38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՄՆ-ը հենց Սպիտակի երկրաշարժի ժամանակից դարձավ Անդրկովկասի, և, իհարկե, Հայաստանի, գլխավոր ռազմավարական խաղացողներից մեկը

ԱՄՆ-ը հենց Սպիտակի երկրաշարժի ժամանակից դարձավ Անդրկովկասի, և, իհարկե, Հայաստանի, գլխավոր ռազմավարական խաղացողներից մեկը
02.06.2015 | 00:20

Ավանդական քրիստոնեական հավատը և Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որպես այդ հավատի հիմնասյուն, եղել և մնում են հայկական պետականության, հայ ազգի նույնականության առանցքը: Եկեղեցու և պետականության ամրապնդումն ու ազդեցության տարածումը հայկական աշխարհում հասարակության բնականոն զարգացման երաշխիքն են: Սակայն հիմա՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Արևմուտքի երկրները նպատակասլաց, համակարգված քաղաքականություն են վարում՝ հետխորհրդային տարածքում ավանդական արժեքների, բարոյականության, ընտանիքի ինստիտուտի քայքայման նպատակով: Զուգահեռ նույն հեղինակները քարոզում են միասեռականություն, միասեռական ամուսնություններ, թմրամոլություն և այլ ապասոցիալական երևույթներ: Ցավոք, այդ ներգործությանը ենթակա է և Հայաստանը, թեպետ, եթե անաչառ լինենք, Հայաստանով Արևմուտքն ու տոտալիտար աղանդները սկսել են զբաղվել ԽՍՀՄ-ի փլուզումից շատ ավելի վաղ:
Աղանդավորական սրտացավության ներմուծման հարմար առիթ Արևմուտքը համարեց… Սպիտակի աղետալից երկրաշարժը 1988-ի դեկտեմբերին: Թերևս ոչ ոք չվիճարկի, որ ԱՄՆ-ը, նվազագույնը, հենց Սպիտակի երկրաշարժի ժամանակից դարձավ Անդրկովկասի, և, իհարկե, Հայաստանի, գլխավոր ռազմավարական խաղացողներից մեկը: Եվ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմից ժամանակին տրված մուտքի արտոնագիրը մորմոն միլիարդատեր Ջոն Հանթսման-կրտսերին, կարծես թե ուներ բարի նպատակներ: Բայց 2014-ի նոյեմբերի 29-ին Պարգև արքեպիսկոպոսը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը, REGNUM գործակալությանը տված հարցազրույցում խոստովանեց, որ Արևմուտքը Անդրկովկասի աղանդավորական ագրեսիան պատրաստել էր 1988-ից շատ առաջ: «Ես բացարձակ ճշգրիտ տվյալներ ունեմ, որ 1980-ականների սկզբից, երբ դեռ ոչ ոք չէր ենթադրում, որ վերակառուցում է սկսվելու, ԱՄՆ-ում նախապատրաստվում էր զանգվածային հոգևոր «դեսանտ»՝ ԽՍՀՄ գործուղվելու համար: Մեծ թվով միսիոներներ էին պատրաստվում, սովորեցնում էին ԽՍՀՄ ժողովուրդների լեզուները: Իսկ ԽՍՀՄ-ում արդեն այդ միսիոներները սկսեցին գրականություն տպագրել ու տարածել: Այսինքն՝ կար նախապես մշակված ծրագիր, որը և կյանքի կոչվեց: Մենք, այն ժամանակվա Միության և սոցճամբարի տարածքում գտնվող եկեղեցիներս, բացահայտ պատրաստ չէինք: Հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվեց այդ բազմապրոֆիլ «դեսանտը», որի մեջ էին «Եհովայի վկաները», հիսունականները, խարիզմատները, սայենտոլոգները և մնացածը»:
Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ բազմազան աղանդները, որոնց շտաբ-բնակարանները, չգիտես ինչու, ԱՄՆ-ում են, մունիականները, բախայականները, կրիշնայականները, առավել ևս եհովականները, մորմոնները, սայենտոլոգները և այլք: Նույնիսկ շատ ժողովրդավարական Ֆրանսիայում «Եհովայի վկաների» աղանդը (Ջորջ Ռասելի աղանդը) պաշտոնապես արգելված է օրենքով՝ իբրև տոտալիտար և ապակառուցողական: Նույն ճանապարհով է գնում և ժողովրդավարական ժամանակակից Ռուսաստանի Դաշնությունը. ՌԴ-ում արգելված է և իսլամական տոտալիտար աղանդների գործունեությունը: Վերցնենք թեկուզ մորմոններին՝ առաջին արտասահմանյան աղանդը, որ կամավոր Հայաստան թողեցին Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ական իշխանությունը: ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրություններում մորմոններն ունեին և իրենց թեկնածուն՝ մուլտիմիլիոնատեր և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, հանրապետական Միթ Ռոմնին: Արդեն առաջին տարին չէ, որ մորմոնները ամերիկյան հատուկ ծառայությունների և ռազմական կառույցների կորիզն են կազմում: Բացի նրանից, որ մորմոն-հանրապետական «Huntsman International» ընկերության տնօրեն Հանթսման-կրտսերի գործունեության տարիներին Հայաստանի իշխանությունները չէին խանգարում տոտալիտար աղանդին «հոգիներ որսալու» (կոկիկ և միանման հագնված պատանիներին Երևանի փողոցներում ցանկացած ոք տեսած կլինի մի քանի անգամ), ավագների գործունեությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների երիտասարդ կադրերի համար լավ դպրոց է այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ը մտադիր է իր խամաճիկին դարձնել իշխանություն: Ընդհանրապես, մորմոնները միշտ և հատկապես վերջին տասնամյակներում, եղել են հանրապետական կուսակցության հովանավորներն ու գործիչները: Օրինակ, 1925-ին ծնված, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Բրենտ Սկոուկրոֆտը նախագահ Ռիչարդ Նիքսոնի օգնականն էր ռազմական գծով, ազգային անվտանգության հարցերով խորհրդական էր նախագահներ Ջերալդ Ֆորդի և Ջորջ Բուշ-ավագի աշխատակազմերում, արտաքին հետախուզության խորհրդի նախագահ էր Ջորջ Բուշ-կրտսերի օրոք 2001-2005 թթ.: Սկոուկրոֆտը ակտիվ մասնակցել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը Բարաք Օբամայի համար: Ռազմաօդային ուժերի գեներալ Բրյուս Կառլսոնը 2013-ի սեպտեմբերին նշանակվել է ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության նորաստեղծ վարչության պետ: Ջոն Դարվինին 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը նշանակեց ՀԴԲ-ի լրատվական ծառայության ղեկավար: Ավելի վտանգավոր է «Սայենտոլոգների եկեղեցին», որ մասնագիտացված հետախուզություն է: Օրինաչափ է, որ աշխարհի շատ երկրներում սայենտոլոգների գործունեությունը օրենքով արգելված է և կտրուկ կասեցվում է իբրև պետության ազգային անվտանգության և մարդկանց հոգեկան աշխարհի սպառնալիք: Փոխարենը ԱՄՆ-ում այդ աղանդը լիակատար ազատություն և նույնիսկ իշխանությունների չբարձրաձայնվող աջակցությունն ունի: Բացատրությունը շատ պարզ է: Դեռ 1959-ին ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսը համաձայնագիր է կնքել աղանդի հիմնադիր Ռոն Հաբարդի հետ, որով Լենգլին «Սայենտոլոգների եկեղեցու» համար պաշտպանություն էր ապահովում, փոխարենը արտասահմանում հատուկ գործողություններ իրականացնելիս ստանում էր նրանց օգնությունը: Գլխավորը հետախուզական կարևոր տվյալների լիովին հասանելիությունն էր, որ պարբերաբար ներկայացնում են սայենտոլոգները:
