2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԱՄԵՆ ԲԱՆ, ՈՐ ՏՐՎԱԾ Է ՄԱՀԿԱՆԱՑՈՒԻՆ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ Է»

«ԱՄԵՆ ԲԱՆ, ՈՐ ՏՐՎԱԾ Է ՄԱՀԿԱՆԱՑՈՒԻՆ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԺԵՔ Է»
30.11.2010 | 00:00

Խաչատրյան Շոթա, նույն ինքը` Շախ։ Ապրում է ինքն իրենով և աշխարհով։ Ապրում է ճգնակյացի մեկուսիությամբ և բոհեմիկ անց ու դարձով։ Ապրում է` ամեն օրը փորձելով ծառայեցնել ի վերուստ շնորհված կոչմանը։ ՈՒ, կարծես թե, հաջողում է։
-Շոթա, քեզ դժվար է քաղաքում գտնելը, և արտիստիկ նկարագիրդ ամփոփված է այս կացարանում, ուր ապրում ես, միաժամանակ ստեղծագործում։ Այս մասին, սակայն, քիչ հետո։ Հիմա հիշենք, թե ինչից սկսեցիր և ինչպես։
-Նկարչական խմբակ, հետո` Թերլեմեզյանի անվան ուսումնարան։ Հետո լուրջ պատվերների իրականացմանն եմ մասնակցել նկարիչներին քաջ հայտնի «Իզոկոմբինատում»։ Ընդունվել էի նկարիչների միության երիտասարդական սեկցիա, «Իզոկոմբինատում» խճանկարների, վիտրաժների, այլ գեղանկարչական աշխատանքների մեջ էի թրծվում։ Նախնական կողմնորոշումս գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժին ինձ ուղղորդեց, հետո փոխադրվեցի գեղանկարի բաժին։ Այսպիսով, մուտքս կերպարվեստ բուռն էր, արդյունավետ, փնտրտուքներով ու ձեռքբերումներով հագեցած։ Ծանոթությունս դիզայնին շատ բան տվեց, չնայած ես «ծնունդով» քանդակագործ եմ։ Սակայն գեղանկարչության և գրաֆիկայի հանդեպ սերս ավելի խորքային էր։ Մի խոսքով, ճանապարհս շատ է նման եղբայրակից-նկարիչների անցած ուղուն։
-Քանդակագործ և դիզայներ չդառնալն ու դրա հետևանքները քո ներաշխարհում ի՞նչ տվեցին ու ի՞նչը խլեցին։
-Որքան ինձ հիշում եմ, քանդակել եմ, միշտ սիրել եմ ձևը, կառուցվածքը, քարի ու մետաղի զարմանալի ներդաշնակությունը ներաշխարհիցդ բխող մեղեդիներին։ Սակայն ինձ քանդակագործությունից հետ պահեց... տագնապս քանդակների շուրջ տիրող, ըստ իս, խառնափնթոր, ոչ հավաք պայմանների նկատմամբ (թող ներեն ինձ շատ հարգելի արձանագործ-վարպետները)։ Ես հակված եմ ձևի ու բովանդակության դաշնության, պահի ապրումդ պահի տակ ավարտուն մտահղացման տեսքով ընկալելուն։ Ինչպես լինում է, երբ վրձնահարվածդ տեղ է հասնում, երբ գիծը մի անցումով ավարտում է ասելիքդ։
-Ասացիր, որ աշխատել ես նշանավոր «Իզոկոմբինատում»։
-Խճանկար էինք անում Զորիկ Միրզոյանի հետ։ Այդ աշխատանքը Միքայելյանի անվան սրտաբանական ինստիտուտի ճակատային մասի վրա է։ Հետո Մասիս Գրիգորյանի էսքիզի հիման վրա խճանկարներ կերտեցինք Երևանի մանկապարտեզներից մեկում, հետո ինքնուրույն խճանկար հեղինակեցի պրոֆտեխնիկական մի ուսումնարանում։ Այնուհետև վիտրաժի բարձրակարգ վարպետ Համբարձումի հետ Մարգարյանի անվան հիվանդանոցում ձևավորում իրականացրինք։ Այսինքն, ի սկզբանե համագործակցել եմ հիանալի արվեստագետների հետ։ Եվ դա, իհարկե, հետք է թողնում, բարի ու դրական հետք։
