Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Պատմություն անհայտ զինվորի մասին

Պատմություն անհայտ զինվորի մասին
23.10.2015 | 10:53

Լույս է տեսել հայ մեծանուն գրող ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ (1924-2002) «Սերժանտ Կարոն» ժողովածուն։ Նրա ստեղծագործության գլխավոր երակներից է պատերազմական թեմատիկան՝ Հայրենական մեծ պատերազմի գեղարվեստական վերամարմնավորումը: Գրողը վարպետորեն է կերտել ավերման ու երազանքի, ատելության ու սիրո, նահանջի ու հաղթանակի, կյանքի ու մահվան սահմանագծում հայտնված հայրենասեր զինվորի պատմական-առասպելական կերպարը, ով, հայտնվելով աշխարհասասան պատերազմի էպիկենտրոնում, ջանում է ամեն կերպ՝ դրամատիկ, անմարդկային իրավիճակներում անգամ, պահպանել Մարդու արժանապատվությունը և Հայրենիքի անաղարտ հեռանկարը: «Ես կարևորը համարում եմ հոգու փորձությունը,- խոհագրել է Մ. Սարգսյանը,- հոգում կատարվող պատերազմն ու տակնուվրայնությունը, հոգու ստացած վնասվածքները և ոչ ռազմական գործողությունների լայնածավալ տեսարանների նկարագրությունը»:
Ժողովածուում ամփոփված են պատմվածքներ «Ահեղ օրեր» շարքից, «Սերժանտ Կարոն» վիպակը, «Ճակատագրով դատապարտվածները» վեպը:

