«Տարվա սկիզբը լարված էր, և մենք ականատեսն ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: ՈՒնեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք՝ ընկած բոլոր տղերքի ընտանիքների և հարազատների հետ միասին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում և ապագայում այդպես էլ լինելու է»,- ասել է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը սկսելով: Նա պարզ շանտաժ է որակել Ադրբեջանի նախահարձակ գործողությունների նպատակը, շանտաժ, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»՝: Նա հիշեցրել է, թե ինչ հոխորտանքներ էին հնչում 90-ականների սկզբին, ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, Սևանում ոտքերը լվանալ, Շուշիում թեյել… «Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբևէ չենք եղել»,- վստահեցրել է Սերժ Սարգսյանը:
Նա վերահաստատել է, որ Հայաստանը պատերազմ հրահրելու պատճառ չունի ու միջադեպեր չի հրահրում, երբեք նախահարձակ չի լինում, սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն, այսուհետ կարող են լինել ասիմետրիկ հատուցման գործողություններ՝ տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: «Մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի այս հայտարարությունը հնչում է ԵԱՀԿ-ի ու ՀԱՊԿ-ի համառ լռության համապատկերում: Ադրբեջանի նախագահի 2015-ի սկիզբը նշանավորած քաղաքականությունը նոր չէ, Իլհամ Ալիևը շարունակում է աշխարհին հայտարարել, որ ինքը պատրաստ է պատերազմի ու իրեն չպետք է մոռանալ, եթե աշխարհը պատրաստ է մոռանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ընդունել ստատուս քվոյի կարգավիճակի արդարացիությունը: Մինչ այժմ Հայաստանը վարել է համարժեք հակահարվածի քաղաքականություն, որը, սակայն, ակնհայտորեն կորցրել է զսպիչ ուժը՝ Իլհամ Ալիևն ուզում է ավելին. նա շատ ավելի մեծ ներքին խնդիրներ ունի, քան արտաքին: Իսկ Ադրբեջանում ներքին խնդիրները տասնամյակներով չլուծելու քաղաքականությունը միշտ էլ գերադասել են պայմանավորել թշնամու կերպարով: «Թող ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»,- թերևս առաջին անգամ սպառնացել, թե նախազգուշացրել է ՀՀ նախագահը: Ինչպե՞ս կարձագանքի Բաքուն: Սահմանային միջադեպերը բազմապատկելո՞վ, թե՞ կրճատելով: Բաքուն նախ կսպասի միջազգային արձագանքին, որը պարտադիր չէ, որ հրապարակային լինի, և միայն այդ արձագանքից հետո պարզ կլինի՝ «ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման» բանաձևով պատերազմը կվերսկսվի՞, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կկազմակերպեն ևս մեկ հանդիպում, որի ժամանակ հակամարտության հաղթահարման առաջընթաց կարող է չլինել, բայց կարձանագրվի հակամարտությունը բանակցային ճանապարհով հաղթահարելու կողմերի հանձնառությունը: Մինչև նոր կրակոցներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Պատերազմը չի ավարտվել: Մինչդեռ մենք սկսել ենք մեր հաղթանակը մոռանալ, Ադրբեջանը փորձում է հակամարտության հաղթահարման բանակցությունների համար նոր ստատուս քվո հաստատել՝ ոչ թե իր պարտությունն ու մեր հաղթանակը, այլ այսօրվա ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կարգավիճակը, երբ, իր գնահատականով, ունի և տնտեսական, և ռազմական առավելություն: Իլհամ Ալիևը մոռանում է, որ պատերազմի աստվածը թղթի վրա հաշվարկներով չի շնորհում հաղթանակը, և ուժը միշտ նրա կողմն է, ով պաշտպանում է իր հողը: