Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ռուսներն Իրաքո՞ւմ

Ռուսներն Իրաքո՞ւմ
13.12.2015 | 10:45

Թուրքիայի հետ կոնֆլիկտում Իրաքը ստացավ նոր ու հզոր բարեկամ՝ Ռուսաստանը: Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայից պահանջում է անհապաղ հեռացնել իր զինվորներին Իրաքի տարածքից և սպառնում է գործը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հասցնել: Գերմանական Focus ամսագիրը գրում է, որ ռուսների համար դա լավ հնարավորություն է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, իսկ թուրքերի խփած ինքնաթիռի միջադեպից հետո Կրեմլը ոչ մի նման հնարավորություն բաց չի թողնում: Ռուսական միջամտությունը իրաք-թուրքական կոնֆլիկտին հնարավոր ալյանսի բնավ էլ առաջին ակնարկը չէ՝ գարնանից սկսած Ռուսաստանը, Իրաքը, Իրանը միմյանց են փոխանցում հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկատվությունները՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար: ՌԴ ԱԳՆ-ն մի քանի ամիս առաջ Բաղդադին իսլամիստների դեմ ռազմական օգնություն էր խոստացել: Շատ փորձագետներ կարծում են, որ շուտով Ռուսաստանը, ինչպես Սիրիայում, սկսելու է ավիահարվածներ հասցնել Իրաքի տարածքում գտնվող նպատակակետերին: Որքանո՞վ է հավանական ռուսական ռազմական գործողության ընդլայնումը ևս մեկ մերձավորարևելյան երկրում և ի՞նչ վտանգներ ունի ամբողջ տարածաշրջանի համար: Focus-ը շարադրում է փորձագետների գնահատականները:
Կառնեգիի հիմնադրամի Ռուսաստանի գծով մասնագետ Պոլ Ստրոնսկին կարծում է, որ շատ դժվար է ռուսների ծրագրերի մասին դատել. «Նրանց զինվորականները հիմա էլ բավականաչափ ուժեղ են ներգրավված ՈՒկրաինայի ու Սիրիայի գործընթացներում: Բայց Ռուսաստանն ապացուցել է, որ պատրաստ է ռիսկի դիմել, այդ պատճառով բացառված չէ ռազմական գործողությունն Իրաքում»:
Օսլոյի խաղաղութան խնդիրների հետազոտության ինստիտուտի ռազմական փորձագետ Պավել Բաևը քիչ հավանական է համարում ռուսների մուտքը Իրաք. «Սիրիայի օպերացիայի ամենաթույլ տեղը լոգիստիկան է՝ այնտեղ Լաթաքիայի ռուսական բազայի մատակարարումը կատարվում է ծովով: Իրաքի դեպքում նման հնարավորություն չկա: Ռուսները չեն կարող իրենց թույլ տալ ռազմական գործողությունների ևս մեկ թատերաբեմ: Ռուսաստանի օպորտունիստական մանևրներն ամենամեծ սահմանափակողը ռազմական ռեսուրսների սուր պակասն է»:
Ի՞նչ ռազմավարություն կա Իրաքի հետ մերձեցման և Թուրքիայի ուղղությամբ թունավոր նետերի արձակման հիմքում: Արտաքին քաղաքական հարցերով փորձագետների մեծ մասը համամիտ է, որ Պուտինը որևէ ռազմավարություն պարզապես չունի: «Պուտինը շատ լավ է տեսնում իրավիճակը և օգտագործում է մարտավարական հնարավորությունները: Բայց ռուսները չեն մտածում երկրորդ ու երրորդ քայլի մասին»՝ կարծում է Պոլ Ստրոնսկին: Կրեմլի համար կարևոր է ռուս ժողովրդին ցույց տալ, որ Ռուսաստանը կարող է դիմակայել Արևմուտքին, Սիրիայի կամ Իրաքի քաղաքական իրավիճակը նրանց ամենաքիչն է հետաքրքրում: Նույն կարծիքն ունի Արտաքին քաղաքականության գերմանական ընկերության Ռուսաստանի գծով փորձագետ Սառա Պաունգը. «Ռուսաստանն ուզում է ամրակայել իրեն համաշխարհային քաղաքականության կենտրոնական դեմքի դերը: Մերձավոր Արևելքի կոնֆլիկտներն օգտագործվում են, որպեսզի նրանք իրենց ներկայացնեն ուժեղ և անփոխարինելի գլոբալ խաղացողի դերում, ում կարծիքն աշխարհը պետք է հաշվի առնի»:
Focus


Հ.Գ. ՈՒնեն, թե չունեն ռուսները ռազմավարություն ու մարտավարություն Սիրիայում, Իրաքում, Մերձավոր Արևելքում, աշխարհում ու սեփական երկրում՝ հարցի մի կողմն է, ինչո՞ւ խնդիր չի դառնում, թե թուրքե՞րն ինչ են անում Իրաքում, բայց խնդիր է՝ ռուսները Իրաք կմտնե՞ն, թե՞ ոչ: Մինչդեռ բացահայտ է, որ Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և հնարում անհեթեթ բացատրություններ, որոնք կապ չունեն միջազգային իրավունքի հետ, ավելին՝ ապավինելով բացահայտ ցինիզմին ու դեմագոգիային՝ հայտարարում է, որ օգնում է ԻՊ-ի դեմ պայքարող քրդերին ու նույնիսկ Իրաքի վարչապետի անցյալ տարվա խնդրանքն է կատարում: Պատճառը պարզապես Մոսուլն է, որտեղով հոսում է ԻՊ-ի նավթը, և Անկարան իբր թե ուզում է «ազատագրել», իրականում սեփականել Մոսուլը՝ ստույգ հաշվարկ կատարելով, որ Իրաքը չի կարող պատասխան հարձակում գործել Թուրքիայի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ թիրախ դառնալով ինքը: ՈՒ գուցե հիմա հենց ՆԱՏՕ-ն պիտի Անկարային բացատրի, որ ինքը վահան չէ ագրեսորի համար: Թուրքիան պարզապես Կիպրոսը շփոթել է Իրաքի հետ: Կարծես թե՝ նաև ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