20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության պայծառ դեմքերից ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ստեղծագործությունների` «Սերժանտ Կարոն» վերնագրված ժողովածուն ընթերցել եմ հետաքրքրությամբ, որովհետև աշակերտական տարիներին միշտ փորձել եմ հասկանալ, թե ինչ էր նշանակում այդ մոգական արտահայտությունը` «Հայրենական մեծ պատերազմ»:
Այն արտասանելիս մեծերը լռում էին, հիշողություններին տրվելիս` ավագներին բնորոշ նրբանկատությամբ մեզ ինչ-որ «շատ կարևոր» հանձնարարություն էին տալիս, որպեսզի հեռանայինք: Իսկ երբեմն էլ ասես չէին նկատում մեզ ու թողնում էին ներկա գտնվել իրենց խոսակցություններին` հասկանալու համար այդ սարսափելի ՊԱՏԵՐԱԶՄ բառի ողջ իմաստը: ՈՒ իմ սերունդը շատ բան հասկացավ:
Ես էլ, իմ հերթին, գրադարաններում որոնեցի և միշտ գտա Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող գրքերը: ՈՒ նաև` բանաստեղծ, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունները: Այդ ժամանակ, իհարկե, դժվար էր պատկերացնել, որ մի օր կհռչակվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ես կդառնամ այդ անսակարկելի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ հասկացությունը զենքով պաշտպանողներից մեկը, իսկ տարիներ անց կիմանամ, որ Մկրտիչ Սարգսյանն արժանացել է նաև ԼՂՀ պետական մրցանակի դափնեկրի կոչման:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարդկային անչափելի հերոսությունների ու ողբերգությունների միահյուսման գեղարվեստական արտացոլումը, որին մշտապես հաղորդակցվում էի պատանության տարիներին, նույնպես բավական դեր խաղաց, որ ընտրեմ զինվորականի մասնագիտությունը:
ՈՒ, ըստ այդմ, «Սերժանտ Կարոն» ստվարածավալ ժողովածուի` դեռ տպագրության հանձնվելիք էջերը կարդացել եմ նաև կարոտով, որովհետև գրադարաններում ավելի շատ փնտրում էի Մեծ հայրենականի մասնակից հայ գրողների ստեղծագործությունները, հասկանալու, թե հայերն ինչ էին անում խորհրդա-գերմանական անծայրածիր ռազմաճակատներում: ՈՒ իմ գտածը կրկին վերագտա «Սերժանտ Կարոն» ժողովածուի էջերում:
Իսկ հիմա` ըստ էության: Բոլոր պատերազմները նման են միմյանց: Դրանք մեկը մյուսի շարունակությունն են, որովհետև յուրաքանչյուր սերունդ ճակատագրով դատապարտված է շարունակելու նախորդ սերնդի անավարտ մնացած պայքարը և կռվելու տառապանքը զգալով հասունանալուն զուգընթաց, հասկանալու, որ իրենց հայրերը ոչ թե կռիվ էին անավարտ թողել, այլ ամենաիսկական հերոսներ էին, ում սխրանքներն ու անկոտրում կամքը պիտի ընդօրինակել և փոխանցել եկող սերունդներին:
Մկրտիչ Սարգսյանի նորահրատարակ այս ժողովածուում զետեղված ստեղծագործություններն առաջին ու հաջողված փորձերից էին ճշմարտությունն ասելու Հայկական լեգեոնի իրական դեմքը բնութագրող մարտիկների մասին, ովքեր ապրեցին «յուրայինների մեջ օտար, իսկ օտարների մեջ` յուրային» մնալու ողբերգությունը, բայց պահպանեցին իրենց բարոյական բարձր նկարագիրը: Նրանք ենթարկվեցին հիտլերյան ֆաշիզմի ունեցած բոլոր զինատեսակների հարվածներին և դրան զուգընթաց` յուրայինների կողմից «դաջվեցին» մի շարք պիտակներով:
Բայց աշխարհում ոչինչ գաղտնի չի մնում, իսկ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած մարտիկների սխրանքն անմահ է, ու տասնամյակներ անց հաջողվեց վերահաստատել ճշմարտությունը և Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Եվրոպայի տարբեր հատվածներում այսուայնտեղ ցրված եղբայրական գերեզմաններում հանգչող բազմաթիվ հայ զինվորների և Հայկական լեգեոնի ճակատից վերացնել ֆաշիստների հետ համագործակցողի անհեթեթ խարանը: ՈՒ նրանց մասին է «Ճակատագրով դատապարտվածները» վեպը, որի ամեն մի գլուխ սկսվում է յուրաքանչյուր զինվորի ամեն ինչ ասող «…Իսկ վաշտը բաց տեղանքով շարժվում է առաջ» տողով:
Վեպը բաղկացած է տասնչորս գլուխներից, բայց տասներեքերորդին հաջորդում է ոչ թե տասնչորսերորդը, այլ «Վերջին գլուխ» վերնագրված հատվածը: «Վերջին», որովհետև արկերը հոշոտում են Հազրոյի վերջին երգը, հետո զոհվում է նախավերջին մարտիկը` բուժքույր Վալյան, իսկ պարտիզանական վաշտի հրամանատար Վահանի ընկնելով իջնում է «Մե˜ծ լռությունը»: Եվ «Ճակատագրով դատապարտվածները» վեպը դառնում է պատմություն Անհայտ զինվորի մասին, այն զինվորների ու սպաների մասին, ովքեր իրենց տրվող հրամաններն ավարտում էին «ՈՒրեմն մեռնենք, որ ապրել կարողանանք» բառերով:
Նրանք հերոսներ են, ովքեր բարձրաձայն ասում են, թե «Ինձնից ոչ ոք չի կարող խլել մեռնելու ազատությունը: ՈՒրեմն, նաև կռվելու իրավունքը» և վախենում են միայն «մեռնող, սպանվող գեղեցկությունից» ու զոհվում են նրա հետ միասին:
Եվ եթե այդ մեծ լռությունը պատերազմական տեսանկյունից շուտով ցրվեց բոլոր ռազմաճակատներում խորհրդային զորքերի` մինչև Բեռլին շարունակված հաղթարշավով, ապա պատմական առումով ձգվեց տասնամյակներ: Եվ գրչի զորավոր ուժով այն ցրողներից մեկն էլ Մեծ հայրենականի տարիներին վաշտի հրամանատար, ապա գումարտակի հրամանատարի տեղակալ, «Հայրենական մեծ պատերազմի» I և II աստիճանի շքանշանների ասպետ Մկրտիչ Սարգսյանն էր:
Նրա ստեղծագործությունների հերոսների մեծ մասի գիտակցությունում մեխվել, նրանց ողջ հոգեբանությունն ու աշխարհընկալումն ասես տապարի հարվածով ճեղքել է այդ դարձակետային մեն-մի հատիկ տեղանունը` «Ստալինգրադ»: Ներկայի մեջ այն ապագան արդեն կիսում է երկու մասի` Ստալինգրադից առաջ ու հետո, իսկ խորհրդանիշ դարձած քաղաքի վրա կախվում է մի մե՜ծ հարցական, խորհրդայի՞ն, թե՞ ֆաշիստական Ստալինգրադից հետո: Այսինքն` Խորհրդային Հայաստանի սահմանին կենտրոնացած թուրքական քսանվեց դիվիզիաները կփորձե՞ն սկսել Արաքսի գետանցումն ու շարունակել այն սև 1915 թվականը, թե՞ անզոր կհեռանան, որովհետև դեռ կռվի չբռնված` արդեն պարտվել են նաև հա՛յ զինվորներից ու նաև` Արևմտյան Հայաստանից բնավեր եղած գաղթակա՛ն հայ զինվորներից:
Մկրտիչ Սարգսյանի կերտած կերպարները, լինեն կանոնավոր զորամասերի, թե պարտիզանական ջոկատների մարտիկներ, անծանոթ այդ տարածքներում պաշտպանում են մնացած վերջին Հայաստանը` Ջավախքը, Թալինը, Ապարանը, Արցախը… Նրանք արևմտահայ գաղթականներ են, տավուշցիներ, սյունեցիներ, լոռեցիներ: Անընդհատ հիշում են թուրքի դեմ իրենց կռիվը, զուգահեռներ անցկացնում 1915-1920 թվականների ու այս աշխարհասասան պատերազմի միջև: Մարտերից ազատ գիշերային կարճ ժամերին, վաղվա գուցե մահացու կռվից ընդամենը մի քանի ժամ առաջ մի պահ ննջելու փոխարեն հավաքվում են իրար գլխի ու փորձում են հասկանալ, որ եթե Հայաստանի գրեթե բոլոր տղամարդիկ կռվում են իրենց շեներից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող այս ռազմաճակատներում, ապա քսան-քսանհինգ տարի առաջ իրենց պաշտպանած Հայաստանն ո՞վ պիտի պաշտպանի:
Հետո տանջալից քննարկումների արդյունքում հերթական անգամ գալիս են այն համոզման, որ Հայաստանի սահմաններն այսօր իրենց զբաղեցրած տեսանելի կամ անտեսանելի բնագծերով են անցնում ու լուսադեմին նորից, համաձայն իր ճակատագրի` «վաշտը բաց տեղանքով շարժվում է առաջ»` պաշտպանելու կամ առաջ տանելու ամեն օր փոփոխվող այդ բնագծերը, որպեսզի երեկոյան դառը կատակեն, թե «Հարավային ճակատում անփոփոխ է»: Իսկ հետո վիճեն, թե ում Հայրենիքն է ավելի գեղեցիկ, և վերջում գան այն եզրակացության, որ «բոլոր հայրենիքներն էլ գեղեցիկ են», ուղղակի զինվորի համար կան նրա` դժվարությամբ պաշտպանվող կամ ազատագրվող հատվածները…
Բայց նրանք կռվում են ոչ միայն հեռվում մնացած Հայաստանի, այլև աշխարհն ավերելու ելած ֆաշիզմի դեմ: Եվ հետախուզական հերթական առաջադրանքը հաջողությամբ կատարելու արդյունքում սերժանտ Կարոյի ձեռքին չգիտես որտեղից հայտնված վիեննական աթոռի ոտքով ջախջախում են մարդասպանների գլուխները կամ նրանց գերի են բերում, ինչպես Արցախյան ազատամարտում հաճախ մենք էինք կռվում չգիտես որտեղից ձեռք բերած չգիտես թե ինչով ու հասկանում էինք կես դար առաջ մեր հայրերի ու պապերի կռվի «առանձնահատկությունները», այսինքն` նրանց խելահեղ, բայց գիտակցված հերոսությունը:
Բոլոր պատերազմները նման են միմյանց, դրա համար էլ, կարդալով Մկրտիչ Սարգսյանի տողերը, թե «Ես հայացքս չեմ կարողանում կտրել մենավոր ծառից, որից կրակը խլեց կանաչ զգեստն ու սպիտակ բունը: Նա կանգնած է արդեն մեր թիկունքում սևացած, սգավոր կնոջ նման», հիշում եմ 1992-1993 թվականների մարտական գործողությունների ընթացքում Մարտակերտի հոշոտված անտառները, Արցախյան ռազմաճակատների տարբեր հատվածներում պատերազմի սպանած այն միայնակ ծառերը, որոնք այլևս ծառեր չէին, այլ լավագույն դեպքում` անկենդան կողմնորոշիչներ մեր ու թշնամու հրետանու և հրաձգային զենքերի կրակի համար:
Կարդալով հետախույզ, սերժանտ Կարոյի բողոքը, թե «Մարդ էինք, դարձանք թերթերի նյութ, դարձանք հոդված», հիշում եմ իմ բազմաթիվ մարտընկերների` դարձյալ պարզ, գյուղացի տղաների բողոքը, թե «մեզ հեռու պահեք լրագրողներից» ու իմ անհույս բացատրությունները, թե ախր նրանք էլ իրենց գործն են անում:
«Ճակատագրով դատապարտվածներից» Վարուժանին, ով բարդու բնին շուլալված, մագլցելով վեր` հուսահատ ճիգերով փորձում էր ֆաշիստ սպայի կողմից գրազով գնդակահարված արագիլի փոխարեն փրկել այրվող բնում մնացած ձագերին, ես շատ ու շատ անգամներ տեսել եմ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներում ու հայաստանյան կամավորական ջոկատներում: ՈՒ Արցախի կռվող շեներում քանի՜ անգամ տեսել եմ ասես նույն արագիլի ձագերին, ովքեր Վարուժանի պես այրվելով կրակի բոցերում` չէին լքում իրենց բույնն ու հողը…

