Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ, ՈԳԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆԸ ՄԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՆ»

«ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ, ՈԳԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆԸ ՄԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՆ»
01.07.2011 | 00:00

Զրույց միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿՈՒ և քահանա Սերգի ԳԱԿԿԵԼԻ միջև


-Չէ՞ որ բժիշկն այդ որոշումը վերցնում է իր վրա։ Դա դառնում է իր մեղքը, չնայած դրա մասին խնդրում են նրա հարազատները, խնդրում է մեռնողը։ Այստեղ անձնազոհության պահ կա։
-Այո, սակայն ամբողջությամբ առած սա սայթաքուն թեմա է։ «Ես ինձ վրա եմ վերցնում այդ մեղքը» բառերը կարելի է տարածել բազմաթիվ իրադրությունների վրա, երբ մարդը սխալ է վարվում, ասելով. «Ես դա վերցնում եմ ինձ վրա, ես պատասխան կտամ Աստծու առաջ»։ Դա շատ վտանգավոր մոտեցում է։
-Մենք խոսում ենք ցավազրկող միջոցների մասին։ Պարտավո՞ր է, արդյոք, քրիստոնյա բժիշկը հաղորդել սեփական համոզվածությունը, որ տառապանքի մեջ կա փրկարար իմաստ։
-Կարելի է ասել մարդուն. «Փորձիր դիմանալ, կենտրոնացնել ողջ քաջությունդ, ամբողջ հավատքդ, ցույց տուր քեզ շրջապատողներին, որ տառապանքը չի կարող հաղթել քո հավատին և տոկունությանը, օրինակ եղիր նրանց համար»։ Այդ ամենը կարելի է ասել այն չափով, որ չափով մարդն ընդունակ է դա ընդունելու։ Սակայն կարող է վրա հասնել մի պահ, երբ մարդը կասի քեզ. «Ես էլ չեմ կարող»։
Այո, մենք խոսում ենք տառապանքի դրական դերի մասին։ Բայց պետք է հիշենք, որ տառապանքը դրական դեր ունի մարդու համար միայն այն ժամանակ, երբ նա ընդունում է դա, այլ ոչ թե այն ժամանակ, երբ այդ տառապանքը տանջանք է, որը նա չի ըմբռնում և չի ընդունում։ Կարելի է տառապել անտանելի ցավից և ասել. «Այո, դա անտանելի է, բայց ես գիտեմ, որ դա ինչ-որ իմաստ ունի հավերժության վերաբերմամբ»։ Սակայն մարդը կարող է գոռալ ցավից կամ պարզապես տառապել, համարելով, որ դա բոլորովին ավելորդ, անիմաստ տառապանք է, որովհետև նա ոչ մի բանի չի հավատում, և, փաստորեն, կուզեր լինել մի կենդանու վիճակում, որին թույլ են տալիս մեռնել, երբ կյանքն այլևս չի ուրախացնում։
-Իսկ ինչո՞ւ մենք ողորմածաբար թույլ չենք տալիս կենդանիներին տառապել, երբ նրանց սպառնում է տանջալից մահը, և վճռաբար մոտեցնում ենք նրանց վախճանը։
-Մենք չենք մտածում կենդանու մասին որպես մի էակի, որը հեռանում է դեպի հավիտենություն. սա առաջինը։ Մյուս կողմից, մենք չենք կարծում, թե երկարատև տառապանքը կօգնի կենդանուն հասունանալու և աճելու, որ լիովին պատրաստ լինի մտնելու հավերժություն։
Մարդու դեպքում դրությունն այլ է, քանզի մենք հավատում ենք, որ այն ամենը, ինչը նրա հետ կատարվում է, աստիճանաբար պատրաստում է նրան Աստծո հետ հանդիպմանը։ ՈՒ մենք գիտենք, որ որոշ մարդիկ շատ են տառապել, բայց ընդունել են տառապանքը և չէին հրաժարվի նրանից, որովհետև գիտեին, որ նրանք կրում են այն ինչ-որ նպատակով, որ նրանք հասունանում են կամ վկայում են ինչ-որ բանի մասին։ Չի՞ խոսում դա այն մասին, որ հարկավոր է դաստիարակել մարդուն, պատրաստել նրան, մահացու հիվանդությունից շատ առաջ, այն բանին, որ յուրաքանչյուրին կարող են սպասել տառապանքները։ Ինչպե՞ս պատրաստել մեզ բոլորիս։
Կարծում եմ` պետք չէ ասել մարդուն, որ կարող է գալ անտանելի տառապանքի պահը։ Եթե ամբողջ կյանքդ ապրես այն մտքով, որ վաղը վրա կհասնի աղետը, ապա յուրաքանչյուր օրն արդեն կհայտնվի սև ամպերի տակ։
Մյուս կողմից, ինձ և իմ սերնդին դաստիարակում էին այսպես. պետք է այնպես մարզես քեզ, այնպես պատրաստես, որ դիմանաս ցավին, կարիքին, վախին, տառապանքի ցանկացած ձևին։ Երբ մենք պատանի էինք, ամառային ճամբարներում մեզ սովորեցնում էին դիմանալ հոգնածությանը, ցրտին, սովին, ցավին։ Կատարում էինք վարժություններ, որոնք այդ ժամանակ կոչվում էին «բնավորության դաստիարակում»` մարմնի վիճակ, որը ցավ է առաջացնում, և հարկավոր էր մինչև վերջ դիմանալ այդ ցավին։ Ինձ այդպես են դաստիարակել` չդիմել ոչ մի մեղմող միջոցի, քանի դեռ դա տանելի է։ Ժամանակակից պրակտիկայում ամեն ինչ հակառակն է. հենց որ ցավը հայտնվում է, այն թեթևացնում են։ Դեռ ավելին` հաճախ մարդիկ, օրինակ, գլխացավի դեմ նախօրոք են ասպիրին ընդունում։
-Այդպիսի դաստիարակությունն ինչքա՞ն է ազդել քեզ վրա։ Ինչպիսի՞ն է հիմա քո վերաբերմունքը ցանկացած փորձության նկատմամբ։
-Ես մնացի նույնը։ Այսինքն` դեղ չեմ ընդունում, մինչև չեմ հասնում ինչ-որ սահմանի։ Սկզբունքը հետևյալն է. քանի դեռ կարող եմ գործել, ոչինչ չեմ ընդունում։ Ես ընդունում եմ դեղն այն ժամանակ, երբ ցավը խանգարում է իմ գործը կատարելուն։ Կարծում եմ, որ դա շատ հարմար միջոց է։ Դու շատ լավ գիտես, որ այդ ցավը տանելի է, եթե մի քիչ համբերես, հնարավոր է նույնիսկ անցնի։
Ահա մի դեպք պատերազմի ժամանակներից։ Ես պետք է բուժկետ հասցնեի դեղերի մեծ բեռը։ Քայլում էի կիլոմետրը կիլոմետրի հետևից, հորդ անձրև էր թափվում, ամբողջ ճանապարհը նման էր համատարած ջրափոսի և ցեխի։ Ինչ-որ պահի մտածեցի` այլևս չեմ կարող։ Ոչ մի բուժկետ, ոչ մի հիվանդանոց չի երևում, պառկեմ ու հանգստանամ... Եվ այդ ժամանակ մտքովս անցավ (ինձ թվում է, ավելի լավ կլիներ, որ այն չծագեր այդ ձևով. ամաչում եմ, որ իմ վիճակը դրեցի այդպիսի համատեքստում). «Քրիստոսը, երբ կրում էր խաչը, ոչ մի տեղ չկանգնեց և հասավ մինչև Գողգոթա»։ ՈՒ ես սկսեցի քայլել, և հարյուր մետր անց հասա հիվանդանոց։
Կարծում եմ, որ հիվանդության ժամանակ ֆիզիկական տառապանքը հասնում է ինչ-որ սահմանի, որ եթե դիմանաս դրան և սովորես չլարվել, այլ տրվել դրան, այն կանցնի։
-Ինչո՞վ է դա տարբերվում սպարտական վերաբերմունքից։
-Կարծում եմ, որ սպարտացին հույսը դնում էր սեփական ուժերի վրա, իսկ հավատացյալը համոզված է, որ եթե կարիք լինի, Աստված կարող է օգնել։ Դա ինձ շատ նշանակալից է թվում. «Աստված մեր կողքին է և պատրաստ է պաշտպան կանգնելու»։ Համարյա թե կարելի է ասել. «Նա այնչափ է ներկա, որ երբեմն կարելի է դիմանալ առանց բժշկի, հավաքելով ներքին ուժդ և ընդունելով այն, ինչը քեզ պատահում է, որպես Աստծո պարգև»։ Ոչ թե որպես Աստծու պատիժ, այլ որպես մի հանգամանք, որն Աստված քեզ տալիս է, որպեսզի պոկվես ինքդ քեզնից, դառնաս առ Նա, դեմ առ դեմ կանգնես սեփական խղճիդ հետ և այդ համատեքստում նայես, թե ինչ կարող ես անել։ ՈՒ եթե մենք մեր մեջ գտնենք անդորր, ներքին ներդաշնակություն, պատրաստակամություն պայքարելու այն ամենի դեմ, ինչը զուտ ֆիզիկական, բժշկական ոլորտում չէ, ապա արդեն կարող ենք գոնե կիսով չափ հաղթանակ տանել։
-Լիակատար հաղթանա՞կ, այսինքն` ապաքինո՞ւմ։
-Պատահում է, որ մարդն ապաքինվում է այս կամ այն հիվանդությունից աղոթքով կամ հաղորդություն ստանալով։ Հիշում եմ մի դեպք, երբ ինձ` որպես բժշկի, չգովեցին։ 1939 թվին մեր մանկական ճամբարում հանկարծակի հիվանդացավ 17 տարեկան մի աղջիկ։ Նա ոտքի երակաբորբ ուներ, իսկ ծնողները չէին ասել մեզ, որ նրան հենց նոր էին վիրահատել` հեռացնելով կույր աղիքը, և մենք, չիմանալով, ոչ մի միջոց ձեռք չէինք առել։ Մինչև հիվանդանոց գնալը այդ աղջիկը մեղքերը խոստովանեց և հաղորդություն ստացավ։ Մենք նրան փոքրիկ մեքենայով տանում էինք հերկած արտերով, և այնպես էր թափ տալիս, որ աղջիկը կարող էր ստանալ, երակաբորբից բացի, շատ այլ բարդություններ։ Նրան հասցրինք հիվանդանոց։ Բժիշկը, քննելով նրան, շուռ եկավ դեպի ինձ և ասաց. «Եվ դուք հավակնությո՞ւն ունեք մտածելու, որ բժիշկ եք։ Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որ ոչ մի հիվանդություն չունի այս աղջիկը»,- և մեզ տուն ուղարկեց։ Այդ աղջիկը դարձավ առ Աստված, մաքրեց իր հոգին զղջումով, ընդունեց հաղորդություն և բժշկվեց։ Դա կարելի է անվանել հրաշք։ Կարո՞ղ է հավատացյալ մարդը դա համարել ընդհանուր կանոն։ Դա չի կարող նորմալ լինել այն իմաստով, որ դրան չի կարելի մեքենայորեն դիմել, ինչպես, օրինակ, մենք դիմում ենք ասպիրինին, որ մեր գլուխը չցավի։ Հարկավոր է ինքն իրեն դնել Աստծո առաջ, մաքրել սեփական խիղճը, տրվել Աստծո ձեռքերին և Նրանից ստանալ այն պարգևները, որոնք Նա կցանկանա մեզ տալ, և դա կարող է լինել բժշկական ուղի։ Հրաշքը չի կարող կատարվել մեքենայորեն, այն իմաստով, որ մենք չենք կարող պահանջել Աստծուց. «Ես դիմեցի Քեզ, և Դու պարտավոր ես բժշկել ինձ»։ Սակայն մենք կարող ենք բացվել Աստծո առաջ այնչափ, որ հիվանդությունը կամ անցնի, կամ դառնա միջոց մեր փրկության համար։ Հիշում եմ, երբ Աթոսում վանականն ինձ ասաց, որ պետք չէ պայքարել, որ հիվանդությունը բոլորովին անցնի, քանզի հիվանդությունը հիշեցնում է մեզ մեր փխրունության մասին և սովորեցնում է մեզ տրվել Աստծո ողորմածությանը։ Իսկ բուժվել պետք է այնքան, որքան դա հնարավորություն է տալիս մեզ գործելու և ապրելու։
-Չի՞ բխում արդյոք դրանից, որ հավատացյալ մարդու կյանքում տեղ չկա բժշկին, բժշկությանը։
-Ոչ, կարծում եմ, տեղ կա. և այն, և մյուսը պետք է կիրառվեն։ Եթե հիվանդանում ես (իհարկե, ոչ մրսածությամբ, այլ ավելի լուրջ բանով), դու կարող ես դիմել Աստծուն, դնել ինքդ քեզ Նրա առջև, մաքրվել, հաղորդություն ստանալ, խնդրել, որ օծեն քեզ սուրբ մեռոնով, և դրա հետ մեկտեղ դիմել բժշկին։ Որովհետև Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աստված ստեղծել է դեղերը և բժշկին, և Նրա ձեռքում է նաև մեր բժշկումը (Սիր. 38,1-14)։ Նույն բանի մասին է խոսում և Ամվրոսի Օպտինսկին` հարկավոր է դիմել բժշկի, քանզի դա հնազանդության նշան է։ Չի կարելի ասել. «Ես իմ աղոթքներով և սեփական նվիրումով Աստծու նկատմամբ կապահովեմ իմ առողջությունը»։ Կարելի է ասել. «Տեր իմ, Քո ձեռքերին եմ հանձնում իմ ոգին», և պատրաստ լինել այն բանին, որ դու այնուհետև ցավեր կտանես և կմեռնես։ Սակայն եթե խոսքը բժշկման մասին է, իսկ երբեմն հարկավոր է պայքարել առողջության համար, որովհետև քո առաջ խնդիր կա Աստծո կողմից դրված, այդ դեպքում պետք է դիմել բժշկի, սակայն մի կողմ դնելով և հոգևոր ապաքինումը։ Այսինքն, կանգնած լինելով Աստծո առաջ, իմանալ, որ առողջ կլինես թե ոչ, վերջին հաշվով ամեն ինչ Նրա ձեռքում է, և դու ցանկանում ես միայն մի բան. «Թող Քո կամքը լինի, այլ ոչ թե իմ, Տե՜ր իմ»։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