Նույն գործով են զբաղված Հայաստանում և Անդրկովկասի մյուս երկրներում եհովականները, մունիականները և այլ աղանդներ՝ ծառայում են ԱՄՆ-ի ԿՀՎ-ին և Արևմուտքի այլ երկրների հետախուզություններին: Հասարակության ներսում իրենց շոշափուկները նրանք տարածում են ամենատարբեր ձևերով ու մեթոդներով: Իհարկե, սկզբում ուղղակի շուրջկրոնական քարոզչությունն է՝ նույն այն կոկիկ հագնված և խուզված մորմոն պատանյակների տեսքով, որ շրջում էին անդրկովկասյան քաղաքներում: Երկրորդ միջոցն ավելի նուրբ է՝ ամերիկյան կամ այլ, բայց անպայման «արևմտյան» օգնություն Հայաստանին կամ Վրաստանին: Դատելով 2014-ի հունիսին Ադրբեջանում «Եհովայի վկաների» աղանդի անդամների զանգվածային ձերբակալությունների մասին հաղորդագրություններից, այդ մուսուլմանական երկրում էլ արևմտյան տոտալիտար աղանդները հասցրել են խոր արմատներ ձգել: Այնպես որ՝ գործ ունենք համակովկասյան իրավիճակի, այլ ոչ միայն տարածաշրջանի քրիստոնյաների դեմ ոտնձգության հետ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «արևմտյան օգնությունը»: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների վերահսկողությամբ Հայաստանի տարածքում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ձևավորում են կրոնական բազմակարծության նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիք, այդ թվում՝ աղանդների: ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին ենթակա հասարակական կազմակերպությունների գործունեությունն ուղղված է Արևմուտքի և նրա դաշնակիցների հասարակական կյանքի նույնականացմանը, ժողովուրդների ազգային առանձնահատկությունների դիմազրկմանը, եվրոպացու արժեհամակարգային կարծրատիպերի բռնի փոխանցմանը (որ հաճախ հակառակ են բնակչության բարոյական ըմբռնումներին) տնտեսապես վերահսկվող տարածք, ապակառուցողական են և վնասում են հայ ժողովրդի ինքնատիպությանը: Ի վերջո՝ մարտահրավեր են ազգային անվտանգությանը և հասարակության հոգեկան հավասարակշռությանն ու առողջությանը:
Վրացի հետազոտող Շոթա Ափխաիձեն իր «Օտարերկրյա աղանդները իբրև Արևմուտքի քաղաքական զենք» հոդվածում (տե՛ս http://www.kavkazgeoclub.ru/content/inostrannye-sekty-kak-politicheskoe-oruzhie-zapada) շատ մանրամասն և ակնառու ներկայացրել է արևմտյան աղանդների ստեղծման ու գործունեության մեխանիզմները Վրաստանի տարածքում: Նա փաստացի ապացուցել է, որ աշխարհը, ի դեմս Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հովանավորյալ տոտալիտար աղանդների, գործնականում վաղուց բախվել է չարաբաստիկ «հիբրիդային պատերազմներին», որոնց վարման մեջ ԱՄՆ-ը 2014-ին մեղադրում էր Ռուսաստանին ՈՒկրաինայի ու Ղրիմի պատճառով: Ափխաիձեն գրում է. «Արևմտյան կրոնական աղանդների սոցիալական ակտիվությունը Վրաստանում ունի թաքցված քաղաքական բնույթ: Հրապարակայնորեն նրանք զբաղվում են բարեգործությամբ: Օրինակ, Վրաստանի ավետարանչական-բապտիստական