38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչու ԱՄՆ-ը շտապեց «օրինականացնել» Իրաքի «քանդումը», և ինչով պատասխանեց Իրանը

Ինչու ԱՄՆ-ը շտապեց «օրինականացնել» Իրաքի «քանդումը», և ինչով պատասխանեց Իրանը
29.09.2015 | 10:57

Համեմատաբար վերջերս ամերիկացի գեներալ Ռայմոնդ Օդիերնոն հանկարծ վերադարձավ այն գաղափարին, որ դեռ 2012 թ. հունվարին փոքր-ինչ սքողված ձևով արտահայտել էր մեկ այլ աշխարհահռչակ ամերիկացի` կադրային հետախույզ Պիտեր Գելբրայթը, ով ժամանակին եղել է Հորվաթիայում ԱՄՆ-ի դեսպան և անմիջականորեն համակարգել պատժիչ գործողություններն ընդդեմ Սերբական Կրաինայի Հանրապետության։ Այնուհետև Գելբրայթը 2001-2003 թթ. երևացել էր Իրաքում, 2003-ից հետո հեռացել կառավարական վարչակազմից ու ինչ-ինչ պատճառներով, իբր, դարձել պաշտոնական Վաշինգտոնի որոշումների ընդդիմախոս։ 2006 թ. հրապարակել է «Իրաքի վախճանը. ինչպես է ամերիկյան անխորագիտակությունը անվերջանալի պատերազմի պատճառ դառնում» գիրքը, ուր կոշտ քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրաքում, բայց միաժամանակ նաև ավագ դիվանագիտական ներկայացուցիչ էր ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկողության կենտրոնում։
Ե՛վ Գելբրայթը, և՛ գեներալ Օդիերնոն խոսում էին նույն բանի` Իրաքի միասնությունն ու ամբողջականությունը վերականգնելու անհնարինության մասին։ Պարզապես Գելբրայթը ուշադրությունը բացարձակապես սևեռում էր միասնական երկրի կազմից Իրաքի Քրդստանի հանման վրա, նույնիսկ Քիրկուկի, Մոսուլի և այլ վիճելի տարածքների նկատմամբ հավակնությունների կորստյան գնով։ Իսկ Օդիերնոն «Life News» հեռուստաալիքի եթերում առաջարկեց Իրաքը տրոհել երեք մասի. 1) շիական հարավ` Իրանի հովանու ներքո, 2) Իրաքի Քրդստան և «վիճելի տարածքներ», որոնք, իբր, հանրաքվեի դեպքում կընտրեն Քրդստանը, 3) սուննիական մաս` «Իսլամական պետության» (ԻՊ) իշխանության ներքո։ Գելբրայթի ու Օդիերնոյի «դեղատոմսերը», իհարկե, վաղուց արդեն գոյություն ունեցող իրադրության արձանագրումն են։ Իրաքն արդեն մի քանի տարի գտնվում է այդ վիճակում, և միասնական պետության վերադառնալու ոչ մի լույս չի երևում, առավել ևս, եթե նկատի առնենք ԻՊ-ի հետ արդեն տարիներ շարունակվող պատերազմը։ Գելբրայթի հանդեպ ներողամիտ կարելի է լինել միայն այն պատճառով, որ 2012-ին, չնայած հարևան Սիրիայի դեմ սկսված ագրեսիային, ԻՊ-ի ջիհադականները դեռ ստվերում էին։ Բայց, ինչպես հայտնի է, Իրանի հատուկ ծառայությունները դեռ 2014 թ. օգոստոսին հրապարակեցին ԻՊ-ի` որպես առանձին կառույցի կազմավորմանը ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների մասնակցության բոլոր մանրամասները, և ամենևին էլ բացառված չէ, որ նրանք մասնակցություն ունեցած լինեն նաև Սադամի