Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԱՅՆ ՄԵԶ ՉԻ ԼՔԵԼՈՒ ՆԱև ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ

ԱՅՆ ՄԵԶ ՉԻ ԼՔԵԼՈՒ ՆԱև ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ
21.01.2011 | 00:00

Ասա անունդ, և կասեմ` ով ես դու։ Սա վաղ անցյալի փիլիսոփաների մտքի նմանակումն է, բայց օգտակար չափի մեջ։ Ինչպես դաստիարակներն են օգտագործում նույն այս միտքը, ասելով. «Ասա` ով է ընկերդ, ու կասեմ, թե ով ես դու»։ Այսինքն` մարդը մեծ մասամբ անգիտակցաբար ընտրում է իր նմանին՝ «Նմանը զնմանս փնտրէ, գտնէ և սիրէ». նախնի վարդապետների եզրահանգումներից է այս։ Իսկ բժիշկներն էլ նմանակում են այսպես. «Ասա` ինչ և ինչքան ես ուտում, ասեմ, թե ինչ հիվանդություն է քեզ սպասում»:
Բայց այս առումով մենք ավելի լուրջ թեմա ենք ընտրել, ինչը, ուզենք, թե չուզենք, մեր ծննդաբանությունից է մեզ ուղեկցում և շարունակվելու է նույնիսկ մահվանից հետո, որն է մեր իսկ անունը։ Այո՛, մի զարմացեք, որ մեր անունը մեզ չի լքելու նաև մահվանից հետո։ Եվ դա մտքի սին պտուղ չէ, այլ աստվածաշնչային խորախորհուրդ ճշմարտություն։ Ասածս հաստատեմ Սուրբ Գրքով. «Աբրահամ», «Իսահակ», «Հակոբ», «Դավիթ», «Մովսես», «Եղիա», «Ղազարոս» և այլ անուններ, որոնց մասին անձամբ վկայեց Հիսուսը, արդեն հանդերձյալում գտնվող որպես կենդանի մարդիկ, որոնք իր ծննդից դեռ շատ առաջ էին մահացել։ Այնպես որ, մեր անունները նաև մահվանից հետո են մեզ պետք գալու, ու երանի թե այն գրված լինի «Կյանքի գրքում», ինչպես Տերն ասաց. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10.20)։ Իսկ Հայտնության գրքում այսպես է շարունակվում մեր անվան խորհուրդը. «Ով հաղթի, ճերմակ պիտի հագնի, և նրա անունը չի ջնջվի Կյանքի Գրքից, և նրա անունը պիտի խոստովանեմ Իմ Հոր առաջ և հրեշտակների առաջ» (Հայտն. 3.5)։
Հին եգիպտացիների «Մեռյալների գիրք» կոչվող գրքում նույնպես կան մարդու անվան կարևորությունը հաստատող գրառումներ։ Բանն այն է, որ հնում եգիպտացիները մարդու անվանը չափազանց մեծ նշանակություն են տվել, նույնիսկ անունը մոգական բանաձև են համարել, քանի որ, ըստ նրանց, մարդու հոգին բնակվում է իր անվան մեջ, ու եթե ուզում ես մոտենալ հոգուն, ապա դա կարող ես անել նրա անվան միջոցով։ Այդպես էլ գրված է «Մեռյալների գրքի» այս տողերում. «Բացահայտվի՛ր ինձ։ Ո՞վ ես դու։ Ո՞Ւր ես գնում։ Ի՞նչ է անունդ»։ Եթե այն արժանավոր հոգի է, ապա անվան միջոցով հանգուցյալը նրանից ստանում է դրական-օգտակար զորություն, որը պաշտպանում է նրան այն աշխարհի փորձություններում։ Իսկ անարժան ու մեղավոր հոգիները ստանում են դիվական-չար էություն, որը նրա տառապանքների պատճառ է դառնում։ Այդ պատճառով եգիպտական քրմերն ունեցել են անունների հմայակներ, որոնք, ըստ նրանց, օգնել են մարդուն։ Դա հեռավոր կերպով հիշեցնում է քրիստոնեական սրբերի անվան միջոցով բարեխոսություններն ու օգնությունները։ Օրինակ, ուղղափառ դավանանքի եկեղեցում ընդունված է, որ մկրտվողներին անպայման սրբերից որևէ մեկի անունով վերանվանեն, որ նրանք օգնական և բարեխոս լինեն այդ մկրտվածին նրա կյանքի բոլոր օրերին. լավ և ընդօրինակելի սովորություն է, որից քչերս ենք օգտվում։
Ժամանակակից գիտնականները նույնպես փորձում են գուշակություններ անել անունների օգնությամբ, դրանց միջոցով որոշել մարդկանց բնավորությունը։ Նման «համարձակները» պնդում են, որ եթե քո անունը սկսվում է այբուբենի վերջին տառերով, ապա դու հայտնվել ես, այսպես ասած, ռիսկային խմբում, և, օրինակ, հնարավոր է երեք անգամ ավելի սրտի հիվանդություն ձեռք բերես։ Սա անվանում են անունների մոգություն, ինչը, իհարկե, սովորաբար կախարդության կամ հմայության ոլորտ է տանում։ Կան ծնողներ, ովքեր, այսպես ասած, գործնական հաջողության մեջ լինելով (խոսքը նյութականի մասին է), հոր անունը նույնությամբ դնում են տղաների վրա, որպեսզի այդ հաջողությունը չընդհատվի ժառանգաբար, իսկ ահա աղջիկների վերաբերյալ այդպես չէ, քանի որ, ըստ այդ նույն մտածելակերպի, մոր անունն աղջկա վրա դնելով, նրան անհաջողության, կամ դժբախտության են մատնում, որովհետև մեծանալուց հետո նրանք ընդհանուր լեզու չեն գտնի։ Հոգեբանները նաև խորհուրդ չեն տալիս աղջիկներին տղամարդկանց անունով կոչել։ Դիցուք, Արմենուհի, Հայկուհի, Բագրատուհի, Տիգրանուհի, Խոսրովդուխտ։ Դրանք սերում են տղամարդկանց անուններից։ Ռուսները, օրինակ, Ալեքսանդրա, Անատոլյա, Եվգենյա են կոչում աղջիկներին, որոնք նույնպես տղամարդկանց անուններից են փոխառվել։
Տղամարդկանց անուններից սերող կանանց անուն ունեցող աղջիկները, ըստ հոգեբանների, դժվարությունների են հանդիպում շրջապատում, տղամարդուն հատուկ կոպտություններ են ձեռք բերում։ Հետևաբար, ինչպես պնդում են հոգեբանները, աղջիկներին պետք է այնպիսի անուններ տալ, որոնք փաղաքշող, նուրբ լինեն և առանց անունն աղավաղելու` կրճատելու հնարավորություն տան, կամ էլ գեղեցիկ ծաղիկներ հիշեցնեն` Հասմիկ, Վարդանուշ-Վարդուհի, Շուշան-Շուշանիկ, Գոհար-Գոհարիկ, Աննա-Անիկ և այլն։
Իսկ ահա արտասահմանցի «հոգատար» մայրիկներից մեկն իր աղջկա համար անունների մի ամբողջ «օժիտ» էր պատրաստել և ութ տարբեր անուններով կնքել նրան, որ մեծանալուց հետո նա ընտրի դրանցից այն մեկը, որն իրեն դուր կգա։ Իսկ ծայրահեղ բարեպաշտ արտասահմանցի բողոքական քրիստոնյաներն իրենց զավակներին երբեմն անվանում են ավետարանական մի ամբողջ նախադասությամբ, որ Աստծո խոսքը չմոռացվի, կամ էլ դրա միջոցով մյուսները տեղեկանան։ Օրինակ, այդ զավակնեից մեկի անունն այսպես է հնչում. «Բազում նեղություններով մենք կմտնենք Աստծո արքայությունը», որը Պողոս առաքյալի խոսքից է վերցված։
Ամերիկայում սոցիոլոգիական ուսումնասիրություն են կատարել և փորձել են ճշտել, թե ինչպիսի հետևանքներ է ունենում մարդու կյանքում անունը, երբ այն տարօրինակ ու երկարաշունչ է լինում։ Նրանք հանգել են այն եզրակացության, որ շրջապատի ծաղրանքով ուղեկցվող այդպիսիների կյանքը հինգ տարով պակաս է լինում մնացած «նորմալ» անուն ունեցողներից։
Զարմանալի եզրահանգման է եկել ռուսաստանցի չինովնիկներից մեկը, որն աշխատում էր խոշոր հիմնարկներից մեկում մարդկանց աշխատանքի տեղավորման բաժնում։ Պատահաբար համադրելով անուններից մեկը, նա հանգում է այն համոզման, որ բոլոր հաջողակ գործարարներն անպայման ունեցել են հիշյալ չորս անուններից մեկը՝ Դմիտրի, Անդրեյ, Սերգեյ, Ալեքսանդր։ Իսկ ահա լավագույն աշխատող կանայք մեծավ մասամբ լինում են Օլգա, Ելենա, Նատալյա։
Իսկ օրինակ Սովետմիության տարիներին կային մարդիկ, ովքեր իրենց երեխաներին անվանում էին Սլավա, Մելսիկ, Մելսիդա, Լենդրոշ և այլ անաստվածության խորհրդաբանություններով։ Բանն այն է, որ այդ անունների տակ թաքնված է եղել աթեիստական աստվածամարտ խորհուրդ, քանի որ «Սլավա» թարգմանվում է փառք, իսկ ըստ Աստծո խոսքի` փառքը միայն Աստծուն է տրվում, իսկ Մելսիկն ու Մելսիդան էլ աթեիզմի հիմնադիրների անվան առաջին տառերից են մոգոնել, այսինքն` Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին, դե Լենդրոշն էլ 70 տարի մեր աչքի առաջ ծածանվող լենինյան դրոշն է` իր մուրճ ու մանգաղով հանդերձ։
Մոլորության այդ տարիներին չտրվելով ամպագոռգոռ լոզունգներին, վաստակաշատ բանասեր-գիտնական Հրաչյա Աճառյանը, նույնպես ընդունելով անունների կարևորությունը և կարևորելով մարդու կյանքում իր անվան ուղեկցությունը, ստեղծել է Հայոց անունների բացատրական չորսհատորյա բառարան, որտեղ ստուգաբանված ու բացատրված է մեր ազգի մեջ օգտագործվող անունների ծագումնաբանությունը։
Ցանկության դեպքում ընթերցողը դրա միջոցով կարող է հետաքրքրվել իր անվան արմատական ստուգաբանությամբ։
Հովհաննես Շիրազն էլ, մարդու անունը կարևորելով, գրել է.
Անուն կա, որ վարդի բույր է,
Կա, որ սարի պարզ աղբյուր է,
Կա, որ քեզ տուն կանչող քույր է,
Կա, որ անուշ մոր համբույր է,
Կա, որ ձեռիդ եղբոր թուր է:
Լավ անունը՝ պատիվը մեր,
Միշտ լավ գործի ծնունդն անմեռ:
Անունների ներքին էության բացահայտման ամենաընտիր տարբերակը, իհարկե, Աստվածաշունչն է, որի մեջ կան հազարավոր անուններ, որոնք լրացնում են գրառված խոսքի ներքին իրական իմաստը։ Ես էլ շատերի նման անտեղյակ էի այդ մասին, բայց քառորդ դար առաջ, երբ Աստծուն գտա և կարդացի Աստվածաշունչը, իմացա, որ այնտեղի մարդկանց անուններն անպայման որևէ հոգևոր խորհուրդ են կրում. լինի դրական, կամ բացասական։ Օրինակ, Ադամը թարգմանվում է հող, երկիր կամ մարդ, Եվան՝ կյանք կամ կյանք տվող, Աբելը՝ սգո շունչ կամ գոլորշի, Հովհաննեսը՝ Աստծո շնորհ կամ Աստծո ողորմություն, Մարիամը՝ Աստծուց սիրված կամ աստղ, Հիսուս Փրկիչ է թարգմանվում, իսկ Քրիստոս Օծյալ է նշանակում, և այլն։ Նույնիսկ Տերն Ինքը Իր մի քանի առաքյալներին նոր անուններ տվեց, որոնք հոգևոր նոր խորհուրդ պետք է կրեին, ինչպես, օրինակ, Սիմոնին Պետրոս վերանվանեց, որ ժայռ կամ վեմ է թարգմանվում, որի հավատի վրա ապագա եկեղեցին պետք է հաստատվեր։ Իսկ Ադամից սկսած ամբողջ մարդկության մեջ մի մեծագույն անունը կա և մնում է Հիսուս անունը, որով մենք փրկվում ենք մահից, ինչպես գրված է. «ՈՒրիշ մեկով փրկություն չկա, քանի որ, Նրանից (Հիսուսից) բացի, ուրիշ անուն չկա երկնքի ներքո մարդկանց մեջ տրված, որով կարողանանք փրկվել» (Գործք 4.12), և դարձյալ «Աստված Նրան (Հիսուսին) շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամենայն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանը խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների, թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տե՛ր է, ի փառս Հայր Աստծո» (Փիլիպ. 2.9-11)։
Իսկ կանանցից ամենաօրհնյալի՝ Մարիամ Աստվածածնի սքանչելի անվանը դարերով գովաբանություններ են արել և անում են մինչ այսօր, քանզի դրան արժանի է մեր բոլորի Մայրը։
Իսկ Հիսուսին հավատացող յուրաքանչյուր քրիստոնյա թող բարի պատերազմ մղի մեղքի ու այս աշխարհի իշխանի՝ սատանայի դեմ ու հաղթող լինի Հիսուսի անունով, քանզի այդպես վարվեցին նախ առաքյալները, որոնք Տիրոջ անունով հեթանոսներին հնազանդեցրին Աստծուն, որովհետև Տերն Իր համբարձվելուց առաջ խոստացել էր. «Եվ ինչ որ ուզեք Իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով»: Եվ Տիրոջ այդ խոսքը նախ ապացուցվեց այսպես. «Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում կեսօրից հետո ժամը երեքի աղոթքի համար: Եվ մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, որ կոչվում էր Գեղեցիկ, և որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրի: Նա տեսնելով Պետրոսին և Հովհաննեսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմություն ստանա: Պետրոսը նրան նայեց Հովհաննեսի հետ և ասաց. «Նայի՛ր մեզ»: Նա դարձավ նրանց, որոնցից ակնկալում էր մի բան ստանալ: Եվ Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ, հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի, վե՛ր կաց և քայլի՛ր»: Եվ բռնելով նրա աջ ձեռքից, վեր կացրեց նրան. և իսկույն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: Նա վեր ցատկեց և սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր և վազվզում ու օրհնում Աստծուն: Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ նրան քայլելիս և Աստծուն օրհնելիս: Եվ նրան ճանաչեցին, թե նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ ողորմություն ստանալու համար. և եղած նշանի վրա զարմանքով լցվեցին» (Գործք 3.1-10)։
Այս նույն առիթով հետաքրքրասեր ընթերցողների համար առաքելահիմք եկեղեցու ավանդություններից մի քանի ավետարանական անձերի անունների մասին եմ գրելու, որպես օգտաշատ տեղեկություններ մեր ունեցած հավատի: Հիսուսին ասողը` «Թույլ տուր գամ Քո հետևից...» (Մատթ. 8.20), եղել է դպիր Սիմոն մոգը, հեռատես կնոջ անունը, որը, դիպչելով Հիսուսի հագուստին, բժշկվել է՝ Ֆոդինա էր, սամարացի կնոջ անունը, որը ջրհորի մոտ զրուցել է Տիրոջ հետ, Լուսինա էր, քահանայապետի տանը հարցաքննելիս Տիրոջն ապտակողը Մաղքոսն էր, աջակողմյան ավազակի անունն էր Դեմաս, իսկ հայհոյողինը՝ Կեստաս, որը կարծում էր, թե դրանով իրեն կազատեն մահապատժից: Հարյուրապետի անունը, որ Հիսուսի խաչելությունն էր ղեկավարում, Տիրոջ կողը խոցելիս, երբ արյուն և ջուր բխեց, մի կաթիլ ընկնելով նրա կուրացած աչքին, իսկույն բժշկվեց, Ղունկիանոս էր (նա հետագայում դարձավ Տիրոջ մեծ վկան և նահատակվեց Քրիստոսի անվան համար): Փիլիպոս առաքյալի ձեռքով առաջին մկրտվողը (Գործք. 8. 38), որ եթովպացի Կանդակա թագուհու գանձապետն էր, Սաբայի թագուհուց ծնված՝ Սողոմոնի սերնդից՝ անունը Փոթամփոս էր (Մեկնություն ավետարանաց). այս ի միջի այլոց, որպես թարմացնող ընթերցանություն:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2072

Մեկնաբանություններ