-Խորհրդային և անկախական Հայաստանում նկարիչները տարբեր իրականությունում են ապրել ու ստեղծագործել։ Քո պարագայում ինչպիսի՞ն էր կյանքը մինչև երկրի անկախացումը և դրանից հետո։
-Անկախությունը նկարչի, առհասարակ արվեստի մարդու էությունն է։ Նկարիչն անկախ է ցանկացած հասարակական կացութաձևում, քանզի արվեստի մարդուն այս ամենն ի վերուստ է շնորհված։ Պարզապես նախկինում նկարիչը հոգածություն էր զգում պետության կողմից։ Պատվերներն ամենուր էին, լավ էին վարձատրվում և, մասնավորապես, ինձ հնարավորություն ընձեռեցին բազմաթիվ կտավներ ստեղծել ու պահպանել դրանք։ Հիմա վիճակն այլ է։ Բայց այդ մասին չխոսենք։ Ես արվեստագետ եմ ու ցանկացած պայմաններում պարտավոր եմ աշխատել։ Իսկ ներկ, վրձին ու կտավ, Աստծո զորությամբ, միշտ էլ ճարվում է։
-Շոթա, ապրում ես մեկուսի, ճգնակյաց մանրանկարչի, ծաղկողի առանձնությամբ։ Սակայն դուռդ բաց է, ելումուտդ էլ, կարծես, անվերջ։
-Ես շնորհակալ եմ իմ արվեստը գնահատողներին։ Այցելում են, հաճախ լուռ և ուշադիր դիտում, երբեմն հարցեր են տալիս, երբեմն, առանց որևէ բան ասելու, լուռ հեռանում։ Երբեմն հարցնում են` ինչու եմ կտրված կյանքից։ Ըստ նրանց` մայրաքաղաքային կենտրոններում հազվադեպ եմ երևում։ Բայց չէ՞ որ ամեն բան, որ տրված է մահկանացուին, տիեզերական արժեք է, նկարիչ է նա, թե համեստ մի աշխատավոր։ Յուրաքանչյուրը տիեզերքից ստացածը փոխանցում է աշխարհ։ Իմ այս կացարանում ես մարդկանց հետ եմ, երկրիս հետ, քաղաքիս հետ։ Եվ կտավներիս միջոցով Աստծո շնորհը փորձում եմ հնարավորինս անկեղծ ձեզ փոխանցել։ Ահա կավարտվի մեր զրույցը, ու մի թաս անապակ գինու շուրջ կմիավորվեն արվեստաբանը, նկարիչը և լրագրողը։ ՈՒ մեր այս համեստ հանդիպումը կդառնա մեր պատվական ընթերցողի սեփականությունը նաև։ Դավթաշեն թաղամասի բարձրահարկի այս կացարանս և՛ տուն-արվեստանոց է, և՛ ցուցասրահ։ Նաև «Սկվազնյաչոկին» է փոխարինում։ ՈՒ երբ ստեղծագործում եմ, ես դադարում եմ Շոթա լինելուց, ես ծառայության մեջ եմ, ծառայության` ազգի, հասարակության ու այն վիթխարի ավանդույթների առջև, որը տեսեք, թե ի՜նչ ճանապարհներ է հարթել ու, այնուամենայնիվ, ի՜նչ հզոր ու սքանչելի ժառանգություն է փոխանցել մեզ։ Իսկ մի՞թե մեզ չի մնում կարևոր մի բան` մեր համեստ լուման ներդնել այս գանձարանում։ Առհասարակ հայ արվեստագետը, անկախ տաղանդի փայլատակումից և հռչակից, պիտի միշտ իր մեջ կրի շատ կարևոր մի բան. ինքը մտածող, արարող և կերտող հայ տեսակի ներկայացուցիչն է։ Ով ինչպես կընդունի, բայց ես խոնարհվում եմ, խոնարհվում եմ այն մեծ, տիեզերքից իջնող արարման առջև, որը երեկ ու այսօր ու նաև վաղը հայ տեսակի պահապանը պիտի լինի։ ՈՒ նկարելիս, հավատացեք, և՛ հայ մշակի, և՛ վարպետ-արհեստավորի, և՛ բանաստեղծի ու նկարչի, և՛ հարևան բակի ամենաչար մանչի աներևույթ պատգամներն եմ կրում ու կտավին փոխանցում։
Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