բանակի միջին օղակի որոշ սպաների բառացի ներհոսքին ԻՊ-ի շարքեր։ Գելբրայթը լիովին կարող էր տեղյակ չլինել, որ իր երկիրը պատրաստվում է Մերձավոր Արևելքը վերաձևելու «Գլոբալ Մերձավոր Արևելքի», դեռ մի բան էլ` պատմության հուշամատյաններում երբևէ տեղ չգտած «Մեծ Քրդստանով», և դա անել հենց Իրաքի սուննիական մասի առանձնացմամբ և Արևելյան ու Հյուսիսային Սիրիայի տարածքին դրա միացմամբ։
Այնպես որ, այստեղ գլխավոր հարցը ոչ թե գեներալ Օդիերնոյի` քաղաքական դափնիներ ստանալու հայտն է, այլ այն, որ հետաքրքիր են շարժառիթները, որոնցով (ու նորից ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տխրահռչակ «ուժային բլոկի» ձեռամբ) Վաշինգտոնում որոշել են մեկ անգամ էլ գործի դնել Իրաքի արագ կազմաքանդման և դրա օպերատիվ օրինակարգման գաղափարը։ Պատճառների առաջին շերտը, իհարկե, կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ն առայժմ հույսեր է կապում Վիեննայում Իրանի հետ «իրանական ատոմի» առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, թեև մենք անուղղակի նշաններով կարող էինք տեսնել, որ Վիեննայում բանակցությունները, այնուամենայնիվ, ընթանում էին մերձավորարևելյան հարցերում Իրանի կապիտուլյացիայի տրամաբանությամբ։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չխորշեցին նույնիսկ սադրիչ ապատեղեկատվություն տարածելուց այն մասին, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կոդս» հատուկ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանին, իբր, գաղտնի այցով եղել է Ռուսաստանում։ Բանն այն է, որ Սիրիայում և Իրաքում գեներալ Սոլեյմանիի և ԻՀՊԿ հատուկջոկատայինների դերի մասին Արևմուտքը Իրանին ստիպեց խոսել նաև Վիեննայի բանակցություններում։ Բայց դեռ 2014 թ. ամռանից էր Իրանի արտգործնախարարությունը կոշտ նախազգուշացնում, որ տարածաշրջանում Թեհրանի քաղաքականության գլխավոր խնդիրն է «թույլ չտալ Իրաքը տրոհելու ԱՄՆ-ի և Իսրայելի պլանի իրականացում»։ Հայտարարությունը նուրբ էր` ինչպես մեզ է թվում, ոչ առանց ակնարկի, որ Իրանը լի է վճռականությամբ ձախողելու Իրաքը վերացնելու ամերիկա-իսրայելական պլանը միայն։ Եթե մեր գուշակությունը ճիշտ է, ապա Իրանի մտահղացման իմաստը հասկանալի է. ախր չափազանց հաճախ են Արևմուտքն ու Իսրայելը Իրաքի տարածքն օգտագործել ընդդեմ Թեհրանի շահերի, գոնե վերջին 30-40 տարում։ Ահա Իրանի շիական բարձրաստիճան հոգևոր առաջնորդների ամենավերջին հայտարարությունները միայն.
1. 17 օգոստոսի` գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեի. Իրանը «թույլ չի տա» ԱՄՆ-ի ներթափանցումը».
2. 18 օգոստոսի` նույն ինքը. Իրանը երբեք չի մոռանա «ամերիկյան բռնատիրությունը» և մտադիր է Վաշինգտոնի հանդեպ կիրառել պատշաճ «պաշտպանական մոտեցում».
