38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հայկական հարցի լուծումը չպետք է որոնել Կիլիկիայում, որտեղ այլևս հայ չկա»

«Հայկական հարցի լուծումը չպետք է որոնել Կիլիկիայում, որտեղ այլևս հայ չկա»
09.10.2015 | 00:34

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Իսկ ի՞նչ եղավ Սևրի պայմանագրի ստորագրումից հետո Կիլիկիայում:
-1915-ի հերոսական ինքնապաշտպանությունից հետո մուսալեռցիներին տեղավորել էին Պորտ Սաիդի վրանավանում: Չհամակերպվելով հայրենիքի կորստյան հետ, նրանք անընդհատ դիմում էին ֆրանսիական ռազմածովային ուժերի սպա, իրենց տարհանման ղեկավարներից Շառլ Տիրան Թեքեյանին՝ ներկայացնելով դաշնակիցների կազմում թուրքերի դեմ կռվելու ծրագիր: Նրանց համառության արդյունքում ի վերջո կամավորների համար գաղթակայանում զինավարժության պարապմունքներ կազմակերպվեցին: 1916 թ. հոկտեմբերին Լոնդոնի ֆրանսիական դեսպանատանը պայմանավորվածություն է ձեռք բերվում անգլիական կառավարության ներկայացուցիչ Մարկ Սայքսի, Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև, Ֆրանսիական բանակային կորպուսին կից Արևմտահայաստանի ողջ մնացած հայերի դեմ թուրքական նոր վրեժխնդրություններ չգրգռելու մտոք ոչ թե «Հայկական», այլ «Արևելյան» անվանումով զինվորական լեգեոն ստեղծելու մասին։ «Արևելյան լեգեոնի» 1-ին գումարտակի առաջին 600 մարտիկները եղան Պորտ Սաիդում ապաստանած մուսալեռցի քաջորդիները՝ դառնալով դրա միջուկը, որոնց միացան 300 եգիպտահայերն ու թուրքական բանակի գերությունից փախած 236 հայեր: 2-րդ գումարտակը կազմավորվեց ԱՄՆ-ից եկած 1200 կամավորական հայորդիներով։ Կիպրոսում ձևավորվեց 3-րդ, Բեյրութում՝ 4-րդ գումարտակը:
Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ լեգեոնը ղեկավարելու էին ֆրանսիացի սպաները, բայց որպես օժանդակ զորամաս, ֆրանսիական բանակի մաս չէր կազմելու: Հայ մարտիկները կռվելու էին միայն թուրքերի դեմ և Կիլիկիայի տարածքում, սակայն 1918-ի գարնանը դաշնակից պետությունների ծրագրերից ելնելով, 4000 հայ լեգեոնականի, 1000 արաբ կամավորներից կազմված մի գումարտակի հետ տարան պաղեստինյան դժվարագույն ճակատ, տեղաբաշխելով Արարայի առաջին գծում: Արարայի (կամ Ռաֆաթի) բարձունքները անուն էին հանել իբրև «Թուրքերի երկրորդ Դարդանել»: Դա ողջ ռազմաճակատի ամենաանառիկ հատվածն էր, որն անգլիական մեծաքանակ զորքերը դեպի հյուսիս առաջանալու համար 1918-ի մարտ-ապրիլ ամիսներին երեք անգամ փորձել էին գրավել, սակայն անհաջողության էին մատնվել: Առանց Արարայի գրավման անհնար էր սկսել դաշնակիցների ընդհանուր հարձակումը, որի հաջող ելքի դեպքում միայն կարելի կլիներ ազատագրել Լիբանանը, Սիրիան, նաև՝ Կիլիկիան:
Թուրքական հրամանատարությունը՝ տեղեկանալով, որ իրենց դեմ մարտնչողների շարքերում հայ կամավորներ կան, պաշտպանությունն ուժեղացրել էր գերմանական 600-հոգանոց մի ընտիր ստորաբաժանումով: Լուսաբացին 600 հայ մարտիկներ ռազմաճակատի ամենաանմատչելի հատվածում անցան հարձակման` գրավելու երեք բլուր, որոնց թիկունքում թշնամու բազմահազար զինվորները բազմագծային պաշտպանություն էին կազմակերպել: Առաջին գիծը հաղթահարած հայորդիների սխրագործությամբ կռիվը տեղափոխելով թշնամու խրամատներ, հայ մարտիկները