եկեղեցին 2005-ին բացել է «Բետել» կենտրոնը Թբիլիսիում: Բացմանը մասնակցել են նախագահն ու Մցխեթ-Մտիանետիի նահանգապետը: Կենտրոնն ուղիղ կապ ուներ չեչեն փախստականների հետ: 1996-1997 թթ., Չեչնիայի պատերազմի տարիներին, Վրաստանում ապաստան էին գտել 1000-ից ավելի չեչեն փախստականներ: Արևմուտքի՝ Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ջանքերով Վրաստանի ավետարանական-բապտիստական եկեղեցին բարեգործական աշխատանքներ սկսեց չեչեն փախստականների հետ: Նրանք օգնում էին նաև դրամական միջոցներով: Եկեղեցու հավատացյալները փախստականներին բնակեցնում էին իրենց տներում, հետո, երբ դա չբավարարեց, բացվեց «Բետել» կենտրոնը: Առաջին հայացքից մարդասիրական քայլը նշանակալից սպառնալիքներ ուներ: Կենտրոնում արևմտյան հատուկ ծառայությունների աշխատակիցները ակտիվորեն շփվում էին չեչեն փախստականների հետ նրանց հավաքագրելու նպատակով և ստանում էին հետախուզական տեղեկություններ Չեչնիայում ծավալվող գործընթացների վերաբերյալ: Կենտրոնում փախստականներին հատուկ ծառայությունների գործակալներ էին փորձում դարձնել: Աղանդների բարեգործության ընթացքում շատ հաճախ կատարվում է թաքնված կրոնական քարոզչություն, և աշխարհում կատարվող քաղաքական գործընթացների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում: Աղանդները փոխանցում են միայն այն տեղեկատվությունը, որը բխում է արևմտյան երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, շահերից»: Շոթա Ափխաիձեն հաստատում է, որ Միխեիլ Սաակաշվիլու վարչակարգը կապված էր աղանդների հետ. «2003-ի «Վարդերի հեղափոխության» ժամանակ այն ժամանակվա ընդդիմությանը և նրա գործընկերներին, արևմտյան քաղաքական էլիտայի ու հատուկ ծառայությունների հրահանգով, աջակցեցին կրոնական փոքրամասնություններն ու աղանդները: Դեռ «Վարդերի հեղափոխությունից» շատ առաջ հասարակական կազմակերպությունները՝ Ազատության ինստիտուտը և հեղափոխության այլ գաղափարախոսներ հաջողությամբ «առևտուր» էին անում արևմտյան հասարակության հետ կրոնական թեմաներով: Օրինակ, ամենատարածված թեման էր «Եհովայի վկաների» «հետապնդումը» կարգալույծ հոգևորական Բասիլ Մկալավիշվիլու և իր կողմնակիցների կողմից: Այդ փաստը Արևմուտքին մատուցվում էր աղավաղված, որի մեջ խառն էր և Գիգա Բոկերիայի գլխավորած «Ազատության ինստիտուտի» մատը»:
Ինչո՞ւ այսօր հետխորհրդային տարածքում գրեթե ամենուր մենք ստիպված ենք խոսել և հիշեցնել թե արտասահմանյան աղանդների քայքայիչ ներգործության, թե նրանց սերտ կապի մասին արևմտյան պետությունների հատուկ ծառայությունների հետ: Ցավոք, եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մեջ հայտնված ՈՒկրաինայի օրինակը, Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը Գյումրիում ակնհայտ են դարձնում, որ աղանդավորների աջակցությամբ պետական հեղաշրջումները մնում են Արևմուտքի գերակա խնդիր հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ պայքարի «կանոններից» մեկը ռուսատյացության և ռուսաֆոբիայի սերմանումն է: ՈՒկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը՝ Դնեպրոպետրովսկի