Ինձ թվում է, որ «Սերժանտ Կարոն» ժողովածուն պատմություն է երեք «Երանիների» մասին:
Մեկն ինքը` հեղինակն է բանաստեղծական շնչով ուղղում եկող սերունդներին. «Երանի՜ քեզ, եղբայրիկս, որ չես տեսել և չես տեսնելու այն աշխարհը, որը կոչվում է Ռազմաճակատ, այն աշխատանքը, որը կոչվում է պատերազմել, այն կեղեքող ամոթը, որը նահանջ է կոչվում, և այն արնակարմիր ուրախությունը, որ կոչվում է Հաղթանակ: Երանի՜ քեզ…»:
Այս «Երանին» տվողներին, տարիներ անց, հասկանալով խաղաղության նվաճման համար վճարված ծաղիկ կյանքերի, մարդկային անիմանալի տանջանքների ու փշրված ճակատագրերի երբևէ անչափելի գինը, երանի է տալիս հաջորդ սերունդը:
Իսկ երբ Մկրտիչ Սարգսյանի զինվորներից Աշնակցի Հարոն, ով Սասունում էր ծնվել, մութ ու ցուրտ գիշերին խոնավ հողում օջախ սարքելով վառում է թշնամուն անտեսանելի «գաղթականի կրակը», որը տուն ու տեղ կորցրած զինվորները վերանվանում են «պարտիզանի կրակ», հիշում եմ 1992-ին Մարտակերտի գաղթական դարձած բնակչությանն ու Վահան Տերյանի հայտնի տողերը. «Երանի՜ նրան, ով հայրենական տուն ունի հիմա…»:
ՈՒ ես էլ, իմ հերթին, ոչ միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, այլև «Սերժանտ Կարոն» ժողովածուի դեռ հրատարակչական շարվածքի առաջին ընթերցողներից մեկի իրավունքով չորրորդ «Երանին» տալիս եմ այս հաղթական խաղաղությունն արդեն ավելի քան երկու տասնամյակ պաշտպանող Հայկական բանակի զինվորներին ու սպաներին:

Այս տարի մենք պետական շուքով տոնեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձը: Դա մեր պատերազմն էր ու մեր հաղթանակը, որի հիշողությունը մենք փոխանցում ենք աճող սերնդին:
Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կառուցված բոլոր հուշարձաններն ու հուշահամալիրներն այսօր իմ, կրթության և գիտության ու մշակույթի նախարարների հրամանով կցագրված են մոտակայքում տեղակայված զորամասերին ու մոտակա դպրոցներին և գտնվում են ոչ միայն պետական կառույցների, այլև հայ զինվորի ու աշակերտի հոգածության ներքո: Նրանք են մաքրում ու բարեկարգում հուշարձաններն ու նրանց տարածքը: Դրա համար էլ Հայաստանում ու Արցախում Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին բոլորից շատ մասնակցում էին զինվորներն ու դպրոցականները: Նրանք գիտեն հաղթանակի ու խաղաղության արժեքը, և վստահ եմ, որ Հայրենական մեծ պատերազմի մարտիկներից Մկրտիչ Սարգսյանի այս ստվարածավալ ժողովածուն չի նիրհելու դպրոցների ու զորամասերի գրադարաններում և ձեռքից ձեռք փոխանցվելով` երկար ճանապարհ է անցնելու:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ
Գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախարար

Դիտվել է՝ 3484

Մեկնաբանություններ