գրոհել էին Ռաֆաթը, հարևան գումարտակներին հնարավորություն ընձեռելով մյուս երկու բարձունքները գրավել: Առավոտյան Արարան ազատագրված էր: Գերմանական մարշալ Լիման ֆոն Սանդերս Փաշայի «Յըլդըրըմ» («Կայծակ») կոչվող բանակը, չհամակերպվելով խայտառակ պարտության հետ, կեսօրից հետո կրկին հարձակում է գործում, դրա դիմաց ծանր գին վճարելով, սակայն ստիպված է լինում երկրորդ պաշտպանական բնագիծը ևս հայ կամավորներին հանձնել: Գիշերը թշնամին, թողնելով նաև իր թնդանոթներն ու ռազմամթերքը, առանց կռվելու փախչում է նաև երրորդ պաշտպանական բնագծից: Լեգեոնականներն ունեցել են 21 զոհ, վիրավորվել էին 76-ը, 3-ը մահացան:
-Արարայից հետո Կիլիկիան մոռացվե՞ց:
-Վերանվանվելով արդեն «Հայկական»՝ լեգեոնականներն առաջ են շարժվում դեպի Կիլիկիա, իսկ Կիլիկիայում գտնվող թուրքական 2-րդ և 7-րդ բանակները Օսմանյան կայսրության հանձնվելուց հետո սկսեցին հյուսիս նահանջել։ Լեգեոնականները մտնում են Ալեքսանդրետ, Չորքմարզվան (Դյորթ Յոլ), Տարսոն և Ադանա: Հայերի հույսը մեծ էր. թուրքերը, տեսնելով երեք տարի առաջ իրենց բնաջնջած ժողովրդի զավակներից կազմված զինուժի հաղթական երթը, վախեցած էին ու ապշած:
-Հայկական լեգեոնի գրաված տարածքը արձանագրվե՞ց որպես հայկական:
-Գնդապետ Է. Բրեմոնին 1918 թ. դեկտեմբերի 25-ին նշանակել էին «Հայաստանի կառավարիչ», սակայն 1919 թ. փետրվարի 1-ին նա Ադանա ժամանեց որպես «Դաշնակիցների կողմից գրավված թշնամի տարածքների» կառավարիչ: Ֆրանսիայի փոփոխվող քաղաքականության պատճառով հետզհետե սկսվեցին տարաբնույթ սադրանքներ՝ հիասթափեցնելով հայ մարտիկներին, ովքեր լավ գիտակցելով, որ Կիլիկիայում կենտրոնացող հայության բեկորների կյանքի միակ երաշխավորը իրենք են, դիմանում էին: Կիլիկիան ազատագրող բանակը, որ մինչև 1919-ի մայիսի 28-ը կազմված էր միայն հայկական լեգեոնից, համալրվեց Ալժիրից բերված մուսուլման զինվորներով: Ֆրանսիացիները փորձում էին հայկական լեգեոնը հնարավորինս թուլացնել: Իսկ մայիսի վերջին նույնիսկ մասնակի զորացրում կատարեցին, երբ իրականում հնարավոր էր հայ կամավորների թիվը հասցնել մինչև 20 հազար զինվորի: Նախ լեգեոնը հեռացրին հայաշատ քաղաքներից՝ Ադանա-Հալեպ երկաթգծի պաշտպանության պատրվակով, իսկ 1919-ի աշնանը, երբ անգլիական զորքերը լրիվ հեռացան Կիլիկիայից, լեգեոնի երկու ստորաբաժանումներն իրարից բաժանելով` մեկը Մարաշում, մյուսը՝ Այնթապում տեղակայեցին: 1919-ի վերջերին Կիլիկիայում հայ կյանքը կանոնավորված լինելով հանդերձ, վաղվա օրը առավել քան անորոշ էր: Որոշակի դարձավ 1920-ի հունվարի 21-ին, երբ տեղի ունեցավ Մարաշի հայտնի աղետը: Մարաշի հայությունը լեգեոնականներին ապավինեց, ամենուր ստորաբաժանումների կայազորների գտնված տեղերը անպաշտպան ժողովրդի կուտակման վայրերի վերածվեցին, իսկ սա նշանակում էր թուրքական հարձակումների կենդանի թիրախներ դառնալ: Լեգեոնը Մարաշի կռիվներում ու մինչև Իսլահիե նահանջում կորցրեց բավականին մարտիկներ, շատերը վիրավորվեցին: Զորացրված կամավորներից ոմանք անդամագրվեցին տեղի ինքնապաշտպանության խմբերին, և նույնիսկ բանակային կազմակերպված կառույցից դուրս շարունակեցին կիլիկյան հողի պաշտպանությունը։ Մեծ է լեգեոնականների դերակատարությունը հատկապես Սիսի և ՈՒրֆայի ինքնապաշտպանության կռիվներում:
