատվան, Արեգունի, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Տրետուք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Ավազան, Վայոց ձորի մարզի Սերս, Խնձորուտ, Խաչիկ, Բարձրունի, Արարատի մարզի՝ Տիգրանաշեն, Զանգակատուն, Երասխ, Տավուշի մարզի Բերքաբեր, Սարիգյուղ, Պառավաքար, Սևքար, Դովեղ, Վազաշեն, Կողբ, Ոսկեվան, Կայան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեհովիտ, Կոթի, Այգեպար, Բերդավան, Բաղանիս, Արծվաբերդ, Ոսկեպար, Մովսես, Ներքին Ծաղկավան, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Չինարի, Բարեկամավան, Կիրանց, Այգեձոր համայնքների բազմաթիվ երեխաների, առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրների, սահմանափակ կարողություններով և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:
Հանրապետության նախագահն իր և տիկնոջ անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:


«Սիրելի երեխաներ, ես և տիկին Ռիտա Սարգսյանը շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ավագներն ասում են՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որ նոր տարում ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Ցանկանում ենք, որ այս արձակուրդային տոնական օրերը ձեզ նոր, լավ եռանդ հաղորդեն, որ կարողանաք ավելի լավ սովորել, որ կարողանաք դառնալ մեր երկրի արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ: Ցանկանում ենք, որ այս և նման օրերը, սիրելի երեխաներ, ձեզ լավ տրամադրություն հաղորդեն, որ դուք լինեք ավելի երջանիկ, լավատես լինեք, որ դուք տրամադրվեք բարի գործերի: ՈՒզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ձեր ծնողները և, ընդհանրապես, բոլոր մեծահասակներն ամեն ինչ անելու են, որ դուք բարով մեծանաք, որ դուք կյանքի նկատմամբ լցվեք լավատեսությամբ, լինեք բարի, որովհետև աշխարհն ավելի լավն են դարձնում բարի մարդիկ, աշխարհն ավելի լավն են դարձնում լավատեսությամբ լցված մարդիկ: Չարությամբ, կեղծավորությամբ անհնար է լավ գործեր կատարել: Մենք ուզում ենք, սիրելի երեխաներ, որ դուք մի քանի տարի հետո գաք այս դահլիճ արդեն բոլորովին այլ կարգավիճակով: Ցանկանում ենք, որ ձեզնով հպարտանան ոչ միայն ձեր ծնողները, այլ մեր ողջ ժողովուրդը, այնպես՝ ինչպես ամեն տարի այստեղ այս դահլիճում հավաքվում են գերազանց սովորողները, հանրապետական և միջազգային մրցույթներում հաղթողները, և մենք բոլորս հպարտանում ենք: ՈՒզում եմ, որ այստեղ եղած տղաներն ունենան այնքան հաջողություն, որքան հաջողություն ունեն, օրինակ, Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը: Մենք ցանկանում ենք, որ դուք ապրեք խաղաղ երկնքի տակ, ցանկանում ենք, որ ձեր ծնողները շատ ավելի ժամանակ և հնարավորություն ունենան ձեր գիտելիքները, ձեր աշխարհայացքն ընդլայնելու համար: Այստեղ հիմնականում ներկա են սահմանամերձ շրջանների երեխաները: Բոլորի համար խաղաղությունն ամենացանկալին է: Մարդն ապրի Տավուշում, թե Երևանում, խաղաղությունը երկուսի համար էլ նույն բարձր արժեքն ունի, որովհետև պատերազմը շատ վատ բան է, սիրելի երեխաներ: Եվ մենք ձեզ ցանկանում ենք, որ երբեք, որևէ անգամ դուք կրակոց չլսեք: Ամեն, ամեն ինչ անելու ենք, որ այդպես լինի: Աշխարհի ամենալավ բանը գիրքն է, սիրելի երեխաներ: ՈՒզում եմ, որ դուք, ինչպես ասում են՝ պինդ լինեք, առաջին հերթին՝ տղաները: ՈՒզում եմ, որ մեր աղջիկներն էլ շատ հոգատար լինեն, նմանվեն իրենց մայրերին, իրենց տատերին, լինեն շատ գեղեցիկ, կարգապահ, որ հեռու ապագայում ունենաք ձեզ պես կարգապահ, գեղեցիկ երեխաներ:
Մեկ անգամ ևս մենք շնորհավորում ենք ձեզ այս լավ տոնի կապակցությամբ, և բոլորդ միասին պետք է խոստանաք, որ դուք ուրախ եք լինելու: Պետք է ուրախ լինել, որ կարողանաք շատ լավ գործեր կատարել: Իսկ մեր երկրի ապագան դուք եք և ձեր հասակակիցները մեր հանրապետությունում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում ենք ձեզ այս փայլուն, այս ամենալավ տոներից մեկի կապակցությամբ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