3. 19 օգոստոսի` Իրանի դատական համակարգի ղեկավար այաթոլլահ Սադեկ Ամոլի Լարիջանի. Իրանի քաղաքականության փոփոխությունը ԱՄՆ-ի «մշտական երազանքն է»։
Եվ այս ամենն ասվել է գեներալ Օդիերնոյի «կանխատեսումներից», փաստորեն, անմիջապես հետո, ընդ որում, Իրանի այաթոլլահներն ընդգծում են, որ իրենց զգուշացումները վերաբերում են ինչպես ներիրանական, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Այսինքն, Իրաքին ու Սիրիային։
Պատճառների երկրորդ շերտը կապված է Թուրքիայի և այդ երկրում Քրդական հարցի սրման հետ։ Զուր չէ քրդական աշխատավորական կուսակցության զինվորական ղեկավարներից մեկը` Ջամիլ Բայիկը, օգոստոսի 17-ին «The Daily Telegraph» թերթին տված հարցազրույցում ԱՄՆ-ին, ըստ էության, առաջարկել սանձել Անկարային. «Ես իմ կոչը կրկնում եմ այն նպատակով, որ այս իրավիճակում ԱՄՆ-ը միջնորդ դեր ստանձնի մեր և Թուրքիայի միջև, ու եթե նա մեզ երաշխիքներ տա, մենք կընդունենք այդ դերը։ Եթե երաշխիքներ չկան, մենք միակողմանի քայլեր անել չենք կարող»։ Պետք չէ մտածել, թե ՔԱԿ-ի զինվորական թևը (իսկ դաշտային հրամանատարների շրջանում Մուրատ Քարայըլանի խոսքը Ջամիլ Բայիկի ձայնից պակաս կշիռ չունի. Քարայըլանն էր դեռ 2013-ին հավաստիացնում, որ եթե Թուրքիան հետ կանգնի խաղաղ նախաձեռնություններից, ապա հենց ինքը կվերսկսի պատերազմը) դրանով ընկրկում է և հաշտության քայլ է անում։ Բայիկի հետագա խոսքերն արդեն ամերիկացիներին ուղղված բացահայտ շանտաժ են. «Եթե Ամերիկան շարունակի պաշտպանել Թուրքիայի քաղաքականությունը, ապա կարող է կորցնել քրդերին։ Եթե Ամերիկան կորցնի քրդերին, դա նրա պարտությունը կլինի»։ Եվ խոսքը, իհարկե, նաև նրա «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման մասին է` ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում և հենց բուն Թուրքիայում։ Չէ՞ որ արդեն աշխարհի լրատվամիջոցները տարածել են (տեսագրությամբ) ԻՊ պարագլուխների սենսացիոն սպառնալիքը թուրքական իշխանությունների հասցեին։ Ջիհադականները, մասնավորապես, խիստ քննադատել են Թուրքիայի նախագահ Էրդողանին` ԻՊ դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար իր տարածքը տրամադրելու որոշման համար։ ԻՊ գրոհայինները Էրդողանին անվանում են սատանա ու դավաճան և երկրի մուսուլմաններին կոչ են անում ԻՊ-ի կողմում հանդես գալ իրենց կառավարության դեմ։ Ծայրահեղականները սպառնում են նաև զավթել Ստամբուլը։
Բայց բուն Հյուսիսային Իրաքում նույնպես լարվածությունը սրվում է. չէ՞ որ օգոստոսի 20-ին լրացավ Քրդստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) ղեկավար Մասուդ Բարզանիի նախագահական լիազորությունների ժամկետը։ Իրավիճակն այնքան սուր է, որ օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին իր բրիֆինգի ժամանակ հայտարարեց, թե նախագահ Բարզանիի լիազորությունների ժամկետի առաջարկվող երկարաձգումը ներքաղաքական հարց է։ Իհարկե, «բարզանիականների» հիմնական ընդդիմախոսները Իրաքի նախկին նախագահ Ջելալ Աթ-Թալաբանիի կողմնակիցներն են, բայց կան նաև այլ ուժեր, որոնք Բարզանիի կլանին կասկածում են մեկ ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերի օգտին ծառայելու, մեկ դավաճանության և Թուրքիայի հետ դավադիր համաձայնության մեջ։ Բացի այդ, Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի պատճառով ուժեղացել են նույնիսկ իրանամետ տրամադրությունները, իսկ դրանք Սուլեյմանիայում «Կոդս»-ի ջոկատների և անձամբ գեներալ Քասեմ Սոլեյմանիի պարբերական ներկայության պտուղներն են։ ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ներկայացուցիչ Բրետ Մակ-Գերկը, այս շաբաթ այցելելով Էրբիլ, նույնիսկ միասնության կոչ արեց Իրաքի քուրդ քաղգործիչներին։ Սակայն արդյունքը, ինչպես բուն Իրաքի, այնպես էլ քրդերի ու ԱՄՆ-ի համար առայժմ խիստ անմխիթար է։ ԻՊ-ի սուննի ջիհադականների շրջանում էլ օրակարգում ոչ այն է փախուստն է, ոչ այն է պատերազմը Սիրիայից և Իրաքից Թուրքիա տեղափոխելը։ Օպերատիվ իրադրությունը իրաքյան Էր-Ռամադայի, Էլ-Ֆալուջայի, Սալահ-Էդ-Դինի նահանգի, սիրիական Թադմորի (Պալմիրայի) և Իդլեբի շուրջ էապես փոխվել է, ուրեմն կփոխվի նաև Թուրքիայում տիրող իրադրությունը, և հնարավոր է, որ ԱՄՆ-ը շատ շուտով կորցնի «իր հայեցողությամբ» Իրաքը «անդամահատելու» նույնիսկ նվազագույն նախադրյալները։
Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի և Իրանի անդադար ու աննախադեպ մերձեցմանը զուգընթաց, ընդ որում, ոչ միայն Սիրիայի հարցում։ Օգոստոսին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ հիշեցրել է Արևմուտքին, որ պայմանական «C-300» ԶՀՀ տեսքով Իրանին ռուսական ՀՕՊ համալիրների մատակարարումները քննարկման ու սակարկության ենթակա հարց չեն, մինչև 2015 թ. վերջը այդ մատակարարումները կավարտվեն, քանի որ ՀՕՊ համակարգերի մատակարարումները չեն մտնում որևէ «պատժացանկի» մեջ։ Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովն ընդգծել է, որ կողմերի միջև «լիակատար պարզորոշություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետությանը «C-300» ԶՀՀ-ների մատակարարումների շուրջ»։ «Մենք ելնում ենք այն բանից, որ այսօրվա դրությամբ այդ թեման փակված է։ Հարցը սկզբունքորեն լուծված է, մնացածը տեխնիկական մանրուքներ են»,- նշել է Բոգդանովը։ Նույն բանը հուլիս-օգոստոսին բազմիցս հավաստել է նաև իրանական կողմը։ Հիմա կողմերը պարզապես զբաղված են նախկին պայմանագրի վերաձևակերպմամբ, և դա վկայում է այն մասին, որ պայմանագրում Իրանի պատվիրած «C-300» ПМУ-1 համակարգի փոխարեն կարող են լինել այլ` ավելի կատարյալ և արդիական, ասենք «C-300 ПМВ» համալիրներ։ Այսինքն, «C-400 Триумф» ԶՀՀ-ներ։
Դրանով տարածաշրջանում իրավիճակի դրամատիկ զարգացմանը նախապատրաստվելու Իրանի ջանքերը չեն սահմանափակվում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքերով` իրանական բանակը պատրաստվում է անցկացնելու օդատիեզերական ուժերի լայնընդգրկուն զորավարժություններ, և մոտ ապագայում ԻՀՊԿ-ն մասնավորապես կանցկացնի բալիստիկ հրթիռների արձակման զորավարժություններ։ Իսկ ինչպես հայտարարել է ԻԻՀ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլա Սայյարին, Իրանը պատրաստվում է կառուցելու հայրենական ավիակիր, ընդգծելով, որ իրանցի մասնագետներն ունակ են կառուցելու նման դասի ռազմանավեր։ Ընդ որում, արևմտյան երկրները (ԱՄՆ, Գերմանիա և Նիդերլանդներ) տարբեր պատրվակներով, Սիրիայից բխող սպառնալիքների վերագնահատումից հետո, սկսել են Թուրքիայի հարավային մասից դուրս բերել իրենց «Patriot» ՀՕՊ համակարգերը։ Ամերիկա-գերմանական համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր է պաշտպանական համալիրներն իրենց մշտական տեղակայման վայրերը վերադարձվեն արդեն այս տարվա աշնանը` հաղորդել է «Reuters» գործակալությունը։ Ընդսմին, Արևմուտքը ցանկություն չի դրսևորում երկարացնելու թուրքական տարածքում «Patriot» ԶՀՀ-ների տեղաբաշխման ժամկետը։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի մոտակայքում իրադարձությունների զարգացումը մեր իշխանություններից ու զինվորականներից պահանջում է մեծ պատասխանատվություն և ուշադրություն տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