Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակն էր ՏԱՐԻԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ մեր հանդիպման առիթը։ Եվ զրույցը ուշագրավ մի քանի դրվագ բացահայտեց ժողովրդական հերոսի կյանքից։
-Պարոն Հակոբյան, Զորավարի 150-ամյակը լրացավ։ Ձեր միությունը 30 տարում ուշագրավ ճանապարհ անցավ։
-1985-ին ստեղծվեց մեր միությունը։ Այն հեռավոր տարիներն այսօր ընդունված է կոչել լճացման տարիներ։ Բայց շատ հիմնարար հարցերում դրանք ծաղկուն տարիներ էին։ Եվ հետո, եթե նախորդ դարի 80-ականները լճացման տարիներ էին, ապա ինչի՞ տարիներ են մեր ներկա ժամանակները։ Մի խոսքով, ի մի եկանք մի քանի ազգասեր համախոհներով և որոշեցինք Զորավարին նվիրված միություն ստեղծել։ Սիրով թվեմ նրանց անունները` ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Նորայր Մուշեղյան, բանաստեղծ Վահագն Դավթյան, Գևորգ և Բագրատ Ղարիբջանյաններ, Պարիս Հերունի, Հրանտ Շահինյան, աշխարհագետ Գրիգոր Ավագյան, Բրեստի ճակատամարտի հերոս Սամվել Մաթևոսյան, Ավիկ Իսահակյան, Ռոբերտ Մավիսակալյան, Արարատյան թեմի առաջնորդ և ներկա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ և այլք։ Մեր միաբանումը Զորավարի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ էր։ Միաժամանակ մոտենում էր Մեծ եղեռնի 70-րդ տարելիցը։ Միությունը բավականին գործուն կառույց էր, բազմաթիվ միջոցառումներ էինք կազմակերպում, արթուն պահում այն ոգին, որի մեծ կրողն էր Անդրանիկ Օզանյանը։ 1990-ին, դեռևս խորհրդային իշխանության օրոք մարզահամերգային համալիրում հանդիսավորությամբ նշվեց զորավարի ծննդյան 125-ամյակը։
-Զարմանալի է, սակայն 2015-ը պետք է որ հայտարարվեր Զորավար Անդրանիկի տարի։ Սակայն ժողովրդական հերոսի հոբելյանը հերթականը կլինի, զուտ արձանագրման համար։
-Ցավոք, այդպես է։ Առհասարակ հայոց Պառնասում երևելիները շատ են, նրանց մեջ առանձնահատուկ է Անդրանիկը, մարդ և գործիչ, ով ժողովրդական հերոս էր կենդանության օրոք։ Հայոց Պառնասում յուրաքանչյուրն ունի իր պատվավոր տեղը, բայց ես կոպիտ վրիպում եմ համարում, երբ հնչում է «Կոմիտասի անվան պանթեոն» անունը։ Պանթեոնը անվանական չի լինում։
-Ինչպե՞ս պիտի այն կոչել։
-Կոմիտասի զբոսայգու հայոց մեծերի պանթեոն, ուր հանգչում են մեր պատմության սյուները։
-Պարոն Հակոբյան, այս զարմանալի դիմաքանդակը, որը Անդրանիկ Զորավարի ձիարձանի էսքիզի կողքին է դրված, ո՞ւմն է։
-Մայքլ Քրմոյանինը։ Նրա ավազանի անունը Գեղամ էր, նա Զորավարի քրոջ որդին էր, բարձր երաժշտական կուլտուրայի տեր մի մարդ էր։ Ծնվել է Ֆրեզնոյում, 1922-ին, երկար տարիներ եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգիչը, կատարել է բազմաթիվ դերեր, նկարահանվել է հեռուստաֆիլմերում։
-Ավելի մանրամասն ներկայացրեք նրան։
-Սիրով։ Նա անզուգական Մեֆիստոֆել է երգել։ 1971-ին Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի հրավերով եկել է Հայաստան։ Վարազդատ Հարությունյանն էր հրավիրել, և նա էլ ծանոթացրեց ինձ հետ։ Հրավիրեցի արվեստանոց և քանդակեցի։ Շատ էր հավանել։ Մի զարմանալի բան պատմեց, որը դեռևս չի տպագրվել։ 1927-ին, մի գիշեր Գեղամը, հինգ տարեկան մի մանչ, շատ անհանգիստ է քնում։ Երազ է տեսնում, որ երկու ասկյար թրերը մերկացրած հետապնդում են իրեն։ Երազում տղան փախչում է, բայց ասկյարներից մեկին հաջողվում է հասնել ու թրատել նրան։ Ահաբեկված վեր է թռչում, գոռում է և արթնացնում տան անդամներին։ Դա եղել է վաղ լուսաբացին, 1927 թվականի օգոստոսի 31-ին։ Մեջքին ցավ է զգում, հանում են շապիկը և վերից վար մի կարմիր գիծ են տեսնում մեջքի վրա։ Կարծես թրի հարվածի հետք լիներ։ Քիչ անց պատուհանը ծեծում են և հայտնում, որ Զորավարը վախճանվեց։
Մի խոսքով, այսօր պիտի հիշենք, որ բոլորս էլ Անդրանիկ Զորավարի զավակներն ենք և պիտի արժանի լինենք նրա անվանն ու գործին։
Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