Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ԵՊՀ-ում բացվեց Ազատ Ասոյանի անվան լսարան

ԵՊՀ-ում բացվեց Ազատ Ասոյանի անվան լսարան
24.02.2015 | 17:56

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում բացվեց Ազատ Ասոյանի անվան լսարանը:

Միջոցառման նախաձեռնողն էին ԵՊՀ ռեկտորատը, Իրավագիտության ֆակուլտետն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
Ազատ Արթուրի Ասոյանը (1994 թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014թ. հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում:
Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ պաշտոնյաներ, Ազատի ծնողները, ուսուցիչները, ընկերներն ու հարազատները:
«ԵՊՀ-ում ավանդույթ կա, որի համաձայն՝ մեր հերոսների անուններով լսարաններ ենք կոչում: Իհարկե, ցավալի է, որ այս խաղաղ, բավականին փխրուն պայմաններում մեր երիտասարդները չզոհվեին, և այս արարողությունները չլինեին: Բայց այսօր մենք հպարտ ենք, որ երիտասարդների մեջ Ազատի նման մարդիկ կան, ովքեր պատրաստ են իրենց արյան գնով սահման պահել: Սա ճիշտ դաստիարակություն է, որի համար գլուխ ենք խոնարհում ծնողների առջև»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Լսարանի բացման արարողությունն անցկացրին ԵՊՀ ռեկտորն ու Ազատի մայրը՝ Մանուշակ Բալյանը: Այնուհետև միջոցառումը շարունակվեց ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում, որտեղ համալսարանական զինվորի ընկերներն ու ուսուցիչներն իրենց սրտի խոսքը փոխանցեցին ներկաներին:
«Ես համոզված եմ, որ հիմա բոլոր ներկաների մոտ երկակի զգացում է իշխում. մի կողմից՝ խորը ցավ, որ երիտասարդի մահ են սգում, մյուս կողմից՝ մեծ հպարտություն, որ Ազատի նման զինվորներ են մեր սահմանը հսկում: Իրավագիտության ֆակուլտետում նմանատիպ արդեն 6-րդ լսարանն է: Պետք է նշել, որ համալսարանն ընդհանրապես մեծ թվով հերոսներ է տվել հայրենիքին, ինչի համար մենք, անկասկած, հպարտ ենք»,- նշեց Գագիկ Ղազինյանը:
Ելույթներից հետո ցուցադրվեց Ազատի Ասոյանի կարճ կյանքի, մտորումների ու երազանքների մասին պատմող ֆիլմ, ինչից հետո «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը բոլորին հրավիրեց ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ նվիրված նորօրյա հերոս Ազատ Ասոյանին:

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