կոմերիտմիության մարզկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի նախկին պետը, խորհրդային տիպիկ փոխակերպուկ է: Մինչև ուղնուծուծը կարիերիստ: Երբ արդեն ձեռնտու չէր, սեղանին դրեց կուստոմսը և առաջին անգամ խաչակնքեց: Սկսեց ուղղափառությունից, հետո մի քանի տոտալիտար աղանդներով անցավ՝ «Հավատի խոսքը», «Աստծո դեսպանությունը» և էլի մեկ տասնյակ: Հիմա հիմնավորվել է բապտիստների մեջ: Այդ աղանդով հասել է բարձր կարգավիճակի, և հիմա հովիվ Տուրչինովը ուզում է ամբողջ ՈՒկրաինան բապտիստ դարձնել: Սկզբում նրան հաջողվեց «հավատափոխել» Գերագույն ռադայի 70 ժողովրդական պատգամավորների: Յուլյա Տիմոշենկոյի ամբողջ քարտուղարությունը բապտիստ է: Ասում են, որ «նարնջագույն արքայադուստրը» ևս բանտից հետո բապտիստական է դարձել: Նրա աղանդը լիովին հիմնավորված համարում են և նորխարիզմատիկ: Պատահական չէ, որ Տուրչինովը կուսակիցների շրջանում արժանացել է Մեծ հովիվ կոչումին: Արևմտյան հատուկ ծառայությունների համար այդ հատկապես թանկարժեք աղանդավոր գործակալը պարզապես հովիվ է: ՈՒկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրոք համարյա չէր թաքցնում իր սերտ կապերը ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ: Հակառակը՝ հոխորտում էր, հաճախ այցելելով Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան հետախուզական ծառայություն: Նա շրջապատված է անդրօվկիանոսյան խորհրդականներով և քայլ իսկ առանց նրանց չի անում: Տուրչինովն անկեղծորեն աղոթում է ամերիկյան գլխավոր աստծուն՝ դոլարին: Իսկ փողը նրան պետք է քաղաքական կարիերայի բարձունքներին հասնելու համար: Հենց այդ դուրսպրծուկն է մեղավոր ՈՒկրաինայում քաղաքացիական պատերազմի սկզբի համար:
Եվս մեկ ակնառու օրինակ՝ ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին հավաքագրել են դեռ 1998-ին, երբ նա «Ավալ» բանկի վարկային բաժնի խորհրդատու էր: Կես տարում նա Կիևում ավարտեց «Դիանետիկայի դպրոցը», որի անվան տակ գործում էր «Սայենտոլոգների եկեղեցին»: ԱՄՆ հաճախակի այցերի ժամանակ Արսենի Յացենյուկը ոչ պաշտոնական միջավայրում անփոփոխ հանդիպում էր Դևիդ Միսկևիջին, որ «Սայենտոլոգների եկեղեցու» ղեկավարներից է: Յացենյուկի քույրը՝ ԱՄՆ-ի քաղաքացի Ալինա Ստիլը, ակտիվ մասնակցում է «Սայենտոլոգների եկեղեցու» աշխատանքներին Սանտա Բարբարայում և այնտեղ ստացել է օդիտինգի (կարգավիճակ սայենտոլոգիական հիերարխիկ կառույցում) բարձր՝ 4-րդ մակարդակ: Հիմա, սակայն, եղբայր Արսենին ավելի բարձր է՝ նա 6-րդ մակարդակ ունի: Վերջերս Արսենի Յացենյուկը հաջողությամբ անցավ անվտանգության քննությունը՝ Security Check-ը՝ փորձություն ստի դետեկտորով, որ սայենտոլոգները անվանում են E-մետր: Սայենտոլոգ է ՈՒկրաինայի էկոնոմիկայի նախարար Պավել Շերեմետը, նա համատեղության կարգով ղեկավարում է աղանդի Կիևի բաժանմունքներից մեկը: ՈՒկրաինայի տարածքում գերիշխում են երկու աղանդներ՝ նորխարիզմատները և «Եհովայի վկաները»:

Արսեն ԼԵՎՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3240

Մեկնաբանություններ

ofollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
09.11.2024