-Ինչո՞ւ չհաջողվեց Կիլիկիան պահել:
-Ֆրանսիան թուրքերի հետ մեծ առևտուր էր սկսել` Օսմանյան կայսրությունում իր տնտեսական երբեմնի խոշոր առանձնաշնորհումների վերականգնման դիմաց Կիլիկիան հանձնելով, Սիրիան պահպանելու համար: Կիլիկիայի բոլոր հայաշատ քաղաքներում, Ամանոսյան և Տավրոսյան լեռնաշղթաների երկայնքով մեկ Արարայի խելահեղ ճակատամարտից շատ ավելի ծանր ու արյունալի մարտերին մասնակցած, կոտորածներից մի կերպ ազատված հայ տարագիրներից կամավորական սկզբունքով կազմված Հայկական լեգեոնը, որը կռվելու էր թուրքերի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը և իր արյան գնով Կիլիկիայում Ֆրանսիայի ներկայությունն էր ապահովում, Սևրի դաշնագրի ստորագրումից միայն հաշված օրեր անց՝ 1920 թ. օգոստոսի 19-ին լուծարվեց: Գրեթե այդ ժամանակ՝ 1920-ի վերջին և 1921-ի սկզբին հայ լեգեոնականները ստիպված եղան Կիլիկիայից հեռանալ: Մնացածն էլ 1921-ի տարեվերջին ամբողջ կիլիկիահայության հետ հեռացավ: Ճակատագրի հեգնանք էր երևի՝ Կիլիկիայում մեր վերջին զորասյան՝ նախ Օսմանյան Թուրքիայի, ապա քեմալական բանակների դեմ ոչ մի տեղ և որևէ պարտություն չկրած Հայկական լեգեոնը, արևմտահայության՝ իր հողի վրա վառվելով հալվող մոմի հար և նմանությամբ ինքնիրեն մարեց։ Արդարությունը պահանջում է, սակայն, որ բարձրաձայնվի այն իրողությունը, որ հայ կամավորականների արյան գնով ազատագրված Կիլիկիան վերստին թշնամուն թողնելու ողբերգությունը իրենց մեղքով չէր։
-Ֆրանսիան ինչո՞ւ այդպես վարվեց:
-Ֆրանսիացի դիվանագետները միջազգային կոնֆերանսներում սկսել էին անցկացնել իրենց ուրույն գիծը՝ անջատ համաձայնություններ ձեռք բերելով քեմալականների հետ։ 1919-ի դեկտեմբերին (Մեծ Բրիտանիայից գաղտնի) Սիրիայում և Կիլիկիայում Ֆրանսիայի գերագույն կոմիսար Ժորժ Պիկոյի և Մուստաֆա Քեմալի բանակցություններում մշակվել էր համաձայնագրի մի նախագիծ, որով Ֆրանսիան, թուրքերին վերադարձնելով Կիլիկիան (ի հակակշիռ Անգլիայի, Իտալիայի և Հունաստանի), երաշխավորելու էր նաև նրա անբաժանելիությունը։ Պետք չէ մոռանալ, որ դաշնակից տերությունների Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920 թ. ապրիլի 19-26), որտեղ որոշվում էր Օսմանյան կայսրության մեջ մտնող տարածքների վերջնական բաժանման հարցը. Ֆրանսիայի ներկայացուցիչները ճամարտակում էին հայերի հանդեպ «դաշնակիցների բարոյական պատասխանատվության» մասին։ Ֆրանսիայի վարչապետ Ա. Միլյերանն ու արտգործնախարար Բերտելոն ժխտում էին Կիլիկիայի քրիստոնյաներին սպասող ջարդերի լուրերը։ Սակայն Ֆրանսիան այսքանով չէր բավարարվել, նրա հաջորդ քայլը, ի վնաս Կիլիկիայի հայերի անվտանգության, Անկարայի կառավարության հետ 1920-ի մայիսի 28-ի զինադադարի ստորագրումն էր, որը Մուստաֆա Քեմալը որպես ֆրանսիացիների՝ Ադանայի նահանգից հեռանալու պատրաստակամություն էր գնահատել։ Ֆրանսիայի նոր զիջումը բնականաբար խրախուսեց թուրք ազգայնական ուժերին՝ վերսկսելու ջարդարար գործողությունները Կիլիկիայի հայ բնակչության դեմ։ Ֆրանսիացիների՝ ամեն գնով թուրքերի հետ համաձայնության գալու քաղաքականությունը շարունակվեց նաև 1920-ի Սևրի պայմանագրի ստորագրումից հետո, որի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես անկախ պետություն։ Սակայն դեռ թանաքը չչորացած՝ Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչները սկսեցին պահանջել Սևրի պայմանագրի՝ որպես «Ֆրանսիայի շահերին խիստ հակասող» փաստաթղթի վերանայումը։ Եվ հենց ֆրանսիական դիվանագետների գործողությունները հանգեցրին նրան, որ Փարիզի դաշնակցային կոնֆերանսում (1921 թ.) որոշում ընդունվեց Սևրի պայմանագրի մասնակի փոփոխման և միջազգային նոր կոնֆերանս հրավիրելու մասին։ 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում հայ ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը դիմեց Ֆրանսիայի ներկայացուցչին՝ որպես «Կիլիկիայի պաշտոնական հովանավորի», խնդրելով չլքել հայ բնակչությանը և հասնել Կիլիկիայի համար խառը ոստիկանությամբ վարչական ինքնավարության հաստատման։ Ի պատասխան այդ խնդրանքի, Ֆ. Բերտելոն պատասխանեց, որ «Ֆրանսիան վճռել է անել ինչ կարող Է՝ ապահովելու համար լիակատար երաշխիք հայկական փոքրամասնությանը... Բոլոր դեպքերում Ֆրանսիան կպահի իր պարտավորությունները, ինչպիսին էլ որ լինեն նրա հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Իրականում ֆրանսիական դիվանագիտությունը առավելագույն ջանքեր էր գործադրում Անկարայի կառավարության հետ անջատ գործարք կնքելու համար, և 1921-ի մարտի 9-ին նրանց միջև կայացավ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության համաձայնություն։ Ֆրանս-թուրքական համաձայնությունը (որը փաստորեն քեմալականների ձեռքն էր տալիս Կիլիկիայի հայության բախտը) մեծ տագնապ առաջ բերեց Կիլիկիայի քրիստոնյա բնակչության մեջ։ 1921-ի ապրիլի 5-ին Փարիզ ուղարկվեց Կիլիկիայի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների բողոքի հեռագիրը։ Բայց բողոքները բոլորովին չխանգարեցին ֆրանսիական դիվանագիտությանը՝ շարունակելու հետագա բանակցությունները քեմալականների հետ, որոնք ավարտվեցին 1921-ի թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրմամբ։ Քեմալականներն այդ համաձայնագիրն օգտագործեցին Հայկական հարցը Անտանտի տերությունների հետ հետագա քննարկումից հանելու համար, իսկ տերություններն էլ իրենց հերթին սկսեցին ավելի ու ավելի քիչ զբաղվել դրանով։ 1922 թ. փետրվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջ. Քերզոնին ուղղված նամակում Ֆրանսիայի վարչապետ Պուանկարեն գրում էր. «Թուրքահայաստանի հարցի վերաբերյալ. ես կրկնում եմ, որ դժվար է պահպանել Սևրի պայմանները, բայց կարծում եմ, որ Հայկական հարցի լուծումը չպետք է որոնել Կիլիկիայում, որտեղ, եթե կարելի է այդպես արտահատվել, այլևս հայ չկա»։ Փաստորեն, ստեղծելով այնպիսի իրադրություն, որ հայերը ստիպված տարագրվեն այլ երկրներ, Ֆրանսիան իր վարչապետի բերանով հայտարարում Էր, թե Կիլիկիայում չի գտնվի անկյուն հայերի համար։ Ի վերջո Ֆրանսիայի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը կրկին վճռորոշ եղան հայոց վերջին հույսերի խորտակման հարցում: Հայկական հարցում Ֆրանսիայի կառավարության երեսպաշտ քաղաքականությունն իր արտացոլումը գտավ նաև 1922-23-ին Լոզանի կոնֆերանսում, որն ավարտվեց մի պայմանագրի ստորագրմամբ, որտեղ հիշատակություն անգամ չկար Հայաստանի մասին։

(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