38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐՔԵՐՆ ՈՒ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՆ ԱՆՑՈՂԻԿ ԵՆ, ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄՆԱՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐՔԵՐՆ ՈՒ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՆ ԱՆՑՈՂԻԿ ԵՆ, ՀԱՅՐԵՆԻՔՆԵՐՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄՆԱՅՈՒՆ
06.09.2011 | 00:00

Էս անգամ այն հաստատ թեժ կլինի: Ոչ միայն հայաստանյան, այլև գեոզարգացումների առումով: Աշխարհը փոխվում է մի ուրիշ արագությամբ:
ՔՐԻՍՏՈՆՅԱ՞, ԹԵ՞ ՀԵԹԱՆՈՍ
Փոփոխվող աշխարհը բերում է ռազմանյութական, և իհարկե, հոգևոր ռեսուրսների նոր դասավորություն:
Կարող ենք հանգիստ լինել. էդ մեզ չի «սպառնում»: Եվ մեզ հետ, փաստորեն, ոչ մի կապ չունի: Գլխավոր «մոմենտները» մեզանում ոչ միայն շարժ չեն գրանցում, այլև, հռչակված իմիտացիոն կարգախոսներին հակառակ, խոր ռեգրես են արձանագրում:
Խոսքը Արցախի անկախության 20-ամյակին հայաստանյան երկու նախագահների` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցության և Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայության մասին է: Եթե մեր թախկած հիշողությունը մեզ չի դավաճանում, ապա էդ մարդու` Լևոնի օրոք էր, որ Արցախն անկախություն ձեռք բերեց, ու ոնց որ թե նաև` պատերազմում հաղթեց:
«Իրենք իրենցով» Արցախի քսանամյակն էին տոնում, Ադրբեջանն էլ հաստատ ու թրքավարի` ինքնապաշտպանական խոր բնազդով, զգում էր, որ էս հայերն էնքան էլ քրիստոնյա ու էնքան էլ ուժեղ չեն, որքան էլ ամեն օր ու ժամ բարբառում են` «Հայաստան, քո փրկությո՜ւնը, քո միասնությո՜ւնը…»:
ՈՒ եթե նման «լիամետրաժ» պատկեր ունենանք նաև Հայաստանի անկախության 20-ամյակին, հաստատ պետք է էս երկրի լույսերը հանգցնենք ու «տուն գնանք», որովհետև անցնող քսան տարիները, մեր բոլոր զոհերն ու զրկանքներն առ ոչինչ են եղել. արժեհամակարգ չեն բերել, չեն փոխել երկիրն ու մարդուն. մնացել ենք նույն նեղմիտ, պետության զգացողությունից զուրկ, անհայրենիք տեսակը:
Իսկ որ դա էդպես է, գալիս է ասելու նույն անկախության տոնակատարության մեկնարկը: Եթե դրանում սիմվոլիկ համարենք Անուշ ու Ինգա Արշակյանների վերջին «կլիպը». միայն «նոր հայերը» կարող էին վեց հարյուր տարի չունեցած պետության, քսան տարի ունեցած անկախության մասին «կինո» նկարել Գառնիի հեթանոսական տաճարի «խորապատկերի ներքո». մեր ենթագիտակցության մեջ անմահացնելով հեթանոսության (պատկերացնում եք` ոչ նույնիսկ օրենքի ու մարգարեների, էլ ուր մնաց` շնորհի, առաջինը քրիստոնեությունն ընդունելու տիեզերական ամենամեծ աշխատող ու հաղթող) էներգետիկան:
ՈՒ թե մեր «կինոիստները» չգիտեն, որ ասենք` Գառնիի տաճարը մեզ համար պատմություն է ու մշակույթ, ապա աշխարհում «շատերի» համար այն էներգետիկայի «այլ»` գաղտնի աղբյուր է, ունի բավականին մեծ զորություն, միստիկ հզոր տարուբերում, ու պետք է շատ զգույշ լինել այդ «պրոյեկցիան» օգտագործելիս (հարցրեք «ժրեցներին», նրանք այդ մասին ձեզ ահագին բաներ կպատմեն): Ինչևէ:
Դառնալով Հայաստանի անկախության քսանամյակի տոնակատարություններին, այնուհանդերձ, հուսանք, որ ճկուն ու նախաձեռնողական արտաքին քաղաքականության կողմնակից Սերժ Սարգսյանը, որը ներքին ինչ-ինչ քայլեր էլ է անում (հրեն` էն օրը Քոչարյանի ծնունդը շնորհավորեց, ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ երկխոսության նրբություններին, ապա այն նույնպես բարձր «դո»-ի վրա է. առաջիկա նյութերից մեկում դա կապացուցենք), կարծում ենք, անելու է իր պաշտոնավարման ամենամեծ քայլը` այդ օրն ի մի է հավաքելու պստիկ Հայաստանի պստիկ անկախության պատմության երեք նախագահներին, կանգնեցնի կողք կողքի, ինքն էլ նրանց մեջ արձանագրի փոփոխվող աշխարհի ու Հայաստանի ամենամեծ «արարը». քաղաքական կրքերն ու ամբիցիաներն անցողիկ են, հայրենիքներն ու պետությունները` մշտական:
Չմոռանանք` պետության-երկրի գլուխը (ուզում-չենք ուզում) նրա նախագահներն են, նրանք միմյանց հետ մեկ մարմին են (բա՜, ընկեր Քոչարյան). նույն մարմնում է նաև ժողովուրդը:
Բզկտված ժողովուրդներին բզկտված-պառակտված իշխաններ, հայրենիքներ են «հասնում»:
Սպասենք:
ՀԵՆԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ՖՈՐՊՈՍՏ
«Նեոհայրենիքային» մեր սպասումը լցնենք գեոսպասումներով ու արձանագրենք այդ դաշտում աշխարհը փոխող երկու միջոցառում:
Մեկը` իսկապես դարակազմիկ: Մյուսը` «վայ նաչար»:
Առաջինը Լիբիայի ու Քադաֆիի «հանձնումն» էր:
Երկրորդը` ԱՊՀ քսանամյա հոբելյանը, որը պարզապես ահավոր «սիմվոլիկ» էր, եթե չասենք` խիստ էկզոտիկ:
Երկու իրադարձությունն էլ Հայաստանի համար էական էր: Մանավանդ որ, զուգահեռ ընթանում է երրորդ գործընթացը. հակահրթիռային համակարգերի տեղակայումը Թուրքիայում, որը, եթե կյանքի կոչվի, ապա քաղաքական քարտեզը Մերձավոր Արևելքում և «մերձակայքում» Լիբիայի «անկումից» հետո (հերթում Սիրիան է, իրադարձությունները ցույց են տալիս, այն շատ արագ «կանկվի». ԱՄՆ-ը ժամանակ չունի, ըստ ամենայնի, հարցը դրված է` մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ Սիրիայի հարցը պետք է փակել, իսկ Իրանի մասով հասնել հարցի կեսին. չնայած Իրանը հաստատ երկար կմնա ամերիկյան հղկված կոկորդին):
Առաջին հայացքից թվում է, թե Լիբիայի «հանձնումն» ու ԱՊՀ «քսանամյան» միմյանց հետ կապ չունեն: Էն էլ ո՜նց ունեն: Բանն այն է, որ Սիրիայի ու Իրանի հարցում ընդդիմացող, «բայկերների» հետ «սոլո» խաղացող պուտինյան Ռուսաստանի գլխավորությամբ ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովին որոշ երկրների չմասնակցությունը, Յանուկովիչի հզոր դեմարշը Ռուսաստանի «գազի» հանդեպ եթե ոչ փոփոխվող աշխարհի կազմակերպված արագ ու նուրբ «վիբրացիա» էր, ապա, բոլոր դեպքերում, այն իներցիոն հսկա թափ ուներ, որովհետև իր անհեռատես ու գիշատիչ քաղաքականությամբ Ռուսաստանն «ստացել» էր այդ օբյեկտիվ ռեալությունը` վաղուց վանելով իրենից Հարավային Կովկասը (այնքան էլ այնպես չէ, որ Ալիևը չգնաց Դուշանբե բացառապես Ղարաբաղի հարցով. դա Մերձավոր Արևելքում նոր դասավորությանը «քյորփա» Ալիևի չեմբեռլենյան պատասխանն էր` Թուրքիայում ՀՕՊ համակարգի տեղակայման ֆոնին` ԱՄՆ-ին ժեստ անելու մասով). Հարավային Կովկաս ասելիս չպետք է մոռանալ Սաակաշվիլուն, և ԱՊՀ այդ գերեզմանափորին պետք է հատուկ հարգանքով հիշել:
Սակայն հետաքրքիրը նաև այն չէր, որ ՈՒզբեկստանն անգամ քաղաքավարական ժեստ չէր արել` հանդեպ Ռուսաստան. նա վաղուց զահլա չունի ԱՊՀ-ի հետ, Տաջիկստանն էլ եկել էր «վայ նաչար»` ընտրությունների է, նախագահ «ընտրվելուց» հետո Տաջիկստանն էլի մի անգամ` վասն ամերիկացոց, կերկարացնի «Մանասում» ԱՄՆ-ի մնալու ժամկետը, ինչին հիմա ասում է`«նետ», ինչպես գազի հաշվով անում է Յանուկովիչը` տեղը դնելով ռուսաստանյան գիշատիչ ագահությունն ու ապաշնորհ պահանջատիրությունը (բա չէ. Քոչարյանը ինչ ունեինք` խնդրանոք փռեց Ռուսաստանի ոտքերի տակ, հիմա էլ այնտեղ Քոչարյանին առանձնապես բանի տեղ դնող չկա. ասում են` գնացել, ասել է` էդ «Մոսկվա» բանկը տվեք ինձ, չեն տվել):
Ամենաէականն այս ամենում, սակայն, այն էր, որ Ռուսաստանի համար սկսվել է մի նոր ու «փոփոխվող» էրա. այն դանդաղորեն զրկվում է իր երանքից` Բելառուսից և ՈՒկրաինայից: Փաստի արձանագրումը ԱՊՀ քսանամյայի շեմին ապացույցն էր ոչ թե ԱՊՀ-ի մեռելածնության, այլ Ռուսաստանի:
Մի խոսքով, ոնց տեսաք` ԱՊՀ գագաթնաժողովին նույնպես Լևոն Տեր-Պետրոսյանը չէր «հրավիրվել»:
ՈՒ թե կարճ ու բովանդակալից, ապա այնտեղ էին միայն Սերժն ու Դիման: Ռուսական վերլուծական ծրագրերն էլ մի գլուխ մեր Սերժին էին պահում էկրանին, պատմում էին, որ էն Ալիևը չի եկել, ու Սերժն էլ առիթը չփախցրեց մի անգամ ևս ԱՊՀ-ն ղարաբաղեցնելու և… այդպե՜ս շարունակ:
Փաստորեն, Հայաստանն այս պայթող տարածաշրջանում ու մեռնող ԱՊՀ-ում մնացել է գրեթե միակ «դիդակտիկ նյութը», Ռուսաստանի, ԱՊՀ-ի միակ… հենարանը (ոչ թե ֆորպոստը): Այս հանգամանքն ունի թե՛ դրական, թե՛ բացասական ասպեկտներ:
Այո, ամեն ինչ կախված է հենց այս մոտեցումից. հայաստանյան իշխանությունները կկարողանա՞ն առավելագույն ճկուն ու դիվանագետ լինել` ֆորպոստը դարձնելով հենարան (թե ամերիկյան, թե ռուսական կողմերի համար էլ)` պոկելով այս փուլում հնարավորինս շատ բան Հայաստանի համար:
Հայաստանը հավասարակշռող ֆունկցիա կարող է ստանձնել, և այդ ֆունկցիայի գրագետ կիրառումը կարող է ահավոր մեծ օգտաշահություն ապահովել երկրի համար:
Խոր համառումը` աշխարհի փոփոխությունները չտեսնելու, այդ փոփոխություններին ադեկվատ չարձագանքելու, Ռուսաստանի փեշին կառչելու (էստեղ ահա Սերժին ահավոր օգնում են Լևոնն ու ՀԱԿ-ը` պահանջելով ճանաչել Լիբիայի, հետո էլ ասենք` սիրիացի Լևոնի ու սիրիացի Օսկանյանի «անցումային» կառավարությունները), պատմության լուսանցքում հայտնվելու վտանգի առջև կարող է կանգնեցնել Հայաստանին` խախտելով անխախտը («Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես, անհետ կորել է չար մշուշի պես»):
Մի խոսքով, անհնար ոչինչ չկա, պետք է պարզապես մաքսիմում գրագետ, ճկուն ու շրջահայաց լինել` պատմական այս փուլում հնարավոր անկորուստ դուրս գալու և, ինչու ոչ, հնարավորինս հաղթանակ կորզելու համար:
Նման «ճկուն» մոտեցումներ երկրի այսօրվա գլուխը մասամբ ունի:
Բայց եթե նա չկարողացավ իր ամենամեծ քայլն անել` մի քիչ սիրտ խառնել այդ «ճկունությանը», իմա` ուղեղին, եթե չկարողացավ իրոք ու անկեղծ միավորել մեկ մարմնի մեջ երեք նախագահներին, հետևաբար` ժողովրդին, գոնե մեկ անգամ` մեր անկախության քսանամյա հոբելյանին (տասը ցիկլերը Հայաստանի համար ճակատագրական են, քսանը երկու տասն է, իսկ թե ինչ «սիմվոլ» է ինքնին անկախությունը, չարժե ասել), մի պստիկ ու մի անգամ մոտենալով հայոց կոդին (իսկ այն հրաշքների ընդունակ կոդ է. սա աշխարհի տիրակալները շատ լավ գիտեն). Գառնիի տաճարից անցում կատարել մի քանի «մետր» այն կողմ գտնվող Գեղարդի տաճարին, ապա էս երկրի վերջին շանսը կարող է և կորսվել:
Իսկ հակառակի դեպքում ահագին գործ արված կլինի։
Ինչո՞ւ չանել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