Հունվարի 26-ին՝ ՀՀ բանակի 23-րդ տարեդարձին ընդառաջ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
«Ընդամենը երկու օրից բոլորս միասին կնշենք Հայոց բանակի օրը, բանակ, որի կայացման ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել ձեզ պես շատ երտասարդներ և այդ գործի շարունակողները լինելու եք դուք, սիրելի նորակոչիկներ: Ծառայեք խաղաղությամբ: Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է: Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն»,- ողջունելով ներկաներին՝ նշեց Արա Սադոյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Կենտրոնի զինկոմ Հմայակ Մաթևոսյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ:
Իր օրհնանքի խոսքն ու աղոթքը հղեց նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները վարչական շրջանի ղեկավարի կողմից ստացան նվեր` ծառայության ընթացքում անհրաժեշտ պարագաների և հագուստի փաթեթ: