Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՓՆՏՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՓՆՏՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ
01.07.2011 | 00:00

Անկարայում ավարտվեց բռնցքամարտի աշխարհամասի առաջնությունը: ՈՒնենալով յոթ պատվիրակ, ընդ որում, նույն Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների տարբեր թրծվածքի, Հայաստանի ազգային հավաքականը բավարարվեց ընդամենը մեկ մեդալով: Խոստովանենք ռուսի հանգույն` «վպ չցրՑՏ»: Սա մեր ընտրանու վերջին մի քանի տարիների արձանագրած ամենավատ ցուցանիշն է և արժանի է ամենալուրջ քննարկման:
Հայտնի ճշմարտությունը բարբառում է, որ հաղթանակն ունի շատ տերեր, և միայն պարտությունն է, որ ունի մեկը: Թե ո՞վ կլինի այդ մեկը, մարզաշխարհի ղեկավար անձինք, թերևս, չուշացնեն բարձրաձայնել, միայն թե հնարավոր փութկոտության մեջ չմոռանան, որ նախ պետք է դեղին դարման անել, պայմաններ ստեղծել, նոր միայն պահանջել, ոչ թե, ինչպես հայտնի անեկդոտում է, պոկելուց հետո հաշվել: Հասկացողը հասկացավ ասածիս տողատակը: Մի՞թե բանի նման է, երբ հավաքականի մարզիկը խոսում է ամիսներով ուշացող վարձատրության մասին: Անհաճո կարող է լինել տղաների խոստովանությունը, սակայն չպիտի շտապել «գաղափարական» դիրքերից մեղադրել նրանց նյութապաշտության մեջ, մոռանալով, որ այդ նույն տղաներն իրենցից ոչ պակաս տեղյակ են «հացիվ»-ից էլ, «բանիվ»-ից էլ: Ոգեղենը, անշուշտ, կա և մնում է ոգեղեն, ու «մարդս հարկավ, պիտի գաղափարական ըլլա», ինչպես կասեին արևմտահայերը, սակայն չպիտի մոռանալ, որ այն, որքան էլ կարևոր, այնուամենայնիվ, ածանցյալ է: Ճիշտ է, շատ էական ածանցյալ, սակայն ոչ երբեք չարչրկելու աստիճանի: Մարդիկ ունեն տուն, ընտանիք, երեխա, կենցաղային պրոբլեմներ, որոնց համար ու դիմաց պիտի վճարեն: Այնպես որ, ոչ միայն վատ չէր լինի, այլև շատ էլ տրամաբանական կլիներ որոշում կայացնելուց առաջ նույն այդ մարզիկներին հարցնել, թե ինչ պարբերականությամբ են վճարվում և ամիսներով ուշացվող աշխատավարձի կամ թոշակի արանքում ինչ միջոցներով ու ինչպես են գոյատևում: Սա` ի միջի այլոց ու միաժամանակ` այնքան էլ ոչ ի միջի այլոց:
Հաստատ է, որ տղաների մրցելույթին գնահատական պիտի տրվի: Սակայն, եթե ուզում ենք, որ այդ գնահատականը լինի ի նպաստ հանունի, այն պիտի օբյեկտիվ լինի, այլապես աչքը շինելու փոխարեն ունքն էլ կհանենք ու ավելի կխորացնենք խնդրի կնճիռը:
Դառնանք մեր «հերոսներին»։ Առաջին անակնկալը մատուցեց մինչև 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ով առաջին իսկ մենամարտում վայր դրեց աշխարհամասի նախորդ տարվա հաղթողի իր լիազորություններն ու վերածվեց հանդիսականի: Աշխարհամասի անցած տարվա մեր մյուս չեմպիոնը` վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը, դիմացավ մինչև մեկ քառորդ եզրափակիչ: Հրաչիկին նույնությամբ կրկնեց նրա համաքաղաքացի Արտյոմ Խաչատրյանը, ով, ի դեպ, Եվրոպայի անցած տարվա երրորդ մրցանակակիրն է: Մյուսներն ավելի արագ արեցին իրենց «գործը»: Փաստորեն, միակ կռիվ տվողը գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը մնաց (մինչև 60 կգ քաշային կարգ), նրան էլ կիսաեզրափակիչում կանգնեցրեց Թուրքիան ներկայացնող Ֆաթիհ Քելեշը: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ վճռորոշ եղավ «սեփական հարկի» առավելությունը, Թուրքիային առանց մեդալի չթողնելու գործոնը: Ցավոք, մեծ սպորտն ունի նման «թերություններ», իսկ բռնցքամարտն առավել քան սուբյեկտիվ տարրեր պարունակող մարզաձև է:
ՎԵՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒ ԵՐԵՔ ՄԵԴԱԼ
Անհամեմատ հաջողակ եղան ազատոճային մեր երիտասարդ ըմբիշները (ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան), ովքեր աշխարհամասի առաջնությունից վերադարձան մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալով: Առավել հաջողակը մինչև 84 կգ քաշային Վահե Թամրազյանն էր, ով տարավ չորս հաղթանակ և միակ վրիպումը թույլ տվեց վրացի Դաթո Մարսագիշվիլու հետ եզրափակիչ գոտեմարտում: Մեկական վրիպում ունեցան նաև մինչև 55 և 66 կգ քաշային կարգերում հանդես եկած Մաթևոս Սարոյանն ու Գրիգոր Գրիգորյանը, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց, զիջել են Եվրոպայի ապագա չեմպիոններ Վլադիմիր Խինչիգաշվիլուն ու Բայմիրզա Խադիսովին: Եթե Սարոյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում, որին հաջորդեց մեր ըմբիշի հաղթարշավը, ապա Գրիգորյանը պարտության դառնահամը «ճաշակեց» քառորդ եզրափակիչում: Ամենակարևորն այն է, որ մրցակիցներն իրենց հաղթանակներով մեր ըմբիշներին հնարավորություն են տվել պայքարելու մրցանակային երրորդ տեղի համար: ՈՒնենալ վեց մասնակից և բերել երեք մեդալ, այնքան էլ վատ չէ, թեպետ ոսկին ոսկի է մնում և առավել ցանկալի է: Ի դեպ, բրոնզե մեդալով կարող էր վերադառնալ նաև մինչև 60 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, ով, սակայն, հնարավորությունը բաց թողեց ձեռքից` վճռական գոտեմարտում զիջելով լեհ Ռաֆալ Ստատկևիչին:
ԹԻՄԱՅԻՆ 5-ՐԴ ՏԵՂ
Ի տարբերություն ազատոճայինների, Սերբիա մեկնած մեր հունահռոմեականներն ամբողջական կազմով էին ներկայացել աշխարհամասի առաջնությանը: Հակառակ սպասվածի, մեր ընտրանու ավարն անհամեմատ համեստ եղավ: Ամենամեծ անհաջողությունն արձանագրեց մեր ծագող աստղ, աշխարհի երիտասարդների անցած տարվա չեմպիոն ու աշխարհամասի մեծահասակների ընթացիկ տարվա փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը (մինչև 96 կգ քաշային կարգ), ով բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե էր մինչև 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանի ելույթը. նրան էլ բելառուս Անդրեյ Պիկուզայի եզրափակիչ դուրս գալը հնարավորություն տվեց պայքարելու երրորդ տեղի համար:
Պիտի խոստովանել, որ բրոնզե մեդալներով կարող էին վերադառնալ նաև աշխարհամասի պատանիների անցած տարվա փոխչեմպիոն Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Արշակյանը, Ռուբեն Ղարիբյանը (մինչև 50, 66, 74 կգ քաշային կարգեր): Ի դեպ, վերջինս, ով Եվրոպայի պատանիների անցած տարվա չեմպիոնն է, առաջին իսկ գոտեմարտից հանդես էր գալիս դուրս ընկած ուսով, այդպես էլ հաղթեց երկու գոտեմարտում ու միայն բժիշկների միջամտությամբ հանվեց մրցումներից:
«Չլիներ այս միջամտությունը, Ռուբիկն ի վիճակի էր ոչ միայն բրոնզի, այլև ոսկու համար պայքարելու»,- համոզված է հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:
ԴԱՐՁՅԱԼ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
ՈՒրախալի ոչինչ չբերեց Մալթայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ առաջին իսկ մրցամարտից դուրս մնացին Վահագն Հովսեփյանն ու Արսեն Ղազարյանը (մինչև 50 և 60 կգ քաշային կարգեր): Այս մարզաձևում շարունակվում են տխուր ավանդույթները: Հիշենք, որ ոչնչով հուսադրող չէր նաև ընթացիկ տարվա մեծահասակների առաջնությունը, որից մեր մարզիկները վերադարձան ձեռնունայն:
ԱՂՈՏ ՀԵՌԱՆԿԱՐ
Եվրոպական փորձարկում են անցնելու նաև հայ ֆուտբոլիստները: Խոսքը ակումբային մակարդակով մասնակցության մասին է: Շվեյցարական Նիոն քաղաքի ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած 2011-2012 թթ. մրցաշրջանի Եվրոպայի չեմպիոնների լիգայի ու Եվրալիգայի գավաթների որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանության արդյունքներով Եվրոպայի չեմպիոնների լիգայի շրջանակներում երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցելու է չեխական Պլզեն քաղաքի «Վիկտորիայի» հետ (առաջին հանդիպումը հուլիսի 12-ին տեղի է ունենալու Երևանում, պատասխան խաղը, մեկ շաբաթ անց, Պլզենում), իսկ Երևանի «Միկան», «Բանանցն» ու «ՈՒլիսը» հանդես կգան Եվրոպայի լիգայում:
«Միկան» մրցաշարի մեջ կներգրավվի որակավորման երկրորդ փուլից: Հանրապետության այս տարվա գավաթակրի` «Միկայի» մրցակիցը նորվեգական «Վոլերենգան» է: Թիմերը կհանդիպեն նախ Երևանում` «Միկայի» մարզադաշտում, հուլիսի 14-ին, ապա, մեկ շաբաթ անց, մրցակցի հարկի տակ: Ինչ վերաբերում է «Բանանցին» և «ՈՒլիսին», թիմերը երեկ առաջին հանդիպումներն անցկացրին: «Բանանցի» մրցակիցը վրացական Ռուսթավի քաղաքի «Օլիմպին» էր, «ՈՒլիսինը»` հունգարական «Ֆերենցվարոշը»:
Հեղինակավոր այս մրցաշարերում ի՞նչ կարելի է սպասել մեր թիմերի մասնակցությունից: Սկզբունքորեն` ոչինչ: Ակումբային մակարդակով հայկական ֆուտբոլն այն մակարդակում չէ, որ մարզասերը կարողանա լուրջ ակնկալիքներ ունենալ, ուստի արձանագրելիքը միայն մասնակցությունը կարող է լինել, լավագույն դեպքում` հաջորդ փուլ դուրս գալու աղոտ հեռանկարը: Սակայն չմոռանանք, որ խոսքը հայկական ակումբային ֆուտբոլի մասին է, այն էլ` այսօրվա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